«Մանասի» ռազմաբազան փակվելու է
Ղրղըզստանի խորհրդարանը երեկ հաստատել է կառավարության որոշումը՝ ամերիկյան «Մանաս» ռազմաօդային բազան փակելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հունվարի վերջին Ղրղըզստանի կառավարությունը որոշել էր 6 ամսվա ընթացքում փակել ռազմաբազան, որը Աֆղանստանում գործող արեւմտյան կոալիցիայի համար թիկունքային ապահովման առանցքային կետերից մեկն է: Անկախ վերլուծաբանների կարծիքով՝ պաշտոնական Բիշքեկը ամերիկացի զինվորականներին երկրից դուրս է հրավիրում ռուսական կողմի ճնշման ներքո: Մասնավորապես, Ղրղըզստանի կառավարությունը այս որոշումը կայացրեց նույն օրը, երբ Ռուսաստանը հայտարարեց երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, սակայն, հերքում է ռուսական կողմի ներգրավվածության մասին բոլոր պնդումները, հայտարարելով, թե միակ խնդիրը «Մանասի» օգտագործման դիմաց ամերիկյան կողմի վճարած ցածր գինն է: «Որեւէ քաղաքական հարց կամ տարաձայնություն Ղրղըզստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գոյություն չունի: Խնդիրը զուտ տնտեսական է: Թե՛ Քոնդոլիզա Ռայսին, թե՛ պաշտպանության նախարար Գեյթսին, թե՛ Բիշքեկ ժամանած ամերիկացի սենատորներին ես շարունակ ասել եմ՝ եկեք վերանայենք համաձայնագրի դրույթները, ժամանակներն են փոխվել, գներն են, ի վերջո, փոխվել»,- ասել է Ղրղըզստանի նախագահը:
Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվեցին
Ժնեւում Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մեջեւ ընթացող բանակցությունները, որտեղ միջնորդի դերում էին հանդես գալիս ԵՄ-ն, ԵԱՀԿ-ը եւ ՄԱԿ-ը, երեկ ավարտվեցին հարաբերական հաջողությամբ, հաղորդում է BBC-ին: Ըստ ԵՄ ներկայացուցիչ Պիեր Մորելի, կոնսենսուսի հաստատումը անվտանգությանն ու կայունությանն ուղղված կարեւոր քայլ է: Հանդես գալով լրագրողների առաջ՝ Մորելը նշեց, որ կողմերը համաձայնեցրել են հետագա միջադեպերը կանխելու մեխանիզմները: Նրանք նաեւ պայմանվորվել են հանդիպել շաբաթը առնվազն մեկ անգամ՝ տարածաշրջանի անվտանգության խնդիրները քննարկելու համար: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը ընդգծեց, որ փաստաթուղթը կրում է հիմնականում շրջանակային եւ խորհրդատվական բնույթ: «Սակայն քաղաքական իմաստով՝ պայմանավորվածությունները շատ կարեւոր են եւ կոչված են կառուցելու ավելի կանխատեսելի, ավելի հանգիստ հարաբերություններ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ»,- նշեց Կարասինը: BBC-ին հաղորդում է նաեւ, որ դա նման շրջանակներում անցկացվող 4-րդ հանդիպումն է, որոնցից 1-ինը տեղի է ունեցել հոկտեմբերին եւ ամբողջությամբ տապալվել է, քանի որ Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները հրաժարվել են նստել նույն սենյակում: Տարաձայնությունները, սակայն, այժմ էլ պահպանվում են. Վրաստանը գտնում է, որ իր տարածքը բռնազավթվել է, իսկ Մոսկվան ցանկանում է սահմանափակել Վրաստանի ռազմականացումը եւ չի պատրաստվում հրաժարվել 2 հանրապետությունների անկախության ճանաչումից:
Սկսվել է կոշիկ շպրտողի դատը
Իրաքի կենտրոնական քրեական դատարանում երեկ սկսվել է «Ալ Բաղդադիա» հեռուստաընկերության լրագրող Մունթազեր ազ- Զեյդի դատաքննությունը: Վերջինս Բաղդադում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ շպրտել էր իր կոշիկները: Ըստ newsru.com-ի, ազ-Զեյդիին մեղադրում են օտար պետության ղեկավարի վրա հարձակման համար, եւ այդ մեղադրանքով նրան սպառնում է 15 տարի ազատազրկում: Լրագրողի փաստաբանները պնդում են, որ նա պարզապես արտահայտել է իր կարծիքը մի երկրում, որտեղ 2003 թվականի ամերիկյան ներխուժումից կրքերը դեռ չեն հանդարտվել: Եթե դատարանը հաշվի առնի պաշտպանության դիրքորոշումը, ապա պատժաժամկետը կարող է կրճատվել մինչեւ 2 տարի, սակայն փաստաբանների խմբի ղեկավարը լրագրողների խմբին ասաց, որ պնդելու է ազ-Զեյդիի լիակատար արդարացման վրա: Ըստ նրա, Ջորջ Բուշը ոչ մի վայրկյան լուրջ վտանգի չէր ենթարկվել իր պաշտպանյալի գործողությունների պատճառով: «Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ որեւէ մեկը մահանա կոշիկի հարվածից,- հարցնում են լրագրողի փաստաբանները:- Եվրոպայում վիրավորելու համար շպրտում են փտած ձվեր կամ լոլիկներ, իսկ ահա Իրաքում անհարգալից վերաբերմունքի խորհրդանիշ է կոշիկ շպրտելը»: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 14-ին իր կոշիկը Ջորջ Բուշի ուղղությամբ շպրտելով՝ լրագրողը բղավել է. «Ահա քեզ վերջին համբույրը, շուն»:
Բուշը հետագայում կատակել է, որ հասցրել է տեսնել, թե կոշիկը 44 համարի է: