Մեկնարկեց «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» խորագրով գիտաժողովը:
«Երկիր ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք ճանաչում». այս խոսքերն ասված են շուրջ մեկ դար առաջ, որոնց հեղինակն է, ինչպես ինքն է իրեն կոչում, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գրողի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկ տեղի ունեցան մի խումբ միջոցառումներ: Դրանց շարքում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Հ. Թումանյանի տուն-թանգարանի կազմակերպած «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» խորագրով գիտաժողովը: Զեկուցողներից յուրաքանչյուրն իր խոսքում փորձեց տարբեր տեսանկյուններից «բացահայտել» գրողի հրապարակախոսությունը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց. «Մեր ինքնության մասին Թումանյանի դիտարկումներն այսօր էլ են արդիական: Գլոբալացող աշխարհում նա մեզ հուշում է ազգային ինքնությունը պահելու եւ ինքնաճանաչման հետ աշխարհաճանաչման գաղտնիքը: Թումանյանը մտահոգություն ուներ, որ մեզ խանգարում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին թշնամին, հոգու մաղձը, տգիտությունը, չարակամությունը եւ համոզված էր, որ վաղվա մեջ գոյատեւելու համար ինքնամաքրում է պետք, բյուրեղացում, պիտի ինքներս գիտակցենք ներքին մաղձը եւ ձերբազատվենք ներքին թշնամուց»: Թումանյանն իր հրապարակախոսության մեջ անդրադառնում է նաեւ կրթության, մանկավարժության, գրագիտության հարցերին, ուսուցչի նյութական վիճակին: Այդ թեմաներին են նվիրված «Ուսուցչի ռոճիկը», «Պետք է բարձրացնել», «Ուսուցչի դատը» հոդվածները: Թումանյանն առաջիններից էր, որ հետամուտ եղավ հայկական ակադեմիա ստեղծելու գործին, երազանքներից էր հայոց համալսարան ունենալը:
«Առավոտը» զրուցեց բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Անահիտ Բրուտյանի հետ, ով հանդես եկավ «Կրթության հիմնախնդիրները Հ. Թումանյանի հրապարակախոսության մեջ» թեմայով զեկուցմամբ: Նա ասաց. «Չնայած, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, Թումանյանը մանկավարժական բարձրագույն կրթություն չէր ստացել տարբեր եվրոպական երկրներում, բայց մանկավարժ էր բառիս բուն իմաստով: Նա դեմ է արտահայտվում հատկապես դպրոցներում տիրող կամայականություններին: Թումանյանը հատու խոսքով է վերաբերվում ուսուցիչների գրագիտությանը. զայրանում է, որ նրանց մեծ մասը թերիմացությամբ են մտնում դասարան, ինչի արդյունքում շրջանավարտների գրագիտության պակաս է նկատվում»: Թումանյանի հրապարակախոսության մեջ քննադատության առարկա են դառնում նաեւ կրթական հաստատությունների տգետ հոգաբարձուների արհամարհական վերաբերմունքը դեպի ուսուցիչը, այնպիսի արատավոր երեւույթ, ինչպիսին է Թիֆլիսի առաջին արական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի կողմից ուսուցչին՝ «2» նշանակելու պատճառով դաշույնով սպանելը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանն էլ Թումանյանի հրապարակախոսությանն անդրադարձավ լրագրագիտության տեսանկյունից. «Թումանյանի հրապարակախոսությունը լիարժեքորեն համապատասխանում է արդի լրագրագիտական սկզբունքներին: Այժմ մշակում ենք տեղեկատվական միջավայրի պաշտպանությանը միտված մեխանիզմներ, բայց Թումանյանը ժամանակին իր մեջ կրել է այդ բոլոր մեխանիզմները: Օրինակ՝ պատերազմական իրավիճակում նա եւ ներկայացնում է իրադարձությունները, եւ հրապարակում այնպես, որ դրսից օգնություն լինի, իսկ մյուս կողմից էլ իրավիճակը հանգիստ է պահում ներսում: Թումանյանի հրապարակումները միտված են հայկականը պահելուն, բայց մատը հաճախ դնում է ամենացավոտ վերքերի վրա, ինչը անում է բացերը ուղղելու միտումով»: Գիտաժողովից բացի, երեկ տեղի ունեցավ օրվան հատուկ՝ գիրք նվիրելու միջոցառում, իսկ այսօր գիտաժողովը կշարունակվի արդեն Հ. Թումանյանի տուն-թանգարանում: