Ընթերցողներն այսուհետեւ ունեն իրենց «մարդը»՝ «Առավոտում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 13.02.09) փետրվարի կեսից «Առավոտի» ընթերցողներն ավելի «պաշտպանված» կլինեն: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ստանձնել է «Առավոտի» Մամուլի օմբուդսմանի կամ՝ Ընթերցողների խմբագրի պարտականությունները: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ համար եւ ինչպե՞ս է իրականացվելու: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք մեր, ավելի ճիշտ՝ ձեր, սիրելի ընթերցողներ, օմբուդսմանին:
«Վաղուց ժամանակն է, որ մեր մամուլում ներդրվեն ինքնակարգավորման այն մեխանիզմները, որ աշխարհում գործում են: Այդ մեխանիզմներին անցնելու առաջին քայլերից մեկը 2007-ին մոտ 35 լրատվամիջոցի ստորագրած վարքականոնն էր, որից հետո ընտրվեց Դիտորդ մարմին, որը քննում է նախաձեռնությանը միացած ԶԼՄ-ների դեմ բողոքները: Ինքնակարգավորման ձեւերից մյուսը «նյուզ-օմբուդսմանը» կամ ընթերցողների խմբագիրն է, որը հետեւում է էթիկայի կանոնների պահպանմանը՝ կոնկրետ լրատվամիջոցում: Աշխարհում ընդունված է, որ ընթերցողների խմբագիրն անկախ է խմբագրությունից: Նրան նշանակում եւ վարձատրում են լրատվամիջոցի սեփականատերերը, բայց նա որեւէ կերպ կախված չէ խմբագրից: Ինձ հատկապես հետաքրքրում է ամենահայտնիներից մեկի՝ «Գարդիան» թերթի օմբուդսման Յան Մեյսի փորձը. նա անկախ է խմբագրից, եւ ամեն շաբաթ թերթում ունի իր սյունակը, որտեղ գրում է այս կամ այն խնդրի մասին, ուղղումների տեքստերն է գրում, եւ նրա հոդվածներին խմբագիրը որեւէ միջամտություն անելու իրավունք չունի: Ընթերցողի վստահությունը թերթի նկատմամբ մեծանում է, երբ գիտակցում է, որ կա ինչ-որ մեկը, որը հետեւում է, որ անճշտություններ չլինեն»,- ասաց պարոն Հարությունյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ հատկապես «Առավոտում» է հայտնվելու ընթերցողների օմբուդսմանը, եւ ի՞նչ ձեւով է իրականացնելու նա իր աշխատանքը մեր թերթում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Այսօր տպագիր լրատվամիջոցներից «Առավոտը» միակն է, որն ունի սեփական էթիկական կանոնագիրք, բացի այդ, «Առավոտն» այն քիչ տպագիր ԶԼՄ-ներից է, որ նշածս 35-ի թվում միացել է ինքնակարգավորման նախաձեռնությանը ու, փաստորեն, երկու էթիկական կոդեքսով է առաջնորդվում: Հետեւաբար, այստեղ աշխատելն ավելի նպատակահարմար է. թերթն ունի կանոններ, եւ ես հետեւելու եմ, թե արդյո՞ք թերթի աշխատակիցները հետեւում են իրենց իսկ ստորագրած կանոններին: Առաջարկ եղավ «Առավոտին», եւ Արամ Աբրահամյանը, որ թերթի խմբագիրն է եւ սեփականատերը, համաձայնեց: Պայմանավորվեցինք, որ «Առավոտի» օմբուդսմանն այս փուլում՝ առաջիկա 1-2 տարում չի վարձատրվի «Առավոտի» կողմից, որ ամբողջովին անկախ լինի, ընթերցողները հասկանան, որ իրենց շահերի ներկայացուցիչը խմբագրությունում լրիվ անկախ է»: Ինչ վերաբերում է օմբուդսմանի գործունեության հիմքերին, ապա դրանք «սնվելու» են երկու աղբյուրից, որոնք են՝ ընթերցողների դժգոհություն-բողոքները եւ իր՝ Մ. Հարությունյանի անձնական նախաձեռնությամբ հայտնաբերած փաստական սխալները. «Եթե «Առավոտի» որեւէ ընթերցող համարի, որ այս կամ այն հրապարակմամբ ոտնահարվել են իր շահերը, եւ խմբագրությունը համապատասխան արձագանք չի տվել, այսինքն, ինքը դիմել է լրագրողին՝ պատասխան, հերքում հրապարակելու համար եւ արձագանք չի ստացել, կարող է դիմել ինձ, եւ ես, քննելով այդ բողոքը հոդվածագրի հետ, վերլուծելով «Առավոտի» էթիկական կանոնագրքի, լրատվամիջոցների ստորագրած վարքականոնների եւ ՀՀ օրենսդրության հետ, կտամ իմ եզրակացությունը՝ պե՞տք է դա հրապարակել, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա՝ ի՞նչ ձեւով: Լինելու են նաեւ սեփական նախաձեռնությամբ քայլեր, որոնք կօգնեն, որ հրապարակումներն ավելի համապատասխանեն ձեր իսկ ստորագրած վարքականոններին: Պայմանավորվել ենք Արամ Աբրահամյանի հետ, որ ես ամիսը 1-2 անգամ սյուն եմ ունենալու թերթում, եւ նկատածս բացթողումները կամ փաստական սխալները, որոնք հարկ կհամարեմ հրապարակային քննարկման դնել, տեղ են գտնելու այդ սյունում: Գումարած ուղղումները՝ եթե տեսնեմ, որ թերթում, ենթադրենք, որեւէ տեղանվան սխալ կա, բնականաբար, այդ ուղղումը տալու եմ: Երբ լինի այդ սյունակը, ընթերցողը կիմանա, որ այդ տեղում կարող է կարդալ նախորդ ամսվա կամ երկու շաբաթվա ընթացքում թերթում տեղ գտած փաստական սխալների ուղղումները: Հիմա, երբ «Առավոտը» 16 էջով է լույս տեսնում, համոզված եմ, որ գլխավոր խմբագիրը բոլոր նյութերը չէ, որ կհասցնի ուշադիր կարդալ մինչեւ տպագրվելը եւ բոլորում չէ, որ կնկատի հակասական բաները: Այստեղ օգնության է գալիս ընթերցողների խմբագիրը՝ ես, որ ոչ թե գրաքննիչ եմ, այլ՝ խորհրդատու, քանի որ կարդալու եմ ոչ թե մինչեւ տպվելը, այլ՝ դրանից հետո»: Մեր հաջորդ հարցին՝ հայաստանյան թերթերի ներկայիս շուկայում որքանո՞վ է հավանական, որ այս փորձի հաջողության դեպքում, մյուսներն էլ որոշեն օմբուդսման ունենալ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Այն թերթերը, որոնք չունեն որեւէ էթիկական սկզբունքներ կամ առաջնորդվում են իրենց՝ չգրված սկզբունքներով, դժվար թե գնան այդ քայլին, բայց նրանք, որոնք ուզում են աշխատել որոշակի կանոններով, գուցե ցանկանան: Այս ինստիտուտը կկայանա այն դեպքում, երբ սեփականատերերը հասկանան, որ մամուլը բիզնես է, եւ բիզնեսի համար օգտակար է ունենալ իրենց ընթերցողների շահերի պաշտպան, երբ հասկանա, որ թերթի պատվիրատուն ընթերցողն է, ոչ թե՝ ինքը, որ թերթը ապրանք է, եւ պետք է անել այնպես, որ լավ սպառվի, իսկ սպառողը՝ ընթերցողը, պիտի իմանա, որ իր շահերը պաշտպանված են»: Իսկ ինչո՞ւ հենց Մեսրոպ Հարությունյանը դարձավ «Առավոտի» Ընթերցողների խմբագիր: Այս հարցին նա տվեց հետեւյալ պատասխանը. «Սա մեր՝ խոսքի ազատության պաշտպանության ծրագրի շրջանակներում լրացուցիչ պարտավորություն է, այսինքն, ես դա անում եմ հասարակական հիմունքներով: Վստահ եմ, մարդիկ կլինեն, որ կասեն՝ դու էլ ես խախտել էթիկայի կանոնները: Այո, ես էլ եմ ժամանակին, երբ խմբագիր էի, խախտել էթիկական ինչ-որ սկզբունքներ: Ոչ ոք անսխալական չէ, բայց ժամանակի ընթացքում եկել եմ այն եզրահանգմանը, որ ճիշտն, այնուամենայնիվ, էթիկական ժուռնալիստիկան է, որն ուղղված է դեպի ընթերցողը»:
Հ. Գ. Այսուհետեւ, սիրելի ընթերցողներ, եթե համարեք, որ ձեր շահերը ոտնահարվել են «Առավոտի» էջերում, կարող եք դիմել Մեսրոպ Հարությունյանին [email protected] էլեկտրոնային հասցեով, այցելել Արշակունյաց 2, 2-րդ հարկ 200/2 սենյակ կամ զանգել՝ 52 17 75 +419 համարով: