Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամներն ուշադրության են արժանի

Փետրվար 20,2009 00:00

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովն ամփոփել է անցած տարվա արածն ու նախանշել այս տարվա անելիքը:

Անցած տարվա փետրվարի 9-ին ՀՀ կառավարությունը որոշեց բոլոր մարզպետարաններում ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովներ: Մենք փորձեցինք պարզել, թե անցած մեկ տարում ինչ է արվել Վայոց ձորում: Այստեղ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովում, հաշմանդամներին մատչելի միջավայր, ինքնադրսեւորվելու եւ կրթվելու պայմաններ ստեղծելու համար, աշխատում են մարզպետարանի, պետական այլ կառույցների, հաշմանդամների խնդիրներով զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչներ: Մարզի մի շարք համայնքներում արդեն որոշակի քայլեր արվել են:

Վայոց ձորի մարզում ապրում է 2512 հաշմանդամ, անցած տարի 39 մարդ պրոթեզավորվել է, 13-ը ապահովվել է սայլակներով:

Եղեգնաձորի քաղաքապետարանը ձեռք է բերել անհրաժեշտ քանակությամբ լսողության թվային ապարատներ, հաշմանդամին տարածք է հատկացվել կոշիկի վերանորոգման արհեստանոց կառուցելու համար, «Գիտելիք» համալսարանում, թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցներում կառուցվել են թեքահարթակներ, իրականացվել է «Դեպի կրթություն բոլորի համար» ակցիա, անցկացվել է «Հաշմանդամությունը օրենսդիր դաշտում» թեմայով դասընթաց:

Առողջարանային կենտրոն Ջերմուկի քաղաքապետարանն առանձնակի կարեւորում է թեքահարթակների կառուցումը. «Դրանց անհրաժեշտությունը մեծ է հատկապես կամուրջների վրա եւ ըմպելասրահի տարածքում: Թե ամռանը, թե ձմռանը հաշմանդամները հաճախ են զբոսնում, ժամանակն անցկացնում այս վայրերում, նրանք ազատ տեղաշարժվելու հնարավորություն պետք է ունենան»,- կարծում է Ջերմուկի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի ղեկավար Գ. Գրիգորյանը:

Վայքում եւս ուշադրության կենտրոնում հաշմանդամների համար քաղաքաշինական համապատասխան պայմանների ապահովումն է: Անցյալ տարի Վայքի փողոցներում թեքահարթակներ են կառուցվել: Բացի դրանից, թեքահարթակներ են կառուցվել մեկ բնակելի շենքում ու հինգ առեւտրասրահներում: Ընթացիկ տարվա ծրագրում նախատեսված է կառուցել 18 թեք հարթակ՝ ընդհանուր իրավասության դատարանի շենքում, հասարակական սպասարկման օբյեկտներում ու բոլոր առեւտրասրահներում:

Հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամ երեխաներին: «Մարզի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում սովորող հաշմանդամ երեխաներին ապահովել ենք անվճար դասագրքերով»,- տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Վ. Իսախանյանը: Մարզում հաշմանդամ երեխաների թիվը 231 է, որից 130-ը դպրոցահասակ է: Ներառական կրթություն է ստանում 22 երեխա, 6-ը՝ տնային ուսուցում:

«Անելիքները շատ են: Քաղաքային 3 համայնքներում էլ՝ Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, քաղաքապետերը պարտավորվել են տրանսպորտի, սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները եւ բնակելի շենքերը հարմարեցնել հենասայլակներից օգտվող հաշմանդամների պահանջներին: Աշխատանք է տարվելու զբաղվածության տարածքային կենտրոնների ու ձեռնարկատերերի հետ՝ արտադրական ձեռնարկություններում համապատասխան աշխատատեղերի ստեղծման համար»,- ասաց հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Մ.Հարությունյանը:

Մարզպետարանը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ հաշմանդամներին անվճար առողջարանային ուղեգրերով ապահովելու հարցը լուծելու համար: Սրանից բացի, Վայոց ձորի մարզպետարանը որոշել է պարբերաբար կազմակերպել հաշմանդամության ու ժառանգական հիվանդությունների հայտնաբերման եւ կանխարգելման վերաբերյալ միջոցառումներ, եւ հանրապետական առողջապահական հիմնարկներից հրավիրել բարձրորակ մասնագետներ՝ տեղում բժշկական աջակցություն ցուցաբերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել