Վերջին մի քանի տարիներին ճանապարհաշինությունը Հայաստանում մեծ թափ է առել
Տարբեր բարեգործական եւ գրանտային ծրագրերով վերակառուցվել են Հայաստանի գրեթե բոլոր կարեւոր՝ միջպետական, մարզային, միջմարզային եւ ռազմավարական համարվող ճանապարհները: Ու ամեն նոր իրականացվող ծրագրի հետ մեծ հույսեր էր կապում նաեւ հեռավոր՝ Ադրբեջանին սահմանակից Ճամբարակը: Սպասում ու մինչ օրս էլ սպասում են սեփական՝ միջմարզային եւ ռազմավարական ճանապարհների վերակառուցմանը:
Սոցիալական բազմաթիվ հոգսերից բացի, այսօր ճանապարհաշինությունը ճամբարակցու համար առաջնային խնդիրներից է: Իսկ ի՞նչ է տեսնում առաջին անգամ Ճամբարակ մտնողը: Առաջինը՝ քարուքանդ ճանապարհներ, որոնց ծուռումուռ դարուփոսերն ավելի շատ խրամատներ են հիշեցնում: Պատճառաբանվում է, իհարկե, թե Ճամբարակը սահմանամերձ է եւ ժամանակին ռմբակոծվել է: Հրադադարի հաստատման հեռավոր 1994-ից տարիներ են անցել, իսկ ճանապարհները մնում են դեռեւս անմխիթար վիճակում՝ ի հակադրություն Երեւանում իրար հետեւից ժապավեններով ու ծափահարություններով բացվող հերթական ճանապարհի կամ կամուրջի:
Երբ փորձեցինք Ճամբարակի Ճանապարհաշինության վարչությունից տեղեկանալ, թե ապագայում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու՝ այս չարչրկված հարցին լուծում տալու համար, վարչության պետը խնդրեց իրենից ավելի բարձրին դիմել. «Ես ո՞վ եմ, որ…»: Փորձեցինք դիմել նաեւ վերջերս վերընտրված քաղաքապետին, բայց նա էլ ասելիք չուներ: Իսկ հասարակ ճամբարակցին գիտե: Գիտե նաեւ նախապատմությունը. «Նախկինում ուզում էին «Լինսի» հիմնադրամի հատկացրած միջոցներով վերանորոգել, հետո ասեցին՝ պետբյուջեից հատկացվող գումարներով պետք է նորոգեն, բայց, չգիտես ինչու, ոչ մեկն էլ չիրագործվեց: Դրանցից հետո խոստացել էին Ճամբարակի ճանապարհի հարցը լուծել «Հազարամյակի մարտահրավերների» փողերով: Այս փողերն էլ «սառեցին» մարտի 1-ից հետո»:
Զրուցակիցս ճանապարհների անտանելի վիճակը ավելի ընդգծելու համար մի դեպք պատմեց. «Երբ ՀՀ ներկայիս նախագահը նախընտրական քարոզչության համար այցելել էր Ճամբարակ, մեքենան շարքից չհանելու համար՝ Երեւան վերադարձավ ուղղաթիռով»:
Որոշակի աշխատանք արվել է ու մնացել կիսատ. Ճամբարակ-Դիլիջան ճանապարհին հողային աշխատանքներ են կատարվել, իսկ Դրախտիկից Ճամբարակ տանող ճանապարհի սկզբնամասն է միայն ասֆալտապատվել: Հույսը մնում է այս տարվա վրա: Այս տարի կառավարության որոշմամբ համայնքային ճանապարհների վերանորոգման համար պետբյուջեից 17 մլն դրամ կհատկացվի: Մեկ էլ հույս կա, որ այնուհանդերձ կտրամադրվեն «Հազարամյակի մարտահրավերների» գումարները: