Վերանայում է բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պալատը մերժել է ռուսական իշխանությունների գանգատը՝ ընդդեմ Սերգեյ Զոլոտուխինի: Վկայակոչելով Զոլոտուխինի պաշտպան Կիրիլ Կորոտեեւին, ռուսական «Գազետան» գրում է, որ պալատի որոշումը շատ կարեւոր է, քանի որ այն չի թույլատրում 2 անգամ դատվել մեկ օրինախախտման համար: «Զոլոտուխինը նախ վարչական պատասխանատվության է ենթարկվել, ապա նույն հիմքով էլ հարուցվել է քրեական գործ: 7 դատավորներից բաղկացած պալատը գանգատաբերի պահանջը բավարարել է: Այդուհանդերձ, պետության ներկայացուցիչները բողոքարկել են որոշումը: Ռուսաստանը Եվրամիության անդամ դառնալուց հետո, առաջին անգամ է, ինչ ԵԴ պալատը որոշում է կայացրել վերանայել նրա բողոքը»,- ասում է պաշտպան Կորոտեեւը:
Հավելենք, որ պալատը հանդիսանում է Եվրոպական դատարանի բարձրագույն հսկող մարմինը: 17 անդամից բաղկացած պալատի կազմում է ԵԴ նախագահը: Այդ իսկ պատճառով պալատը հաճախ անվանում են «Մեծ պալատ»: Այն վերանայում է կողմերի վճռաբեկ գանգատները, որը կայացվել են ԵԴ դատավորների կողմից:
Ինչպես հայտնեց Կորոտեեւը, ԵԴ-ն այս գործով մեղադրանքը չի փոխել, բայց Զոլոտուխինին հատկացրել է 1500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Իշխանությունները պարտավոր են հոգալ նաեւ նրա դատական ծախսերը:
Մահացավ, ԵԴ-ի՝ իր օգտին վճիռը չիմանալով
ԵԴ-ն Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել փոխհատուցում՝ 4000 եվրոյի չափով, այն հայցի հիման վրա, որով դիմել էր Տոլյատիից Էռնեստ Նովինսկի անունով մի գործարար: Նա 2001թ. դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ իրավապահներին կաշառք տալու, խարդախության եւ խորթ հոր սպանությունը կազմակերպելու համար: ԵԴ դիմում ներկայացնելու հիմնական պատճառը, ինչպես պնդում էր հայցվորը, բանտարկության անտանելի պայմաններն էին: Ինչեւէ, հայցվորը այդպես էլ չհասցրեց լսել իր դատավճիռը. նա մահացավ Սամարայի շրջանի բանտերից մեկում՝ այս տարվա հունվարի 2-ին: Նովինսկիի պաշտպան Օքսանա Պրեոբրաժենսկայայի խոսքերով, «Դատապարտյալներին ստիպում էին ինչպես ձմռան խիստ սառնամանիքին, այնպես էլ ամռանը՝ այրող արեւի տակ, 40 րոպե ֆիզիկական վարժություններ կատարել: Բացի այդ, այն վկաների նկատմամբ, որոնք ցուցմունք էին տվել ընդդեմ բանտի վարչակազմի, ճնշում էր գործադրվել, եւ նրանք ստիպված էին եղել հրաժարվել իրենց ցուցմունքներից: Տվյալ դեպքում փոխհատուցումը կստանա Նովինսկիի այրին՝ Օլգա Նովինսկայան»: