Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մերժել է ցուցարարների խնդրանքը՝ վերանայել դատական ատյանների որոշումները
Իրացման գոտու բնակիչները երդվել են ցույցի հրապարակից չհեռանալ:
«Ես կարող ա՞ կազինոյում եմ տունս կրվել, որ այսքան ժամանակ իմ բողոքներին չեն արձագանքում: Իրենք են ինձ անտուն թողել: Էլ չգիտեմ, թե ինչ անեմ, արդեն մնում է գնամ այս երկրից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պետության կարիքների զոհ դարձած մայրաքաղաքի Աբովյան 1/2 հասցեի բնակիչ Գոհար Պետրոսյանը:
Երեկ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցող իրացման գոտու բնակիչների ցույցի ժամանակ անտուն մնացած հարյուրավոր մարդիկ ասում էին, որ չնայած պարբերաբար հավաքվում ու իրենց բողոքն են արտահայտում, սակայն առանձնապես հույս չունեն, թե իրենց խնդիրները մի օր լուծվելու են: Մեզ հետ զրույցում նրանցից շատերն ասում էին, որ ինչ էլ լինի՝ իրենք ցույցերը չեն դադարեցնելու. «Էնքան ենք կանգնած մնալու, մինչեւ մեզ գործնական քայլեր առաջարկեն»: Բնակիչներից մեկը՝ Ռ. Ղեւոնդյանը, պատմում էր. «Ես հիմա փողոցում եմ մնացել: Մինչեւ հիմա աղջկաս հետ ապրում էի վարձով, իսկ հիմա դրա հնարավորությունն էլ չունեմ»:
Պետության հատուկ կարիքների զոհ դարձած Էդիկ Մեսրոպյանն «Առավոտին» խնդրեց մամուլի միջոցով բարձրացնել իր խնդիրը, քանի որ ինքը պարզապես անելանելի վիճակում է գտնվում. «Ամբողջ ընտանիքս ցրվել է՝ տղաս հանրակացարանում է ապրում, աղջիկս՝ մի այլ տեղ, ես ու կինս՝ առանձին: Ուրիշ ելք չունենք»: Գոհար Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ, որ արդեն քանի տարի է, փորձում է գոնե դատարանի միջոցով խնդիրը լուծել, սակայն՝ ապարդյուն. «Սկզբից դիմել եմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ապա նաեւ վերաքննիչ, հետո էլ՝ վճռաբեկ: Ու ամեն տեղ մերժել են հայցս: Նամակներ եմ հղել նաեւ ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, ու միայն օրերս նախարարությունից ստացել եմ պատասխան, որ իմ դիմումն ուսումնասիրելուց հետո պարզել են հետեւյալը՝ վերոնշյալ ատյանների դատավորները՝ արդարադատությունն իրականացնելիս, թույլ են տվել օրենքների նորմերի խախտումներ»:
Ուշագրավ է, որ նախարարությունից Գ. Պետրոսյանին գրավոր տեղեկացրել են նաեւ, որ խախտումներ թույլ տված դատավորների նկատմամբ չի կարող հարուցվել կարգապահական վարույթ, քանի որ օրենքով լրացել է նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու առավելագույն ժամկետը: Երբ կառավարության շենքից դուրս եկավ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, տիկին Պետրոսյանը շտապեց նրանից անձամբ լսել իր հարցերի պատասխանները, սակայն նախարարն ասաց. «Դա իմ ուժերից վեր է»: