Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներն առայժմ մնում են անհետեւանք
Դեռ անցյալ տարվա վերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը հայրարարեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ու հայտնաբերել ինչպես զանգվածային բնույթի խախտումներ, այնպես էլ բացառիկ դեպքեր: Մասնավորապես, նշվել էր, որ, օրինակ, շահումով խաղերի, խաղատների մոնիտորինգի արդյունքում բացահայտվել էին ապօրինի աշխատող մեկ խաղատուն, չորս խոշոր շահումով խաղ: Եղել էին բազմաթիվ դեպքեր, երբ համակարգչային խաղերի անվան տակ աշխատեցվել էին շահումով խաղերի սարքեր: Այս երեւույթը, ըստ Հովսեփյանի, համատարած է եղել Երեւան, Վանաձոր, Գյումրի, Վաղարշապատ, Մասիս եւ այլ քաղաքներում: Հ. Հովսեփյանը փաստել էր նաեւ, որ, օրինակ, 306 մլն դրամ տուգանվել է «Էտոս» խաղատունը: Բայց սա ամենը չէ, որովհետեւ ՀՀ պետեկամուտների կոմիտեում ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են:
Փաստենք, որ գործարար աշխարհը ամենաշատը դժգոհում է հենց այս գերատեսչությունից, եւ ՊԵԿ այսօրվա նախագահ Գագիկ Խաչատրյանը միակ պետական պաշտոնյան է, որին գործարարները հրապարակավ մեղադրել են կաշառք պահանջելու մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուկրաինական շոկոլադների եւ ՀԴՄ կտրոնների թղթի ներկրման բիզնեսը Խաչատրյանին է պատկանում:
Թեեւ, ինչպես նշեցինք, ՀՀ պետեկամուտների կոմիտեում վերահսկողականի ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են, բայց մեզ հաջողվեց որոշ բաներ պարզել: Օրինակ՝ այն, որ այժմ կիրառվում է մաքսային արժեքի որոշման, այսպես կոչված, ինվոյսային մոտեցումը, ըստ որի՝ ԱԱՀ-ն հաշվարկվում է ոչ թե ՊԵԿ-ի կողմից սահմանված «հսկիչ կամ կողմնորոշիչ գներով», այլ գործարքի գնից: Բազմաթիվ դեպքերում բեռն ուղեկցող փաստաթղթերում անհամապատասխանություններ կան ներմուծված բեռների քաշի, տեսակի, քանակի վերաբերյալ, չնայած դրան, այդ բեռները ձեւակերպվել են «կանաչ ուղու» ընթացակարգով, չեն զննվել եւ առանց որեւէ խոչընդոտի բաց են թողնվել: Ըստ վերահսկողականի, տվյալ դեպքերում չի օգտագործվել հարկային մարմինների ողջ «զինանոցը», քիչ են կատարվել հսկիչ գնումներ, չի հիմնավորվել, որ ապրանքներն իրականում իրացվում են ավելի բարձր գներով, քան ձեւակերպվել են: Կան բազմաթիվ դեպքեր էլ, երբ ներմուծված ապրանքն ըստ իրացման փաստաթղթերի՝ իրացվել է, ինչպես հետագայում պարզվել է՝ պարզապես գոյություն չունեցող ֆիզիկական անձանց: Այս ձեւով իրացված ապրանքների գումարները, ըստ վերահսկողականի ուսումնասիրությունների, երբեմն հասնում են հսկայական չափերի, օրինակ՝ 70 մլն դրամի:
Խոշոր շրջանառություններում նման խախտումներ ու «վրիպումներ» ունենալով հանդերձ, ՊԵԿ-ը, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոս Օստապ Բենդերը, «իր վարչահրամայական հզոր ապարատով» ընկել է փոքր ու միջին բիզնեսի, մանր ինքնազբաղվողների (դանակ-մկրատ սրողներ, կոշկակարներ), կրկնուսույցների եւ այլոց հետեւից: Ու քանի որ Գագիկ Խաչատրյանը «վերեւների» մարդն է, այսքանով հանդերձ անձեռնմխելի է, եւ նրան ներվում են նմանօրինակ «չարաճճիությունները»: Հասկանալի է, որ նախագահի վերահսկողականը, ինչպես նրա ղեկավարն էր նշել ասուլիսում, պատժիչ մարմին չէ, բայց անհասկանալի է, թե ինչու վերահսկողականի բացահայտումները իրավական եւ այլ հետեւանքներ չեն ունենում: Թեկուզ ձեւի համար առայսօր ՊԵԿ-ի որեւէ վարչության որեւէ բաժնի ղեկավար կամ տեղակալ աշխատանքից չի ազատվել: