Ի պատիվ ՀՀ առաջին քաղբանտարկյալ, մարալիկցի Հարություն Ուռուտյանի, համաքաղաքացիները երեկ քաղբանտարկյալների օրն էին նշում:
Մարալիկը Շիրակի մարզի ամենաըմբոստ ու քաղաքականացված քաղաքն է, որտեղ մշտապես, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, բողոքի ակցիաներ են անցկացնում: Երեկ հերթական բողոքի ակցիան ՀՀՇ Անիի տարածքային կառույցի նախագահ, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանին ազատ արձակելու համար էր: Հիշեցնենք, որ Հ. Ուռուտյանը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը, 1 տարի առաջ՝ նախագահական ընտրությունների օրը, կալանավորվեց՝ իբր Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին մարմնական վնասվածքներ հասցնելու պատճառով: Սակայն Հյուսիսային քրեական դատարանը չկարողացավ ապացուցել մեղադրանքը: Հայտնի դարձավ նաեւ, որ Շիրակի մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանը մարզի դիահերձարանի տնօրեն Վազիկ Նազարյանի հետ Գյումրիից մարդաորս են արել ու տարել են Մարալիկ քվեարկության, որն էլ փորձել էր կանխել Հարություն Ուռուտյանը: Չնայած սրան, վերջինիս դատապարտեցին վեց տարվա ազատազրկման:
Երեկ Ուռուտյանի ավագ որդին՝ Բաբկենը, «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Մոտավորապես մեկ ամիս առաջ դիմել ենք վճռաբեկ դատարան, չգիտեմ՝ ո՞վ է մեղավոր, միգուցե փոստային ծառայություննե՞րը, մեր դիմումը մեկ օր ուշացումով է տեղ հասել, ու վճռաբեկը մեկ օրվա տարբերությամբ մերժել է այն ընդունել, մենք կրկնակի ենք դիմել, սա սահմանադրական նորմի խախտում է, սպասում ենք վճռաբեկին, եթե էս անգամ էլ մերժի՝ դիմելու ենք թե Սահմանադրական դատարան, թե Եվրոդատարան: Վճռաբեկ դատարանից արդարացման հույս փայփայելը՝ աբսուրդ է: Ես հպարտ եմ, որ իմ հայրը հանցագործություն չի գործել, քաղաքական հայացքների համար է ձերբակալվել, հայրս դուրս գալուց հետո պարզ ճակատով նայելու է բոլորի աչքերին, իսկ ահա այս գործով մեղավորները՝ սկսած Վազգեն Նազարյանից, վերջացրած Մարալիկի քաղաքապետով, չպիտի կարողանան մեր երեսին նայել, քանի որ բարոյական օրենքներից զուրկ մարդիկ են»:
Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզի համակարգող, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, թե նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի հետո հայ հասարակությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ. «Իշխանությունը փորձում է ներքաղաքական լուծումները արտաքին քաղաքական ինչ-որ էյֆորիաներով փոխել, ինչ-որ հայ-թուրքական հարաբերություններ, ինչ-որ մյունխենյան ելույթներ ու տղայական հայտարարություններ: Այսինքն՝ ներքաղաքական խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը գնում է արտաքին քաղաքական էֆեկտների, հույս ունենալով ժամանակ շահել, որ շարժումը մարի, եւ ժողովուրդը սեփական պետությանը տեր կանգնելու պահանջից ետ կանգնի»: Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «21-րդ դարում Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալ ունենալը, նշանակում է, որ երկրում շատ խայտառակ եւ այլանդակ վիճակ է, որովհետեւ աշխարհի շատ քիչ երկրներում կան հարյուրից ավելի քաղբանտարկյալներ: Հիմա Հայաստանում վերջին մեկ տարում այդքան քաղբանտարկյալ ունենք: Ուզում եմ ասել, որ նրանք ժամանակի մեծագույն հերոսներն են, ես վստահ եմ, որ հպարտորեն են տանում իրենց քաղաքական կալանավոր լինելը»: Քանի որ մարտի 1-ին հանրահավաք է նախատեսվում, ու արդեն իսկ կան լուրեր, թե մասնակիցներին հետապնդում են, հրավիրում ոստիկանություն ու «մշակում», մենք թե մարալիկցիներից, թե Հ. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն կոնկրետ փաստեր: «Իհարկե՝ կան, հանրապետության տարբեր շրջաններից տեղեկացնում են, որ մեկին համոզում են, մյուսին՝ վախեցնում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
ՀԺԿ Անիի տարածքային կազմակերպության քարտուղար Գագիկ Յայլոյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց. «Բնականաբար՝ ճնշում են ճնշվողներին, եթե յուրաքանչյուրը պայքարի իր ազատության ու մարդավայել ապրելու համար, ո՞վ կհամարձակվի ճնշել»: