Ասում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը
Մեկ տարի առաջ, փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի ընտրություններ, որոնք, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության, ավարտվեցին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակով: Դարձյալ պաշտոնական տվյալներով, Սերժ Սարգսյանը ստացել էր վավեր ձայների 52.82%-ը, իսկ երկրորդը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21.5% ցուցանիշով: Ե՛վ ընտրությունների օրը, ե՛ւ դրանից մեկ տարի անց ՀՀ առաջին նախագահի թիմակիցներն ու համակիրները պնդում են, որ ընտրություններն անցել են համատարած կեղծիքներով՝ լցոնումներ, «կարուսել», ընտրակաշառք, ահաբեկություն ու ընդդիմության թեկնածուի վստահված անձանց առեւանգման եւ նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի, իշխանությունների կողմից ձեւավորված վախի մթնոլորտի, նաեւ՝ իշխանության վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային ԶԼՄ-ների միակողմանի տեղեկատվության մատուցման պայմաններում: Մեր հասարակության գերակշիռ հատվածը ե՛ւ մեկ տարի առաջ, ե՛ւ հիմա համամիտ է այս գնահատականի հետ: Համենայնդեպս, այդ են վկայում մեկ տարի առաջ՝ փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած շուրջօրյա եւ մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքներն ու երթերը: Բայց մարտիմեկյան իրադարձությունները, որոնք այդ ընտրությունների արդյունքների կեղծման ուղղակի հետեւանք էին, արմատապես փոխեցին իրավիճակը Հայաստանում: Արդեն մեկ տարի հայաստանյան ընդդիմությունն ու միջազգային տարբեր կառույցներ արձանագրում են Հայաստանում քաղաքական ճգնաժամի եւ ընդդիմության ու իշխանության միջեւ լարվածության առկայության փաստը: Այդ գնահատականներն այսօր էլ արդիական են:
«Փետրվարի 19-ին ընտրությունների կեղծումը եւ դրան հաջորդած մարտիմեկյան սպանդը ստեղծել են խորագույն քաղաքական ճգնաժամ, որը մինչ օրս հաղթահարված չէ: Ավելին, այդ ճգնաժամն ավելի է խորացել իշխանությունների կողմից քաղբանտարկյալներին ազատ արձակելուն դիմադրելու փորձերի պատճառով: Նման իրավիճակում ավելի դժվար հաղթահարելի են դառնում այնպիսի խնդիրները, ինչպիսին օրեցօր աճող սոցիալական եւ տնտեսական ճգնաժամն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա համոզմամբ, այս բոլոր հարցերի թնջուկը հնարավոր է լուծել միայն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ «Մարտի 1»-ի ոճրագործներին պատժելու, ինչպես նաեւ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում: Ինչպես ընդդիմադիր այլ գործիչներ, Լ. Զուրաբյանն էլ եւս մեկ անգամ հայտարարեց, որ 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունների կեղծումն էր, որ դարձավ ժողովրդի բողոքի ու ընդվզման պատճառ, որը «հնարավոր էր կասեցնել միայն մարտիմեկյան սպանդով, ինչը եւ արեցին իշխանությունները»:
Կոնգրեսի ներկայացուցիչը համոզված է, որ հայ հասարակությունը մեկ տարի անց էլ չի կարող իշխանություններին ներել ո՛չ կեղծված ընտրությունների, ո՛չ էլ «Մարտի 1»-ի ողբերգության համար եւ չի կարող համակերպվել այդ իրողության հետ: «Ինչպե՞ս կարելի է համակերպվել մի բանի հետ, երբ իշխանություններն իրենք են անկարգություններ հրահրում, հետո դա օգտագործում են արտակարգ դրություն հայտարարելու համար: Ինչպե՞ս կարելի է հաշտվել այն իրողության հետ, երբ իշխանությունները, մարտի 1-ին կազմակերպելով խաղաղ ցուցարարների սպանդը, հետո դրանում մեղադրում են նույն այդ ցուցարարներին ու ընդդիմությանը: Կարծում եմ, ոչ ոք չի կարող հաշտվել դրա հետ կամ ներել դա»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Փոխարենը նա ընդգծեց, որ այդ ընտրություններից մեկ տարի անց եւ ի հեճուկս իշխանությունների, ընդդիմությունն առավել քան միասնական ու կուռ է եւ հասարակության կողմից ընկալվում է որպես իշխանություններին այլընտրանք հանդիսացող միակ քաղաքական ուժ. «Հակառակ իշխանությունների կողմից սանձազերծած բոլոր ռեպրեսիաների, տարվա ընթացքում Կոնգրեսն ավելի է ամրապնդել իր դիրքերը եւ վճռականորեն պայքարելու է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման համար»:
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները տրամագծորեն այլ կերպ գնահատեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, որեւէ երկրում կատարյալ ընտրություններ չեն լինում, բայց դա չի նշանակում, որ այն առիթ է՝ հայտարարելու, թե դրանք վատն են կամ կեղծված: «Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ դատապարտում է այն բոլոր օրինախախտումները, որոնք եղել են ընտրությունների ընթացքում՝ անկախ այն բանից, թե դրանք ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության կողմից են եղել: Մենք այսօր էլ պնդում ենք այդ հայտարարությունը: Բայց մյուս կողմից՝ այդ ընտրությունները որակապես չէին զիջում նախկինում եղած ընտրություններին, եթե չասենք, որ հիմնականում համապատասխանում էին եվրոպական կառույցների առջեւ ստանձնած մեր պարտավորություններին»,- պնդեց Էդ. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է հետընտրական շրջանում երկրում ստեղծված լարվածությանը, ապա, նրա կարծիքով, այնպիսի լարվածություն, ինչպիսին կար մեկ տարի առաջ, այսօր չկա: «Չեմ կարող ասել, թե լարվածությունը լրիվ անցել է: Կա որոշակի լարվածություն, որովհետեւ մարտի 1-ի հետեւանքները վերացված չեն, կան բազմաթիվ հարցականներ, եւ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը դեռ պետք է պատասխանեն այդ հարցականներին, եւ մարտի 1-ի էջը մենք պարտավոր ենք արժանապատվորեն փակել: Քանի դեռ կա վիճարկվող եւ ընթացող դատավարական պրոցես՝ լարվածությունը չի վերանա»,- հայտարարեց պատգամավորը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե լարվածության համատեքստում այսօր սոցիալական խնդիրները ավելի առաջնային ու կարեւոր են դառնում, քան «Մարտի 1»-ի հետեւանքները: