Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլի ուժ գործադրեցին

Փետրվար 20,2009 00:00

\"\"Ուժայիններն այս անգամ ցրեցին 40 հոգանոց բողոքի ցույցը

«Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունը ի նշանավորումն մեկ տարի առաջ տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների կեղծված արդյունքների, երեկ որոշել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց պիկետ եւ բեմականացված շոու անցկացնել: Ակցիային մասնակցում էր 40-50 երիտասարդ, որոնք մտադիր էին Կորյունի փողոցում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից «ԿԸՀ, ամո՛թ» եւ «Մարտի 1-ին՝ հանրահավաքի» ցուցապաստառներով եւ եռագույն դրոշներով երթով շարժվել դեպի ԿԸՀ: Բայց ոստիկանության ուժերն ու «կարմիրբերետավորները»՝ Երեւան քաղաքի պարեկա-պահակային ծառայության գնդի հրամանատար, «Բազազ» մականունով հայտնի Ռոբերտ Մելքոնյանի ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, երթը, իրենց իմացած միջոցներով, առանց որեւէ բացատրության եւ որեւէ օրենքի վկայակոչման կասեցրին հենց Կորյունի փողոցում՝ Կոնգրեսի գրասենյակից մի քանի քայլ հեռավորության վրա: Ակցիայի մասնակիցների այն պնդումները, թե իրենք ընդամենը 40 հոգի են եւ իրավունք ունեն երթ անելու, չզսպեցին Ռ. Մելքոնյանի ցանկությունը՝ երիտասարդներից խլել ցուցապաստառներն ու կոտրել դրանցից մեկը: Մեկ այլ ոստիկան ընկել էր երիտասարդների ետեւից եւ փորձում էր նրանցից խլել թռուցիկները: Դրանք Սերժ Սարգսյանի նկարով 5000 դրամանոցներ էին, որտեղ գրված էր՝ «2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ շատերը, վերցնելով 5000 դրամը, ընտրեցին կեղծիքներ, բռնություն, մարտի 1, քաղբանտարկյալներ, ոչ լեգիտիմ իշխանություն: Եթե գտնում եք, որ այդ արարքը սխալ էր, ապա պատռեք եւ դեն նետեք այս 5000-անոց սերժադրամը»:

Ուժայինները, չբավարարվելով երթի մասնակիցների ճանապարհն արգելափակելով, նրանց եւ լրագրողներին ետ մղեցին մինչեւ գրասենյակի շենքի մուտքն ու հրելով մտցրին շենքից ներս: Ակցիայի մասնակիցները սկսեցին հետ գնալ, այս անգամ վանկարկելով՝ «Սերժիկ, հեռացիր», «Ամոթ»:

Ոստիկանության ուժերի ապօրինի այս գործողությունները չկասեցրին անգամ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հորդորները: Ա. Մանուկյանին եւս քաշքշելուց հետո լսվեցին փոխադարձ հայհոյանքներ: «Ո՞վ եք, վաբշե դուք, անմակարդակներին գնացեք դաստիարակեք»,- Կոնգրեսի այլ անդամներին դիմելով՝ նետեց «դաստիարակված» Վ. Օսիպյանը: «Արմինֆո»-ի թղթակցի հարցին, թե՝ ի՞նչ է տեղի ունենում, ոստիկաններից ամենատարեցը սրամտել էր՝ «կինո ենք նկարում՝ «Լքյալները»: «Ըստ երեւույթին, ուրախ ոստիկանը վերջերս դիտել է ամերիկյան հայտնի Lost սերիալը»,- եզրակացրել էր գործակալությունը՝ իր տարածած տեղեկատվության մեջ:

Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է, թե այդ միջադեպը վկայում է մեկ տարի առաջ կատարած ահավոր կեղծիքի եւ այն մասին, որ «վարչախումբը ինքը եւս սարսափում է այդ օրը որեւէ կերպ հասարակությանը հիշեցնելուց։ Ինչպես միշտ, նման դեպքերում իրենց լկտի պահվածքով առանձնանում էին բարձրաստիճան ոստիկաններ Աղասի Կիրակոսյանը, Ռոբերտ Մելքոնյանը, Վալերի Օսիպյանը։ Այս իրավապահ-օրինախախտները պետք է իմանան, որ վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջեւ։ Մենք դատապարտում ենք ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք սահմանափակում են քաղաքացիների տարրական սահմանադրական իրավունքները։ ՀՀ ներքաղաքական կյանքը բնականոն հունի մեջ կմտնի միայն կատարված ապօրինությունների հետեւանքների վերացմամբ, արտահերթ եւ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել