ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ ԵԱՀԿ մշտական կոմիտեի նիստում ներկայացրել է Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցը: Ինչպես մեզ Վիեննայից հայտնեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը՝ «Զեկույցի պաշտոնական ներկայացման ժամանակ Լենմարկերը չի շեշտել տարածքային ամբողջականությունը եւ անվտանգության միջազգային երաշխիքները, այլ խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընդհանուր սկզբունքների մասին»: Նիստի ընթացքում ելույթներ չեն եղել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի պատվիրակների կողմից: Սակայն հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել զեկույցի նախնական քննարկում՝ ԵԱՀԿ-ում Հարավային Կովկասի երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Եվ ահա, ըստ պրն Աշոտյանի՝ այդ քննարկման ընթացքում իր եւ Լարիսա Ալավերդյանի ելույթներից հետո՝ «Լենմարկերի զեկույցից հանվել են տարածքների վերադարձի եւ խաղաղապահների մասին հիշատակումները»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ընդգծում են, թե չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքով 2008 թվականի դեկտեմբերի 24-ին եւ 29-ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի. «Մինսկի խմբի համանախագահները թույլ չեն տա խաղաղության գործընթացը խոչընդոտել պատմական քննարկումներով, թեպետ նրանք շարունակելու են նրբանկատություն դրսեւորել կողմերի արտահայտած պատմական մտահոգությունների հանդեպ, որոնք պետք է պատշաճ ձեւով քննարկվեն: Համանախագահները հույս են հայտնում, որ ՄԱԿ-ում շրջանառվող վերոնշյալ երկու զեկույցները չպետք է ազդեն բանակցային գործընթացի վրա, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ քաղաքական կարգավորումն է, որին երկու նախագահներն իրենց հավատարմությունն են հայտնել 2009 թվականի նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագրով»: