Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ա1+»-ին մերժեցին

Փետրվար 20,2009 00:00

Վճռաբեկ դատարանը երեկ մերժել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի 2 բողոքները՝ բեկանելու Վճռաբեկ դատարանի 2004թ. ապրիլի 23-ի եւ 2004թ. փետրվարի 27-ի վճիռները: «Մելտեքս» ընկերությունը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ, իսկ նոր հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն էր:

Ի՞նչ հիմքերով Վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի բողոքները՝ պարզ չդարձավ: Դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «Ա1+»-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ կարող են հիմքերը գտնել Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում, որը երեկ չի հրապարակվել: «Դատարանի նախագահը հրապարակեց միայն որոշման եզրափակիչ մասը եւ հիշեցրեց, որ ԵԽ Նախարարների կոմիտեն Հայաստանին հանձնարարել է փոփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքը, որպեսզի ՀՌԱՀ-ի որոշումներն այսուհետ լինեն պատճառաբանված»,- ասել է դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: «Ա1+»-ի մյուս ներկայացուցիչը՝ Արա Ղազարյանը, Երեւանի Մամուլի ակումբին հայտնել է, որ Վճռաբեկ դատարանն իրենց դիմումների մերժումը հիմնավորել է նրանով, որ նախկին դատական որոշումները կայացվել են 2004 թվականին Հայաստանի գործող օրենսդրությանը համապատասխան եւ ենթակա չեն վերանայման:

Ըստ «Ա1+»-ի՝ փաստն այն է, որ այսօր ե՛ւ ՄԻԵԴ-ը, ե՛ւ Վճռաբեկ դատարանը գտնում են, որ հեռուստաընկերության իրավունքները ոտնահարել է ՀՌԱՀ-ը: Նախորդ նիստում Վճռաբեկ դատարանի նախագահն «Ա1+»-ի ներկայացուցիչներին ասում էր, որ դիմել են «ոչ ճիշտ» հասցեով: «Եթե Վճռաբեկ դատարանը հարուցել է վերանայման վարույթ՝ նշանակում է, որ մենք դիմել ենք ճիշտ հասցեով: Այո՛, «Ա1+»-ի իրավունքները խախտել է ՀՌԱՀ-ը, եւ այդ իրավունքները վերականգնելու միակ վայրը դատարանն է»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

«Ա1+»-ն իր ոտնահարված իրավունքների վերականգնումը կշարունակի իրավական դաշտում, սակայն քանի դեռ ձեռքի տակ չունի Վճռաբեկ դատարանի որոշումների հիմնավորումները, հետագա քայլերի մասին խոսելը վաղ է: Վճռաբեկ դատարանի որոշումը՝ «Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով, միայն մեկ մեկնաբանություն ունի. «Դա նշանակում է, որ բոլորն ընդունում են, թե «Ա1+»-ի իրավունքները բազմիցս խախտվել են ՀՌԱՀ-ի կողմից, եւ ժամանակին դա չեն կանգնեցրել մեր դատական ատյանները, հակառակ դեպքում գործը չէր հասնի Եվրոպական դատարան: Այսօր նրանք, աչք փակելով իրենց վճիռների եւ ՀՌԱՀ-ի վրա, քավության նոխազ են դարձնում օրենքը: Այսինքն՝ նրանք ասում են, որ օրենքը կփոխեն եւ սրանից հետո այլեւս մրցույթի մասնակիցների իրավունքները չեն խախտի: Այսինքն՝ այն, ինչ կատարվել է «Ա1+»-ի հետ՝ օյին չէ՞ր «քեռի ջան, Եվրոպա», իսկ հիմա նոր կանոններով ենք խաղում: Այդպես երկիր չեն կառուցում: Սա անհեռատես մտածողություն է, որով իշխանությունները շարունակում են վարկաբեկել մեր երկիրը: «Ա1+»-ը, ուշ, թե շուտ, վերականգնելու է իր ոտնահարված իրավունքները, իսկ երկրի հեղինակությունը վերականգնել շատ դժվար է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել