Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական ոչ կոռեկտություն»

Փետրվար 20,2009 00:00

Կոմկուսի պատասխանը դաշնակցական Արտաշես Շահբազյանին

«Դա ապստամբություն չէր, այլ սովորական ավանտյուրա, որը մեր երկրի վրա շատ թանկ նստեց: Եվ այն հողային կորուստները, որ մենք ունեցանք, շատ բանով պայմանավորված էին հենց դրանով, քանի որ թուրքերն այլեւս չէին ցանկանում Սովետական Հայաստանի իշխանությունների հետ բանակցել, քանի որ ասպարեզում այլեւս կար, այսպես կոչված, հայրենիքի փրկության կոմիտեի իշխանությունը, որը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին եղբայրության եւ փոխօգնության դաշնագիր էր կնքել՝ Հայաստանի հողերը լայնածավալ ծախելու գնով»,- երեկ հակադարձելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտաշես Շահբազյանի՝ փետրվարյան հեղափոխության առիթով մեր թերթում սովետական իշխանության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, ասաց ՀԿԿ ԿԿ կուսակցական կազմակերպական բաժնի վարիչ Լիպարիտ Կարճիկյանը: Ընկեր Կարճիկյանն այդ փուլը անվանում է՝ «Մեր պատմության սեւ էջ: Ինչքան էլ դաշնակցականները ցանկանում են այն ճերմակացնել կամ տարբեր երանգներ տալ՝ չի ստացվելու. ժողովրդի հիշողության մեջ դա մնացել է որպես ավանտյուրա եւ այդպես էլ կմնա»: Անդրադառնալով Ազգային ինքնության տոնին, ինչի առիթով մեր թղթակիցը զրուցել էր դաշնակցական պատգամավորի հետ, ընկեր Կարճիկյանը փոքր-ինչ սրտնեղում է. «Չէ, դեմ չենք, թող անեն, բայց շատ ավելի կոնկրետ եւ արդիական տոնակատարության օրեր կան: Ասենք, Սովետական Հայաստանի ծնունդը՝ նոյեմբերի 29-ը, ինչի առիթով դիմել ենք պառլամենտին, բայց որեւէ կերպ ոչ ցանկանում են անդրադառնալ, ոչ էլ պատասխանել: Տոնակատարություն եք ուզում՝ ունեցեք, բայց առիթն օգտագործել եւ թունոտ հարձակումներ գործել Կոմկուսի վրա, դա կարելի է բնորոշել քաղաքական ոչ կոռեկտություն, ինչը, ի դեպ, դաշնակցականներին միշտ էլ բնորոշ է եղել, քանի որ նրանք երբեք էլ աչքի չեն ընկել քաղաքական բանավեճ մղելու ունակությամբ»: Իսկ «բանտերում իբր կացնահարվածների միֆին» կոմունիստներն այսպես են պատասխանում. «Էն, որ Տաթեւի ու Գնդեվազի ձորերը, առանց մի գնդակ արձակելու, բոլշեւիկներին բռնում ու խորը անդունդն էին շպրտում՝ դա մեծագույն տղամարդկությո՞ւն էր, թե՞ հանճարեղ քաղաքական դրսեւորում: Դուք ձեզ նայեք՝ նոր ասեք: Ինչքա՞ն մարդ են կացնահարել: Կամ արդյոք կացնահարե՞լ են, թե՞ դա դաշնակցականների հերթական հերյուրանքն է: Մտեք Կոմունարների այգին եւ իրենց տնկած հուշասյան վրա 2-3 ազգանուն կտեսնեք. թող ավելորդ բաներ չհորինեն: Իսկ Ղորղանյանի եւ Համազասպի խնդիրը թող մնա իրենց խղճին: Հենց իրենց պահանջով Ղորղանյանը եւ Համազասպը Բաքվի կոմունայի զորքի հայկական հատվածը դուրս բերեցին, ինչի հետեւանքով կոմունան պարտվեց, թուրքերը մտան Բաքու եւ տասնյակ հազարավոր հայեր ոչնչացրեցին: Ո՞վ է այս արյան պատասխանը տալու»:

Մեր զրուցակիցը նաեւ կոչ է անում Դաշնակցությանը՝ «Քաջություն ունեցեք եւ ձեր բոլոր ստահակությունների պատասխանը տվեք, ոչ թե կոմունիստներին հայհոյեք, որոնք 70 տարի ընդամենը երկիր են կառուցել: Դաշնակցական քարանձավային հակառուսականությունն իրենց պատմության մեջ ընդգծված է: Միշտ աչքները տնկել են Արեւմուտքին, իսկ այնտեղից Հայաստանը երբեք ոչինչ չի ստացել եւ չի ստանա: Արեւմուտքի համար Հայաստանը պատնեշ է մուսուլմանական աշխարհի դեմ, դրա համար են սիրաշահում»:

Վերադառնալով 1920-ականների իրադարձություններին՝ ընկեր Կարճիկյանը նկատում է. «Նազարբեկովը մի անճարակ ռազմական գործիչ է եղել: Եթե մի ինչ-որ Չխեիձեի հրամանով նա կարողացել է Ղարսի բերդը հանձնելու հրաման տալ՝ ավելորդ է ռազմական շնորհքի մասին խոսելը: Ավելին, երբ նա Գյումրին կրակների մեջ թողած՝ փախել է եւ, «ես գեներալ Նազարբեկովն եմ», գոռալով ճանապարհ է խնդրել, մի սրամիտ գյումրեցի հեգնել է՝ «գեներալ՝ նազադ-բեգոմ. ոսկով Ղարսը ծախեցիք, կուզեք հիմի էլ Գյումրի՞ն ծախեք»: Հիմա բոլորը Լենինին ու բոլշեւիկներին հայհոյում են հողեր ծախելու համար, բայց նրանք 9 հազար քառակուսի կիլոմետրը 29 հազար են դարձրել: Լինեիք մի քիչ խելամիտ եւ ռուսական բոլշեւիկյան կառավարության հետ նորմալ հարաբերություններ ստեղծեիք, այդ տարածքները շատ ավելին կլինեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել