Ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը եւ իրոք արեց նման կոչեր, որոնք կարող են մեկնաբանվել իբրեւ «իշխանությանը գործողություն կատարելու պարտադրանք»:
– «Քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ՝ փետրվարի 16-ի նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր. «Այս քննարկումները ձեւական են: Էլ ինչի՞ ենք մասնակցում»: Եվ հետո լրագրողներին ասել էր, թե չի լուծվել այն խնդիրը, որի համար ստեղծվել էր այս խումբը, այն է՝ «իրավական որոշակիության իրացումն այս հոդվածներում»: Դուք է՞լ եք համարում, թե այս աշխատանքային խմբի գործունեությունը ձեւական էր:
– Նախ, չպետք է մոռանանք, թե ինչ խնդիր էր առկա այս աշխատանքային խումբը ստեղծելուց առաջ, եւ ինչ նպատակ էին հետապնդում այն ստեղծող անձինք: Սրանք, ինձ թվում է, երկու տարբեր խնդիրներ են: Այդ աշխատանքային խումբը ստեղծվել էր, քանի որ ԵԽԽՎ-ն անցած տարվա ապրիլին ընդունած իր 1609 բանաձեւից սկսած՝ հայտարարում է, թե Հայաստանում առկա են քաղաքական դրդապատճառներով հալածվող մարդիկ, իսկ հետագայում Մոնիտորինգի հանձնաժողովը նաեւ օգտագործեց քաղբանտարկյալ բնորոշումը: Եվ իշխանություններն անընդհատ արդարանում էին, թե ՔՕ այդ հոդվածները հստակ չեն, ու փորձում էին հնարավորինս ձգձգել խնդրի լուծումը: Իրականում տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ, որն ընթերցել է այդ հոդվածները եւ ծանոթ է «Մարտի 1»-ի գործին, հասկանում է, որ այս հոդվածների դիսպոզիցիան որեւէ կապ չունի այն մեղադրանքի հետ, որը ներկայացվել է ոչ միայն «7»-ի գործով քաղբանտարկյալներին, այլ նաեւ բազմաթիվ այլ դատավարությունների ընթացքում:
Եթե փորձենք մեկնաբանել այն նպատակը, որ հետապնդում էր իշխանությունը՝ ստեղծելով այս աշխատանքային խումբը, բացի հեգնելուց՝ այլ բան հնարավոր չէ անել, քանի որ չեմ ցանկանում լրջորեն ներքաշվել այն քննարկումների մեջ, որոնք մեզ առաջարկում են: Ընդամենը հիշեցնեմ, որ իշխանությունն անընդհատ հայտարարում էր, թե այս փոփոխությունները պետք են մեզ, ոչ թե Եվրոպայի խորհրդին: Իսկ այժմ՝ այդ փոփոխությունները հայտնի դառնալուց հետո, կավելացնեմ, որ դրանք պետք չեն նաեւ հասարակությանը, եւ ակնհայտ է, որ այս փոփոխությունները պետք էին իրոք միայն իշխանությանը: Դավիթ Հարությունյանն իր աշխատանքը լավ կատարեց, եւ այդ պատճառով էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան թույլ տվեց, որ փետրվարի 17-ին միասին զբոսնեն Ազգային ժողովի այգում (այդ զբոսանքի մասին հիշատակել էր «Երկիր մեդիան»՝ նշելով, թե ըստ զբոսնողների՝ քննարկվել են գարնանն ընդառաջ այգին բարեկարգելու ծրագրեր.- Ա. Ի.): Փորձում են դեմագոգիկ-ակադեմիկ վեճի միջոցով լուծել իրականում առկա խնդիրը, ինչը հնարավոր չէ: Ուստի հարկ է անընդհատ շեշտել, թե ինչ խնդիր ունենք մենք:
– Աշխատանքային խումբը նոր հոդվածներ է առաջարկել, որոնցից մեկը վերաբերում է նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը կամ ՍԴ-ին որեւէ գործողություն կատարել պարտադրելուն, իսկ մյուսը՝ հրապարակային կոչերին՝ ուղղված իշխանությունը տապալելուն, զավթելուն, պահելուն, սահմանադրական կարգը տապալելուն: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ են հետապնդել այս նորամուծություններով:
– Ես հիմա մի քանի հայտարարություններ կանեմ, որոնք կարելի է այնպես մեկնաբանել, որ կհամապատասխանեն այդ նոր ձեւակերպվելիք հոդվածներով սահմանված հանցակազմին: Ես ասում եմ, որ այս իշխանությունը պետք է հրաժարական տա՝ սա իշխանափոխության կոչ է: Ես ասում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք է վերանայի իր որոշումը եւ նորից քննի 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները՝ սրանով ես պարտադրում եմ գործողություն կատարել ՍԴ-ին: Ես նաեւ ասում եմ, որ հասարակությունն այլեւս չի հանդուրժի այս իշխանություններին: Սա էլ Դավիթ Հարությունյանը կամ Աղվան Հովսեփյանը հանգի՜ստ կարող են մեկնաբանել որպես բռնության կոչ: Եվ այդպես՝ ցանկացած անհամաձայնություն այս իշխանության լեգիտիմության կամ արարքների հետ: Եթե վաղը, ասենք, ՀԴՄ-ներից դժգոհ մարդկանց ցույցի ժամանակ ինչ-որ անախորժություն լինի՝ կարող են ասել, թե դա հետեւանքն էր Հովհաննես Իգիթյանի կոչերի:
Չեմ տեսնում հոդվածներն այս ձեւով վերախմբագրելու կարիք, քանի որ դեմագոգիայի այս մթնոլորտում ցանկացած հոդված կարելի է կիրառել ցանկացած ասածի վերաբերյալ: Առանց այդ էլ կոչերի վերաբերյալ հոդված ունեինք: Իշխանական թերթերը գրում են, թե այս կամ այն ընդդիմադիրը (օրինակ՝ ես) ջուր է լցնում օտարների ջրաղացին: Սա էլ կարելի է որակել իբրեւ լրտեսություն, որի վերաբերյալ հոդված նույնպես ունենք:
– Այնուամենայնիվ, արտառոց է, որ չնայած ԱԺ նախագահի՝ հունվարի 22-ի նամակով ստանձնած գրավոր պարտավորությանը, թե ՔՕ այդ հոդվածները փոփոխելը պետք է էական ազդեցություն ունենա մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ընթացող դատավարությունների վրա՝ ի վերջո ոչ թե մեղմացրին, այլ պատրաստվում են առավել խստացնել այդ հոդվածները: Ինչպե՞ս սա կանդրադառնա ԵԽԽՎ-ում սպասվող նոր քննարկումների վրա:
– Եթե իշխանությունն իրոք ուզում էր կատարել ԵԽԽՎ պահանջները, եթե նույնիսկ գտնում էին, թե 225 եւ 300 հոդվածներն իրենց թույլ չեն տալիս մարդկանց ազատ արձակել՝ իմ պատկերացմամբ, դատարանին ոչինչ չէր խանգարում փոխել «7»-ի գործով մեղադրվողների խափանման միջոցը, եւ ԱԺ-ն կարող էր անվերջ քննարկել այս հոդվածների փոփոխման հարցը:
Այս փոփոխությունների կապակցությամբ ես, այնուամենայնիվ, ունեմ մի քանի հարցադրումներ: Օրինակ, գտնում եմ, որ իշխանությունը յուրացնելու վերաբերյալ 300 հոդվածը նախատեսված է այն դեպքերի համար, երբ որեւէ ընտրովի մարմին կեղծում է ընտրությունները եւ զավթում իշխանությունը: Հարց՝ արդյոք նոր խմբագրությունը թո՞ւյլ է տալիս կիրառել այդ հոդվածն այն դեպքի համար, երբ նախագահի թեկնածուն կեղծ փաստաթղթեր է ներկայացնում ԿԸՀ, հետո կեղծվում են քվեարկության արդյունքները, եւ դառնում է նախագահ:
300 հոդվածում կա մի ձեւակերպում՝ սահմանադրական կարգը տապալել, որը կարող է տեղիք տալ տարբեր մեկնաբանությունների: Դավիթ Հարությունյանը համարում է, թե սահմանադրական կարգը նախագահական կամ խորհրդարանական կառավարումն է, միապետությունը: Այստեղ կարելի է վիճել: Օրինակ, ինձ համար այդ կարգն այն բոլոր հիմնարար սկզբունքներն են, որոնք նշված են Սահմանադրության մեջ՝ ասենք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որտեղ պետք է գործի իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այլն: Եվ եթե մեկը խախտում է այդ սկզբունքները՝ կարելի՞ է նրան դատել այս նոր հոդվածով՝ որպես սահմանադրական կարգը խախտողի: Սակայն էլի եմ կրկնում՝ որքան էլ բանավիճենք, դա որեւէ կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվել է մարտի 1-ին:
Եվ քանի որ դատապարտյալների նկատմամբ շարունակվում են ճնշումները, որ նրանք ներկայացնեն ներման խնդրագրեր, ինձ թվում է՝ ապրիլյան նստաշրջանից առաջ էլ կարող է շատ լինեն ներման արժանացածները, եւ էլի նրանց մեջ կլինեն նաեւ ոչ միայն քաղբանտարկյալներ: Դրանից բացի՝ ենթադրում եմ, որ իշխանությունը նաեւ այդքան խելք ու խորամանկություն ունի, որ ԵԽԽՎ-ում գարնանը կայանալիք քննարկումից առաջ փոխվեն «7»-ի գործով մեղադրվողների խափանման միջոցները: Սակայն գործը կշարունակվի, մեղադրանքը կմնա: Բայց սա պարզ կդառնա, եթե ԵԽ-ից հնչի անհամաձայնություն՝ արված այս փոփոխություններին՝ ինչպես արդեն հնչեց մարտի 1-ի հանրահավաքը խոչընդոտելու կապակցությամբ: Եթե այս դեպքում էլ մտահոգություն արտահայտվի՝ չեմ բացառում, որ մի քանի հոգու խափանման միջոցն իրոք փոխեն: