Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ

Փետրվար 20,2009 00:00

\"\"Նախագահական ընտրությունների մեկ տարին նախագահ Սերժ Սարգսյանը դիմավորեց յուրովի՝ Դսեղում մասնակցեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին:

Դսեղում հավաքվել էին Թումանյանի հայրենակիցները, հյուրեր Երեւանից, դպրոցականներ, Լոռու մարզից ընտրված պատգամավորները, լոռեցի մեծ, միջին եւ անգամ փոքր պաշտոնյաները, լրագրողներ: Ուղեկցողների մեջ էր նաեւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Հայրապետյանը, ով չպատասխանեց «Բջնի» գործարանը գնելուն վերաբերող մեր հարցերին, ասելով, թե առաջիկայում բոլոր հարցերին կպատասխանի մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ նախագահի պաշտոնավարման մեկ տարին գործարար-պատգամավորը գնահատեց շատ բարձր եւ ասաց. «Այս 1 տարվա մեջ շատ բան է փոխվել դեպի լավը, մարդկանց ջերմ ընդունելությունից էլ եք տեսնում, որ կա ջերմ վերաբերմունք, հավատ՝ երկրի նախագահի նկատմամբ: Վստահ եմ, Սերժ Սարգսյանն այն նախագահն է, որը մաքսիմում ամեն ինչ կանի մեր ժողովրդի վիճակը լավացնելու եւ երկիրը հզորացնելու համար»:

Դսեղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նունե Բեժանյանը հայտարարեց, որ նախագահի այցը Դսեղ կհամախմբի Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին Թումանյանի համամարդկային գաղափարների շուրջ. «Մենք հավատում ենք Ձեզ, պաշտպանում Ձեր ծրագրերը եւ դա ապացուցեցինք գործով՝ նախագահական ընտրությունների ժամանակ 1250 ընտրողներից ավելի քան 1000-ը քվեարկեց Ձեր օգտին. դա գյուղի պատմության ընթացքում աննախադեպ երեւույթ էր»: Ուսուցչուհին հույս հայտնեց, որ նախագահը կլուծի դսեղցի երիտասարդների զբաղվածության խնդիրը եւ կանի այնպես, որ Դսեղը դառնա «Հյուսիսային Հայաստանի զբոսաշրջության երթուղիների խաչմերուկ»: Ողջունելով Թումանյանի հայրենակիցներին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Թումանյանի մեջ մենք տեսնում ենք մի կողմից՝ ջերմեռանդ հայրենասիրություն, մյուս կողմից՝ ընդգծված հարգանք այլ ժողովուրդների, նրանց արժեքների նկատմամբ, տեսնում ենք մի կողմից՝ քաջություն, անձնական խիզախություն, ամենաօրհասական իրավիճակներում խուճապը բացառող սառնասրտություն ու հավասարակշռություն, մյուս կողմից՝ խաղաղասիրություն։ Եվ պատահական չէր, որ ամենատարբեր հարցերում՝ լիներ գրական-մշակութային, թե քաղաքական, որտեղ որ պատվիրակ կամ բանագնաց էր պետք, ընտրությունը կանգ էր առնում բանաստեղծի վրա: Իհարկե, նրա նկատմամբ ակնածանք ունեին բոլորը, եւ դրա հիմնական պատճառն այն էր, որ նա մեծ իմաստնությամբ եւ խոհեմությամբ էր վարում ցանկացած երկխոսություն, անկախ նրանից՝ նրա առջեւ վրացի մտավորակա՞ն է, ցարական պաշտոնյա՞, մահմեդական հովի՞վ, բոլշեւիկ հեղափոխակա՞ն, Հայաստանի կառավարության անդա՞մ, թե՞ պարզ լոռեցի շինական: Ավելի քան մեկդարյա հեռավորությունից նայելով, այսօր ակնհայտ է, որ իր քաղաքական լայնախոհությամբ Թումանյանն իսկապես առանձնահատուկ է իր ժամանակի մեջ, նրա հավատը մեր ժողովրդի ներքին հնարավորությունների եւ Հայաստանի գալիք օրվա հանդեպ անսահման էր ու անխորտակ»: Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ հենց 1915-ին է Հովհաննես Թումանյանը մեր երկիրն անվանել. «Հույսի հայրենիք, լույսի հայրենիք»: Եվ սա, ըստ նախագահի. «Ի տարբերություն այսօր ապրող եւ գործող ու Թումանյանին հարյուր անգամ զիջող քաղաքական, այսպես կոչված, գործիչների, ովքեր որեւէ առիթ բաց չեն թողնում փնովելու սեփական երիտասարդ պետությունը»: Նաեւ հայտարարեց. «Սիրելի՜ հայրենակիցներ, այնպես է ստացվել, որ այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է նաեւ իմ՝ ՀՀ նախագահ ընտրվելու մեկ տարին։ Այսօր իմ այստեղ լինելը խորհրդանշական է։ Ես իմ պարտքն եմ համարում աշխատել եւ պետական մեքենան աշխատեցնել այնպես, որ բոլորիս միասնական ջանքերով մոտեցնենք այն օրը, երբ Հովհաննես Թումանյանի ու մեր բոլորի երազած Հայաստանը հպարտությամբ եւ արժանիորեն կանվանենք՝ իմ նո՜ր հայրենիք, հզո՜ր հայրենիք»: Դսեղցիները համամիտ էին եւ ծափահարեցին:

Վանաձորում նախագահը եւ նրան ուղեկցողները մոմ վառեցին նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում եւ ոտքով ուղեւորվեցին դեպի Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց՝ մասնակցելու Ամենայն հայոց կաթողիկոսի հուշարձանի բացմանը: 9-10 տարեկան աշակերտները, ինչպես կատակով նկատեցին լրագրողները՝ փոքրիկ վիկտորդալլաքյանները, եռագույն դրոշները թափահարելով, դիմավորեցին հյուրերին: Այս դպրոցում է սովորել նաեւ ԱԺ լոռեցի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով էլ հովանավորել է Վազգեն կաթողիկոսի արձանի կառուցումը, քանդակագործն է Համլետ Մատինյանը:

«Ամենայն հայոց ճարտարապետ» Նարեկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Վանաձորում եւ 24 գյուղերում «աննախադեպ» ծրագիր է իրականացվում. «Ընդ որում, ոչ միայն բնակիչները գյուղում կստանան փոխհատուցում բնակարանի կամ անհատական տան տեսքով, այլեւ իրենք կարող են մասնակից լինել տան կառուցմանը եւ որպես աշխատուժ վճարվել՝ ունենալով աշխատանք»: Իսկ Սպիտակում 50-60 ընտանիքների համար կառուցվելու է հատուկ՝ արհեստագործների թաղամաս, որտեղ կապրեն հին արհեստների եւ արվեստների տիրապետող մարդիկ:

Նախագահը եւ նրան ուղեկցողները երեկ այցելեցին նաեւ Տաշիր, եղան Վանաձորի մանկապատանեկան շախմատի դպրոցում եւ «Գլորիա» կարի արտադրամասում, սակայն այդ ամենը մենք չենք տեսել եւ այդ մասին ոչինչ չենք կարող պատմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել