Երեկ Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբին, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեն ու ԵՄ երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն բանտում հանդիպել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԳ նախկին նախարար, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի հետ: Ինչպես փոխանցում են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Յոթի» գործի մանրամասները, քաղբանտարկյալներին եւ ներքաղաքական վիճակին առնչվող հարցեր: Նույն օրը պարոնայք Պիտեր Սեմնեբին, Թոմաս Կնոթհեն եւ Անդրեյ Դիդենկոն հանդիպել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ քննարկել ներքաղաքական ճգնաժամի, ինչպես նաեւ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղիները: Առանձնահատուկ քննարկման առարկա է եղել քաղբանտարկյալների եւ նրանց ազատ արձակման հարցը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: