Հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոններով անցկացվող վիճակախաղը մարդկանց մեջ լոտոմանիա է առաջացնում, մյուս կողմից էլ հանգեցում է գնորդ-վաճառող հարաբերությունների վատացմանը: Երեկ լրագրողներին ասել է տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, «Փոքր եւ միջին բիզնեսին ՀԴՄ-ների միջոցով հարկային տեռորի ենթարկելը նման է բոլշեւիկյան իշխանությունների կազմակերպած կուլակաթափությանը: Պայքարում են ստվերի դեմ, սակայն նրանք սխալվում են, մտածելով, որ այդ պայքարը պետք է սկսել փոքր տնտեսվարողներից: Մինչեւ հասնեն խոշորներին՝ փոքրերը կվերանան: Ի՞նչն է մեզ համար կարեւոր՝ ստվե՞րը վերացնելը, թե՞ մարդը: Մեր կառավարությունը աղավաղում է բոլոր վեհ գաղափարները: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարն այնպես է այլակերպում, որ ուզում ես ասել՝ կեցցե կոռուպցիան»: Ըստ Ա. Թեւանյանի, այսօր հարկային տեսուչները, դռնեդուռ ընկած, ՀԴՄ չկիրառող տնտեսվարողներին առաջարկում են մոտ 100 հազար դրամ տուգանքի փոխարեն վճարել 30-40 հազար դրամ կաշառք՝ ակտ չգրելու համար: Իսկ այն, որ կառավարությունը որոշել է շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից ազատել գորգագործությանը, տնտեսագետի կարծիքով՝ տեղին չէ. «Գորգագործները շահութահարկ երբեք էլ չեն վճարել, որովհետեւ շահույթ չեն ստացել, իսկ ԱԱՀ-ից ազատված են եղել, քանի որ արտահանվող ապրանքների դիմաց Հայաստանում ԱԱՀ-ները ետ են վերադարձվում արտահանողին»: