Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԾՆՎՈՂ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Փետրվար 19,2009 00:00

«Գիրք նվիրելու ավանդույթը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը սեւեռելու յուրատեսակ շարժում է»,- երեկ Գրողների միությունում հայտարարեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ ասաց, որ իրենց սլաքն այլեւս ուղղում են դեպի դպրոցները: «Արդեն իսկ մարզերին եւ մայրաքաղաքին նվիրատվության կարգով առաքել ենք շուրջ 10 000 անուն գրականություն: Սա մեծ թիվ է, եթե նկատենք, որ վերջին շրջանի գրականությունն է հիմնականում, որը ներկայացնում է ժամանակակից հայ գրականությունը՝ տարբեր ժանրերով: 2000 կտոր գրականություն էլ նվիրաբերվել է ազգային բանակի գրադարաններին: Այսպիսով, փետրվարի 19-ին շրջանառության մեջ ենք դնում շուրջ 15 000 կտոր գրականություն»,- նշեց նա: Գրքերի հավաքագրման հարցում էլ, ըստ Լ. Անանյանի, օգնել են «Զանգակ-97» հրատարակչությունը՝ 2000 կտոր գրքի տպագրությամբ, Ազգային գրադարանը՝ 500, ԱՄՆ դեսպանատունը՝ անգլերեն մանկական գրականությամբ, Իրանի մշակույթի կենտրոնը՝ 500 իրանցի ժամանակակից գրողների թարգմանական գրականությամբ, ինչպես նաեւ ԵՊՀ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը:

Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց. «Բացի հանրապետությունում գիրք կարդալու ավանդույթը ամրապնդելուց, կարեւորում եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն այս ակցիային, քանի որ հայտնի է՝ պատերազմի շրջանում բավական տուժել են տեղի գրադարանները, օրինակ՝ Մարտակերտի գրադարանը, որտեղ այժմ ընդամենը մի քանի տասնյակ գիրք է պահպանվում»:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մելքոնյանն էլ հավելեց. «Ընթերցասեր աշակերտ» մրցույթից զատ, մեր վարչությունն այս տարի մարտից ապրիլ ամիսը կանցկացնի մայրենին սրբորեն պահպանող մայրերի մրցույթ: Իսկ այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում երրորդ դասաժամը՝ անկախ դասացուցակային առարկայից, հայտարարված է Թումանյանին նվիրված դաս, որին ամեն մի դպրոցում ներկա կլինեն երկու-երեք գրող-հեղինակ: Այս ամենին զուգահեռ, կանցկացվի նաեւ գիրք նվիրելու արարողությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել