Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր վարկանիշներում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայաստանցի միակ բռնցքամարտիկը՝ 22-ամյա Սյուզի Կենտիկյանը, WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի իր գոտիները հերթական անգամ պաշտպանելու է մարտի 20-ին: Այդ օրը նա Համբուրգի «Ալստերդորֆ Հալլե» մարզասրահի ռինգում մենամարտելու է ամերիկացի 27-ամյա Ելենա Ռեյդի հետ:
«Մարդասպան Թագուհի» մեր հայրենակցուհու մրցակցի մականունը «Տիկնիկ» է: Սակայն այդ մականունները դեռեւս ոչինչ չեն ասում այդ օրը մրցակիցների իրական հնարավորությունների մասին: Բռնցքամարտում մի այսպիսի հասկացողություն կա. այն մարզիկը, ով ավելի բարետես է, հենց նրանից պետք է ավելի շատ զգուշանալ, որովհետեւ նա այնքան բարձրակարգ է, որ հարվածներ քիչ է ընդունում: Իսկ դա վարպետության առաջին վկայությունն է:
Ելենան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ, որոնցից հաղթել է 19-ում (5-ը՝ նոկաուտով), կրել է 4 պարտություն եւ 6-ն ավարտել ոչ-ոքի:
Կենտիկյանի մարզական կենսագրությունն ավելի ներշնչող է: Նա իր բոլոր 23 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին ու դրանցից 16-ում մրցակիցներին պարտության է մատնել ժամկետից շուտ: