Մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված բռնցքամարտի պատանեկան ընկերական մրցաշարը երեկ ավարտվեց:
Համալիրի ճեմասրահում տեղադրված ռինգում երեք օր տեւած պայքարն ավարտվեց Ռուսաստանի պատանեկան հավաքականի հաղթանակով, որը թիմային պայքարում հաղթեց իր բոլոր մրցակիցներին՝ Վրաստանին, Ղազախստանին, իսկ երեկ՝ նաեւ Հայաստանին:
Եզրափակիչ օրը կայանալիք հանդիպումներից առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ նրա առաջին տեղակալ, մարզաձեւի եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նրանք ամփոփեցին անցած երկու ամսում ֆեդերացիայի կատարած աշխատանքները, խոսեցին հանրապետությունում բռնցքամարտի առջեւ կանգնած հեռանկարների մասին: Նրանց խոսքերով, քանի որ անցած քառամյա ցիկլում՝ կապված ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու եւ Պեկինում հաջող հանդես գալու հետ, պետության ուշադրությունը հիմնականում ուղղված է եղել մեծահասակներին, դրա համար էլ պատանիներն ինչ-որ չափով ստվերում են մնացել: Արման Մուրադյանի կարծիքով, այս մրցաշարը ցույց է տալիս, որ մեր պատանիներն այնքան էլ պատրաստ չեն միջազգային լուրջ մրցումներին, աշխարհի առաջնությանը: Այդ պատճառով էլ ֆեդերացիան իր առաջնային ծրագրերից մեկը համարում է մարզաձեւի մասսայականացումը, հերթափոխի հետ լուրջ եւ ճիշտ աշխատելը: Դրա համար անհրաժեշտ է կատարել եւ արդեն արվում են համալիր քայլեր: Մասնավորապես, խոսքը մարզաձեւի աշխարհագրությունն ընդլայնելու, մարզերում մարզադպրոցների ցանցը խտացնելու եւ պատշաճ պայմաններ ապահովելու մասին է: Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն արդեն եղել է յոթ մարզում, շփվել մարզիչների եւ մարզիկների հետ: Դրա արդյունքում ֆեդերացիան արդեն որոշակի պատկերացում ունի տեղերում ընդհանուր վիճակի մասին, գիտի, թե տեղերում ինչ է պակասում եւ ինչ է հարկավոր անել: Արման Մուրադյանը նշեց, որ հատկապես մեր պատանի բռնցքամարտիկներին պակասում է մրցափորձը: Նրանք խիստ հազվադեպ են մեկնում միջազգային մրցումների, իսկ Հայաստանում այդպիսիք գրեթե չեն կազմակերպվել: Մինչդեռ, ասենք, Ղազախստանում բռնցքամարտն ազգաբնակչության, հատկապես՝ այս տարիքային խմբի համար ամենօրյա զբաղմունք է: Նա վստահեցրեց, որ այսուհետեւ այդ տարիքային խմբի մարզիկները հնարավորին չափ հաճախակի կմասնակցեն միջազգային մրցումներին, նրանց համար կկազմակերպվեն արտագնա համատեղ ուսումնամարզական հավաքներ, Հայաստանում, տարին 2-3 անգամ՝ դրսից հրավիրվող թիմերի մասնակցությամբ մրցաշարեր: Եվ որպես ապացույց, տեղեկացրեց, որ արդեն այսօր ներկայումս Հայաստանում գտնվող Ռուսաստանի պատվիրակությունից մարտ ամսին մերձմոսկովյան Չեխով քաղաքում պատանեկան հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու հրավեր կա:
Նախագահը շատ կարեւորեց նաեւ մարզիչների ու մրցավարների մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը: Նրա համոզմամբ, վերջինների մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք դեռ «գտնվում են» խորհրդային տարիների ժամանակներում: Այդ բացը լրացվելու է հրավիրվելիք եւ արտագնա սեմինարներով:
Արման Մուրադյանը նաեւ հայտարարեց, որ ֆեդերացիայի դռները բաց են մարզաձեւի վետերանների, նախկինում մեծ նվաճումների հասած մեր տիտղոսավոր մարզիկների եւ մրցավարների առջեւ: Եվ իրենք հաճույքով կհամագործակցեն նրանց հետ, կլսեն նրանց արժեքավոր խորհուրդները, կաշխատեն նրանց՝ արտաքին աշխարհի հետ ունեցած կապերն օգտագործել մեր երկիրն աշխարհին արժանավայել ներկայացնելու եւ նրանց ներուժն ի սպաս դնելու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը:
Դերենիկ Գաբրիելյանը կարեւորեց լրատվամիջոցների հետ համագործակցելը հատկապես մարզաձեւի մասսայականացման, առկա թերություններն ու վրիպումները ժամանակին ի հայտ բերելու եւ վերացնելու առումով: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ մայիսին Հայաստանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնության ընթացքում մեր լրատվամիջոցներն ակտիվ կլինեն մրցումները լուսաբանելու հարցում, կօգնեն արտասահմանից ժամանող իրենց գործընկերներին ճիշտ պատկերացում կազմել ընդհանրապես՝ Հայաստանի, հայկական սպորտի եւ մասնավորապես՝ բռնցքամարտի մասին: