Երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը կինոոլորտի եւ «մոնո-Հակոբի» մասին
Օրերս ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ԽՍՀՄ, հանրապետական, միջազգային գրական եւ թատերական մրցույթների ու փառատոների մրցանակակիր, երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանի «HELLO EUROPE» գիրքը, որում զետեղված են վերջին տարիների նրա զավեշտապատումներն ու ֆելիետոնները: «Առավոտում» հյուրընկալված դրամատուրգը թեեւ չցանկացավ խոսել իր արած-չարածի մասին, այնուհանդերձ, կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ինքնուս սովորել եմ խոսել դեռ տարիս չլրացած: Չնայած բնատուր ընդունակություններիս, վարչահրամայական երկրի բարքերով ինձ ստիպել են անվճար սովորել դպրոցում, ինստիտուտում, անդամագրվել կոմերիտմիությանն ու կոմկուսին, ԴՕՍԱԱՖ-ին ու Սթափների միությանը: Բոլոր այդ կազմակերպություններից վռնդվել եմ 1990 թ.: Եվ այդ ժամանակից էլ դատապարտվեցի երգիծաբան-դրամատուրգի կոչման, որը կրում եմ մինչ օրս՝ ազատ, անկախ ռեժիմի հայրենիքում»: Ժամանակակից թատերագրության եւ երգիծական գրականության երեւելի դեմքերից մեկի՝ մեր զրուցակցի մասին տեղեկացնենք, որ նա ավելի քան 20 պիեսի հեղինակ է («Լիրբը», «Վերջին ծաղրածուն», «Խելակորույս, խելակորույս սեր», «Աքլորականչ» եւ այլն), որոնք բեմադրվել են Հայաստանի եւ Սփյուռքի թատրոններում:
Քանի որ Ս. Խալաթյանը 1999-2004թթ. Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն էր, խնդրեցինք որեւէ զավեշտապատում ներկայացնել թատերարվեստի ոլորտից: Այստեղ նա, շրջանցելով իրեն հարազատ թատրոնն ու վերջինիս ներկայացուցիչներին, բացականչեց. «Ի՞նչ թատրոն, այ, կինեմատոգրաֆիստներին կախել է պետք: Բոլորին, անխտիր: Ծայրահեղությունների դար է: Մի ժամանակ բոլոր կինոներում «ուռռա՜» էին գոռում, այսօր՝ «Լռության սիմֆոնիա» է: Էդպես լռելով ո՞ւր կհասնենք: Ի՞նչ է, թեմա չկա՞: Սկսեմ հեռվից. օրինակ, Զիմզիմովի սխալը ո՞րն էր, չեմ հասկանում: Մարդը հո «չոր ատկազ» չէր գալիս. բարաթը բեր՝ փողը տար, ախպեր: Էսօր ո՞վ չի տոկոսով փող տալուց էդպես վարվում: Դա քիչ էր, նկարահանեցին «Ձորի Միրոն»: Էդ նկարից հետո եղավ մի ժամանակ, որ տեղից վերկացողը մեր գլխին ձորի Միրո էր դարձել՝ թվանքո՜վ, անթրաշ: Ո՞վ է հիմա հիանում նրանց կերպարով, երբ թաղի «ավտարիտետ»-միրոները ավելի հզոր են: Ձորը հիմա ուտել-խմելու տեղ է: Խնդրեմ, Լոռվա ձորում ամեն թփի տակ մի «նախադու» կա: Կամ, թեկուզ, Աշտարակի ձորը: Գնացեք-տեսեք էդ ձորի կտրիճ տղերքին: Բա աղջիկնե՜րը… Ամեն մեկը լոռեցի մի Անուշ, այն այն տարբերությամբ, որ մեր շաշ Անուշը, ձորն ընկնելով, իրեն «սախաթեց», իսկ նորօրյա անուշները ձորն ընկնելու սամթը գիտեն. մի տակ շորով ձորն են մտնում, «Մերսեդեսով» դուրս են գալիս…»:
Հետաքրքրվեցինք, թե դրամատուրգը ի՞նչ թեմա կառաջարկեր, պարոն Խալաթյանը հայտնեց հետեւյալը. «Սերիալախեղդ աշխարհում մերոնք գոնե մի սերիալ հանեին Ազգային ժողովի մասին՝ «Հարուստները եւ նշանավորները»: Վատ չէր լինի: Մանավանդ, եթե կերտեն Արշակ Սադոյանի կերպարը՝ «Վայրի հրեշտակ» անվամբ: Բա պաշտոնակռվի սերիալն ինչքա՜ն հետաքրքիր կլիներ, իսկը՝ «Քաղցր թույն»: Գոնե վավերագրական ֆիլմ հանեին Արտաշես Գեղամյանի մասին՝ «Հարուստներն էլ են լաց լինում» վերնագրով: Թե չէ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում տղերքը մի ոչխար մորթեցին՝ դատի տվի՜ն, աշխարհքով մեկ արին»: Հարցապնդմանը՝ ի՞նչ է, թատերարվեստում ամեն ինչ «հալած յուղի պե՞ս է գնում», Ս. Խալաթյանը քառատող ձոնեց թատերարվեստի առաջին դեմքին՝ Հակոբ Ղազանչյանին. «Թատերական խաչմերուկում»/ Քո դաշտ-բեմն ես հերկում անխոփ,/ Մավր դարձել՝ կին ես խեղդում,/ Փա՜ռք քո գործին, մոնո-Հակոբ»: