Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐՎԱ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹՇՆԱՄԻ Է»

Փետրվար 19,2009 00:00

\"\"Կարծում է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը

– Մենք մշակութային ազգ ենք. այս արտահայտությունը սիրում ենք կրկնել ամեն առիթով: Թեեւ՝ ես չգիտեմ մի ազգ, որը հայտարարեր, թե ինքը ոչ մշակութային է: Ըստ Ձեզ, որքանո՞վ են այսօր արդարացված մշակութային ազգ համարվելու մեր հավակնությունները:

– Մշակույթը չի կարող դռան շան պես կապված լինել մի ծառի եւ նստել այդտեղ: Այն պիտի դուրս գա աշխարհ: Իսկ այսօր մշակույթ հասկացությունը մեզ մոտ հստակ չէ: Խորհրդային միության անկումից հետո աշխարհը հանգստացավ, եւ սկսվեց համընդհանուր մշակութային փլուզման մի գործընթաց: Սակայն, եթե ուրիշ երկրներ կարող էին թույլ տալ իրենց գնալ մշակութային թուլացման, արվեստամոտ մշակույթի հասկացությունների, մենք իրավունք չունեինք եւ չունենք դա թույլ տալու, քանի որ մեզ մոտ հիմնականը, արժեքավորը անպաշտպան վիճակում է: Մենք այսօր ավելի շատ զբաղված ենք կրկնօրինակելով՝ նման այն վարժեցրած կենդանուն, որն ապրում է ուրիշի կյանքով: Դա վիրավորական է: Այն մշակութային, բարոյագիտական, լեզվական աղավաղումները, որոնք մեր երկրում կան եւ շարունակվում են երկու տասնամյակ շարունակ, ես այդ աղավաղումները դիտում եմ իբրեւ պետական ինստիտուտի քայքայման ձեւ… Այսօր համատարած հնչում է ցածրաճաշակ երաժշտություն, եւ ցուցադրվում են սերիալներ, որոնց համար «ցածր» բառը քիչ է, ավելի ճիշտ կլինի օգտագործել «լկտի» բառը: Եվ այդ ամենի արդյունքում ձեւավորվում է սպառողական հոգեբանություն ունեցող երիտասարդություն, որի մեջ կյանքի նկատմամբ բարոյահոգեբանական որեւէ պատասխանատվություն ես չեմ տեսնում: Ինձ համար դա նշանակում է հայրենասիրության փլուզում, քանի որ այդ սպառողական հոգեբանություն ունեցող երիտասարդի մեջ վաղը չի գոյանալու բանակում ծառայելու ցանկություն: Իսկ դա կնշանակի՝ Հայաստանը հայաթափ անել: Այսօրվա սերիալների հերոսը, որն ամենացածր կրքերի հետ է աշխատում՝ իր վարքով, կերպարով, լեզվական աղավաղումներով, ինձ համար մշակութային թշնամի է:

– Ձեր նշած սերիալների հեղինակները հայտարարում են, որ այսօր հասարակության մեջ հենց նմանատիպ ֆիլմերի պահանջարկն է մեծ: Ճիշտ այնպես, ինչպես ցածրաճաշակ շոուների դեպքում:

– Եթե ես ամեն օր իմ շանը կերակրեմ փչացած մսով, ի վերջո՝ իմ շունը կսկսի ուտել եւ պահանջել հենց այդպիսի միս: Ե՛ս պետք է որոշեմ, թե ինչ եմ տալիս:

– Սակայն համաձայնեք, որ այդ սերիալներն այնքան էլ հեռու չեն մեր իրականությունից: Այսօր մեր երիտասարդությունն ի՞նչ է տեսնում իր առօրյա կյանքում՝ ԱԺ-ում թղթախաղով զբաղվող պատգամավորներ, ռեստորանում ծեծկռտուք սարքող փոխնախարարներ, փողոցում մարդկանց վրաերթի ենթարկող «Համմերներ», չբացահայտված աղմկահարույց սպանություններ եւ այլն:

– Այն, ինչ որ տեղի է ունենում, դա կյանքի շարժումն է: Մեզ մոտ կյանքն ընթանում է շատ ակտիվ, եւ օրենքը մնում է ետեւում: Այնինչ՝ պետք է հակառակը լինի, սկզբում լինեն օրենքները, որոնք կկարգավորեն այդ կյանքի շարժումը: Մեզ մոտ այսօր բարոյահոգեբանական արժեքները, պատասխանատվությունը, հարգանքն այլոց հանդեպ՝ գտնվում են խորագույն դեպրեսիայի մեջ: Իրական արվեստի խնդիրը կյանքի մանրամասներին կուլ չգնալն է: Իրական արվեստը պետք է գաղափար ստեղծի եւ մարդուն տանի մի մաքուր եւ ազնիվ տարածք:

– Ձեր կարծիքով, ո՞րն է այդտեղ մեր պետության դերը: Որքանո՞վ է այսօր մեր պետության վարած մշակութային քաղաքականությունը համարժեք՝ առկա, նաեւ ձեր կողմից մատնանշված մարտահրավերներին:

– Մեր պետության, մշակույթի նախարարության քաղաքականությունը չի կարող բացարձակապես ադեկվատ լինել: Ուզի թե չուզի՝ մեր մշակույթի նախարարությունը գնում է այնպիսի ճանապարհով, որը ծառայում է զանգվածային կրքերի բավարարմանը: Արվեստը մեր երկրի մեջ պաշտպանված չէ:

– Իսկ ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ պետությունը:

– Մենք բոլորս, ես, դուք: Գիտեք, մտավորականը մեր երկրում ձեւավորված շերտ չէ:

– Մի քանի ամիս առաջ բավական մեծ աղմուկով ազդարարվեց մտավորականներից բաղկացած Հանրային խորհուրդ ստեղծելու՝ ՀՀ նախագահի մտադրության մասին: Սակայն մեկ-երկու աշխատանքային հանդիպումներից հետո Հանրային խորհրդի թեման կարծես թե մոռացության մատնվեց: Այն ստեղծելու մտադրությունը դեռ ուժի մե՞ջ է:

– Այո, խորհրդի ստեղծման ընթացքը դանդաղում է, սակայն շարունակվում է: Մենք անցել ենք առաջին փուլը, ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ:

Կարծում եմ, խորհուրդը կկարողանա հավաքագրել առկա մտահոգությունները եւ դրանց վրա սեւեռել համապատասխան ատյանների ուշադրությունը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ այսօր գրեթե պետական մակարդակով այդքան կարեւորություն է տրվում եվրատեսիլանման միջոցառումների միջոցով աշխարհին ճանաչելի դառնալուն:

– «Եվրատեսիլը» ստեղծագործական մրցույթ չէ: Այն ապրանք վաճառելու, բիզնեսի ձեւ է: Ու քանի որ աշխարհում ամենաշատը վաճառվում է էժան ապրանքը, այդ պատճառով էլ նման միջոցառումներն ունեն որոշակի նշանակություն:

– Եթե Ձեզ առաջարկվի երգ գրել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակցի համար, կհամաձայնե՞ք:

– Նախ կփորձեմ կողմնորոշվել, թե ո՞ր արժեքների վրա պիտի հրմնված լինի այդ երգը: Անցյալ մրցույթում հաղթեց Սերբիայի հրաշալի երգը, բայց նրա կողքին հաղթեց նաեւ կնոջ կրծքերով այդ տղամարդը՝ Սերդյուչկան: Եթե ակնկալվում է առաջին երգի որակի երգ, ապա՝ իհարկե, անպայման կգրեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել