Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ «ԴԵԲԻԼ» ԱՆՎԱՆԵՑ

Փետրվար 19,2009 00:00

Մոլդովայի նախագահ, կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը երեքշաբթի օրը այցելեց երկրի շրջաններից մեկը՝ Գագաուզիա, նոր շրջանային հիվանդանոցի բացման արարողությանը մասնակցելու համար: Այդ այցը, «Ռեգնումի» փոխանցմամբ, ուներ նաեւ նախընտրական բնույթ. երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Նա խստորեն քննադատեց Քիշնեւի քաղաքապետ, Լիբերալ կուսակցության նախագահ Դորինա Կիրտոակեին՝ անվանելով նրան «դեբիլ» եւ Հարրի Փոթեր: Դիմելով գագաուզներին՝ նա կոչ արեց քվեարկել միայն կոմունիստների օգտին եւ ասաց. «Ձեզ, ի՞նչ է, ծեծե՞լ է պետք, որպեսզի դուք մեզ սիրեք: Ձեզ թալանե՞լ է պետք, որ դուք մեզ սատարեք»: Նա անդրադարձավ նաեւ Գագաուզիայի ղեկավար Միխայիլ Ֆորմուզալին: «Ֆորմուզալը, որը նապաստակի նման փախչում է ինձնից, ասում է, որ Գագաուզիան սատարելու է Տարլեւին,- նկատի ունենալով Ցենտրիստական միության առաջնորդին՝ ասաց Մոլդովայի նախագահը,- հաշվի առեք, որ նրա օգտին տված ձայները հօդս կցնդեն, նրանք խորհրդարան չեն անցնի, կփախչեն տաք երկրներ: Ինչպես գարեջուրը առանց օղու՝ անիմաստ ծախս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել