Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԻ ԽՈՍՔԵՐԸ ՍՐԵՑԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Փետրվար 19,2009 00:00

Մոսկվան անարձագանք չի թողնի Ուկրաինայում ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին «պերսոնա նոն գրադա» (անցանկալի անձ) հայտարարելը, եթե նման բան տեղի ունենա: Այդպիսին է, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները նշում են, որ նման քայլերը չեն համապատասխանում 2 երկրների միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու հայեցակարգին: Իր կողմից Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունները, ընդգծել է, որ պաշտոնական Կիեւը անցել է քաղաքակրթության բոլոր սահմանները: «Ինքնին նման հարցադրումը արդեն իսկ չլսված բան է,- ասել է քաղաքագետը։- Սովորաբար օտարերկրյա դեսպանին «պերսոնա նոն գրադա» հայտարարելը նշանակում է այդ երկրին պատերազմ հայտարարել, սակայն ես չեմ կարծում, որ Ուկրաինայի իշխանությունները ի վիճակի են պատերազմել Ռուսաստանի հետ»:

Երեքշաբթի օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն զգուշացրեց Չեռնոմիրդինին, որ նա կարող է հայտարարվել «պերսոնա նոն գրադա»: ՌԴ դեսպանը հրավիրվել էր Ուկրաինայի ԱԳՆ, որտեղ ԱԳ նախարար Օգրիզկոն իր բողոքն է հայտնել Չեռնոմիրդինի «ոչ բարեկամական եւ չափազանց ոչ դիվանագիտական գնահատականների ու մեկնաբանությունների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Չեռնոմիրդինը անվանեց Ուկրաինայի դիրքորոշումը գազային հարցում «զառանցանք եւ իսկական խեղկատակություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել