Ադրբեջանում այսօրվանից մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն կշարունակվի մինչեւ մարտի 16-ի ուշ երեկո, իսկ քվեարկությունը կկայանա մարտի 18-ին: Հանրաքվեի է դրվելու 41 փոփոխություն երկրի հիմնական օրենքի 29 հոդվածներում, իսկ ամենակարեւորը փոփոխությունների փաթեթում նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը վերացնող դրույթն է: Եթե քվեարկողները «այո» ասեն փաթեթին, ապա նախագահ Իլհամ Ալիեւը հնարավորություն կստանա երկրի ղեկավարի աթոռին մնալ նաեւ երրորդ, չորրորդ եւ ավելի ժամկետներում, ինչն էլ ընդդիմության շրջանում մտավախություն է ստեղծել, որ Ադրբեջանը գնում է դեպի միապետություն եւ բռնապետություն: Ընդդիմությունը ծրագրում է փետրվարի 22-ին բողոքի ակցիա անցկացնել: Ընդդիմադիր կուսակցությունները ձեւավորել են երկու շարժում՝ «Հանուն հանրապետության եւ Ղարաբաղի» շարժումը՝ «Ազադլիգ» դաշինքի նախաձեռնությամբ, եւ «Մուսաֆաթ» կուսակցության ձեւավորած Հանրապետական շարժումը: Սակայն հանրաքվեին ընդդիմացող գործիչները երկրում հետապնդվում են դեռ հունվարից: «Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տեղեկացրել էր, թե իշխանությունները ահաբեկում են բոլոր նրանց, ովքեր փորձում են ստորագրահավաք անցկացնել ընդդեմ հանրաքվեի: «Մուսաֆաթ» կուսակցության անդամներից մեկին էլ հունվարի 22-ին ձերբակալել են: