Հունիսին կբացվի Հայաստանում Գերմանական համալսարանը
Երեկ Այգեձորի 47 հասցեում բացվեց «Եվրոպայի տունը», որտեղ այսուհետեւ կգործեն Հայաստանում Գերմանական համալսարանը եւ 3 տարի առաջ մեր երկրում սկզբնավորված Եվրոպական շարժումը: ՀՀ-ում Գերմանական համալսարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսին, իսկ երեկ այդ կրթօջախի ապագա գործունեության մասին որոշ մանրամասներ հաղորդեց համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սարոյանը. «Համալսարանը մասնավոր նախաձեռնություն է, որի ստեղծման ակունքներում են կանգնած Գերմանիայից՝ գիտնականներ, պրոֆեսորներ, պետական գործիչներ, որոնք կարեւորում են այս գաղափարը: Մեծ ներդրում է ունեցել նաեւ Հայ-գերմանական ընկերությունը: Թեպետ համալսարանը Գերմանական է կոչվում, բայց նախատեսում ենք տալ միջազգային կողմնորոշում: Գործընկերային հարաբերությունների մեջ ենք եվրոպական այլ կրթական հաստատությունների հետ: Ուսանողների եւ դասախոսների փոխանակման առումով չպիտի սահմանափակվենք միայն Գերմանիայով, այլ նաեւ այլ եվրոպական երկրներ ներգրավենք»:
Քանի որ համալսարանի գործունեության հիմքում ընկած են եվրոպական արժեքները, մասնագիտություններն էլ կլինեն եվրոպագիտության հիմքի վրա: Օրինակ՝ եվրոպագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եվրոպագիտություն եւ նորարարական տնտեսություններ, մշակույթ եւ այլն: Համալսարանը կիրականացնի միայն մագիստրոսական եւ հետբուհական կրթություն: Կրթական գործընթացում հիմնական լեզուն կլինի անգլերենը, գերմաներենի իմացությունը՝ որպես ընդունվելու նախապայման, չի դիտարկվում: Համալսարանը կրթական գործունեությունը կսկսի սեպտեմբերից, իսկ ընդունելությունը՝ հունիսից: Է. Սարոյանը ուսման վարձավճարի մասին դեռ ոչ մի կոնկրետ բան չասաց, պարզապես հավաստիացրեց. «Այն չի գերազանցի շուկայում առկա լավագույն համալսարանների վարձավճարները»:
Լրագրողներին հետաքրքրեց, թե հայ ուսանողին հատկապես ինչո՞ւ պիտի գայթակղի այս կրթական հաստատությունը: Պարոն Սարոյանը պատասխանեց. «Հայաստանում ավանդական կրթական համակարգի բնույթը խիստ տեսականացված է, ինչի պատճառով ուսանողները, լուրջ գիտելիքներ ձեռք բերելով, չեն իմանում ինչպես այն կիրառել: Արդյունքում՝ աշխատաշուկան չի գտնում պատրաստի մասնագետների, իսկ մասնագետը չունի այն գործիքը, որով կարող է իր գործունեությունն առաջարկել»: Գերմանական համալսարանը պիտի լուծի այս բացը նորագույն կրթական տեխնոլոգիաներ կիրառելով, մասնավորապես՝ համագործակցելով Գերմանիայում գործող կրթական կենտրոնների հետ, ինչի արդյունքում ուսանողի ցանկացած դասախոսը՝ առանց տարածական սահմանափակությունների, կարող է դասախոսություն կարդալ օն-լայն միջոցով:
Ներկա էր նաեւ համալսարանի հիմնադիր եւ պատվավոր նախագահ, պրոֆեսոր, փիլիսոփայության եւ աստվածաբանության դոկտոր Պաուլ Իմհոֆը, որն իր խոսքում նշեց. «Ցանկացած լուրջ գործ ձեռնարկելիս պիտի լավ հարաբերությունների մեջ լինել կառավարության հետ, իսկ մեր հարեւանությամբ են գտնվում ՀՀ նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց առանձնատները»: Քանի որ համալսարանը մինչ այժմ ԿԳՆ-ում գրանցված չէ, հետաքրքրվեցինք՝ գործընթացը ընթացքի մե՞ջ է, թե՞ կան խոչընդոտներ: Է. Սարոյանը պատասխանեց, որ որեւէ խոչընդոտ չկա: