Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԱՔՐԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ ԱՂԲԻՑ»

Փետրվար 19,2009 00:00

\"\"Կոչ են անում լեզվաբանները, նշելով, որ դրա համար պարտադիր չէ գործածել արհեստածին ճոռոմ բառեր

Արդեն 5-րդ տարին է, որ Հայաստանում փետրվարի 21-ին նշվում է Մայրենիի օրը: Այս տարի եւս այդ առիթով նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մի մասը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ՀՀ ԿԳՆ առընթեր Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) պետ Լավրենտի Միրզոյանը: Այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հանրապետության բոլոր դպրոցներում 3-րդ դասաժամը կնվիրվի Թումանյանին: Այս օրը հռչակել են նաեւ գիրք նվիրելու օր, եւ դպրոցներում գրքեր են նվիրելու: Փետրվարի 20-ին ԵՊՀ ռոմանո-գերմանական լեզուների ֆակուլտետում կկայանա կլոր սեղան՝ «Չմոռանաս քո մայրենին» խորագրով: Իսկ փետրվարի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պետականորեն կնշվի Մայրենիի օրը: Մի քանի օր ուշացումով՝ փետրվարի 25-ին, Մայրենիի օրը կնշվի նաեւ Արցախում, ուր կմեկնի ԼՊՏ պատվիրակությունը՝ իր հետ տանելով բազմաթիվ գրքեր Շուշի քաղաքի երկու դպրոցների, Արցախի երկու համալսարանների եւ Վանք գյուղի դպրոցի գրադարանների համար:

Լ. Միրզոյանը հիշեցրեց, որ ողջ տարվա ընթացքում ԼՊՏ-ն ուսումնասիրել է եթերի, գրքերի եւ թերթերի լեզուն: Պարզվում է՝ միայն թերթերն ու էլեկտրոնային լրատվամիջոցները չեն, որ աղավաղում են հայերենը, գրում կամ խոսում են բազմաթիվ սխալներով: Լեզվի դեմ մեղանչում են նաեւ գրքերի հրատարակիչները՝ հրատարակելով ոչ միայն ոճական ու շարահյուսական, այլեւ բազմաթիվ ուղղագրական սխալներով գրականություն: Այդ իսկ պատճառով ԼՊՏ-ն որոշել էր խրախուսել «մայրենիի նվիրյալներին»: 2008թ. լավագույն (լեզվի առումով) գիրք է ճանաչվել «Հայաստանի ազգային ատլասի» Բ հատորը: Վերջինիս խմբագիր Մանուկ Վարդանյանից բացի, հավաստագիր ստացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը՝ 2008-ի լավագույն լեզվաբանական հրատարակչություն ճանաչված՝ «Հայոց լեզվի բարբառային ատլասի» 1-ին պրակի հեղինակը: Պատվոգրեր ստացան նաեւ «նվիրյալներ» Զավեն Հարությունյանը՝ «Դիպված» հաղորդաշարի համար, եւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Պարոն Միրզոյանն անդրադարձավ նաեւ իրենց բուն գործունեությանը: 2008-ի նոյեմբերի 20-30-ը տեսչությունը հերթական վերահսկիչ տասնօրյակն է անցկացրել, որի ընթացքում ստուգվում են խանութների եւ այլ հասարակական օբյեկտների ցուցանակների լեզուն եւ գրագիտությունը: Արդյունքում 24 գործ ուղարկվել է վարչական դատարան: 13 կազմակերպություն նախատեսված եռօրյա ժամկետում վերացրել է խախտումները, եւ նրանց վրա ակտեր չեն գրվել: Պարոն Միրզոյանը դժգոհեց օրենքում առկա բացից. օրենքը 3-օրյա ժամկետ է տալիս խախտումը կատարողին, եւ խանութպանը 3 օրով օտարահունչ ցուցանակը հանում է, պահում է խանութում եւ երեք օրից կրկին դնում է: ԼՊՏ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ օրենքը թույլ չի տալիս մեկ տարվա մեջ մեկ անգամից ավելի նույն օբյեկտում ստուգում անցկացնել:

Պարոն Միրզոյանից բացի, «Ուրբաթ» ակումբ էր հրավիրված նաեւ լեզվաբան, ԵՊՀ լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը, ըստ որի՝ լեզվի դեմ արվող ոտնձգությունների դեմը հնարավոր չէ առնել ակտերով եւ այլ վարչական միջոցներով, այլ պետք է սեփական օրինակով հասնել դրան: Նա հիշեցրեց, թե ինչպես էին գրական, բայց ոչ ճոռոմ լեզվով խոսում Պարույր Սեւակը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլք: «Դա ավելի շատ շնորհքի խնդիր է, քան գրագիտության»,- ասաց Ռ. Սաքապետոյանը եւ որպես օրինակ բերեց մերօրյա արձակագիր Մարինե Պետրոսյանին. «Ակնհայտորեն գրագետ մարդը միտումնավոր կերպով «է» օժանդակ բայի փոխարեն գրում է «ա», ընդ որում՝ բարձր բաների մասին գրելիս: Ասենք, գրում է՝ «էքզիստենցիալիզմը զարգանում ա»… դա լեզվական անճաշակության մասին է խոսում: Ինձ չեն հետաքրքրում նրա հանճարեղ մտքերը, նրա քաղաքական հայացքները, ինձ հետաքրքրում է այդ ոճական կազուսը: Այո, կարելի է դիմանալ առանց «ահեղամռունչ» կամ «կայծակնագանգուր» բառերի, բայց խոսել գրագետ»:

Բնականաբար, խոսք գնաց նաեւ եթերի ու, մասնավորապես, սերիալների լեզվից: Ըստ Ռ. Սաքապետոյանի՝ պետք է տարբերակել պաշտոնական տեղեկատվության լեզուն կենդանի շփման լեզվից: Նա ընդունում էր, որ «սերիալներից թափվող լեզվական կեղտը հեղեղի նման հոսում է էկրաններից», սակայն հասկանում էր նաեւ, որ «օրինակ, Ճպըլը չի կարող բարձր գրական լեզվով խոսել, դա ծիծաղելի կլինի»: Իսկ Լավրենտի Միրզոյանը համարում է, որ այսօրվա սերիալները նույն դերն են խաղում, ինչ «համայնավարական ժամանակաշրջանում՝ հնդկական կինոները», ասել է թե՝ պարապ վախտի խաղալիք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել