1988-ի փետրվարի վերջին շաբաթը հայ ժողովրդի հիմնական հավաքատեղին այս հրապարակն էր
1988-ի փետրվարի վերջին շաբաթն ամբողջովին փոխեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կյանքը: «Ռոքէնռոլի», ֆրանսիական կինոյի եւ ռուս գրականության սիրահար խորհրդային երիտասարդն այլեւս չէր կարող շարունակել դասախոսական աշխատանքը Երեւանի պետհամալսարանում, քանի որ նրա շուրջ աշխարհը փոխվում էր:
«Մինչեւ Սումգայիթի դեպքերը՝ յուրահատուկ հայկական պարահանդես էր, եղբայրության հեղափոխություն: Հետագայում իմ ֆիլմերում եւ հոդվածներում գրում էի, որ 20-րդ դարում իրականացան Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսները՝ ազատություն, հավասարություն եւ հայրենասիրություն: Մեզ համար փետրվարի վերջին շաբաթն իսկական հեղափոխություն էր»,- ասում է Խզմալյանը:
1988-ի փետրվարի վերջին շաբաթը հայ ժողովրդի հիմնական հավաքատեղին Օպերայի հրապարակն էր: Գորբաչովյան «գլասնոստը» խորհրդային բազմազգ երկրի որեւէ այլ լեզվով այնպես հրաշալի չթարգմանվեց, ինչպես հայերենում՝ «հրապարակայնություն»: Օպերայի հրապարակը, հարթակը, խոսափողը մագնիսի պես ձգում էր արդարության ծարավ հայերին՝ Երեւանից, գավառական քաղաքներից, գյուղերից:
«Ղարաբաղ» կոմիտեի ավագ անդամ, հանգուցյալ Ռաֆայել Ղազարյանը 1988-ի փետրվարը եւ հետագա երկու տարիները համարում էր հայ ժողովրդի պատմության պայծառ էջերը: Այդ տարիներին, ասում էր նա, Շարժումը մաքուր էր, այնտեղ շահադիտական բան չկար, հանուն Շարժման՝ մարդիկ պատրաստ էին անձնազոհության. «Հրապարակում հավաքված մարդկանց թվում էր, թե ուր-որ է Ղարաբաղի հարցը կլուծվի, Մոսկվան մարզն Ադրբեջանի կազմից կհանի եւ կփոխանցի Հայաստանին, այսպիսով՝ կվերականգնվի պատմական արդարությունը»:
Առաջին անգամ Խորհրդային Միությունում սկսվում է զանգվածային ազգային հզոր շարժում, որը մարտահրավեր էր նետել քաղաքական-վարչական համակարգին, կուսակցության մենիշխանությանը եւ պետությանը:
Ղարաբաղյան առաջին ցույցը տեղի էր ունեցել 1988-ի փետրվարի 12-ին՝ Լեռնային Ղարաբաղի գավառական Հադրութ քաղաքում, իսկ հաջորդ օրերին՝ Ստեփանակերտում, Երեւանում, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Հայաստանում առաջին ցույցը սկսվում է Աբովյան քաղաքից: Փետրվարի 18-ին քաղաքի գործարաններից մեկի բանվորները բնապահպանական խնդիրների լուծման պահանջով ոտքով շարժվում են դեպի Երեւան: Մեկ-երկու օր անց արդեն բնապահպանական բողոքը վերածվեց ղարաբաղյան պահանջատիրության:
Հայաստանի կոմկուսի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը տիկնոջ հետ մեկնում էր Մոսկվա: «Այդ օրը բնապահպանների ցույցն էր, Կարենն ասաց, որ վաղը լինելու է ղարաբաղյան ցույց: Նրա համար ոչ մի անսպասելի բան չկար: Նա ասում էր, որ հիմա հարցը չի լուծվի, ժամանակից շուտ է, դեռ չի հասունացել: Երբ հարցը բարձրացվեց, նա մտածում էր Ղարաբաղի կարգավիճակը բարձրացնելու մասին՝ Ղարաբաղը դառնա ինքնավար հանրապետություն: Նրա գրառումներում կա, որ այդ հարցում հաջողվել է պայմանավորվել Լիգաչովի եւ մյուսների հետ»,- ասում է Ռիմա Դեմիրճյանը:
Շարժման առաջնորդներից Զորի Բալայանը բրիտանացի հեղինակ Թոմաս դե Վաալին այսպես է ներկայացրել այդ օրերի վիճակը. «Մենք Օպերայի հրապարակում հավաքվեցինք զուտ բնապահպանական կարգախոսներով, բայց դրանց մեջ, ասենք, մեկն ասում էր. «Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է»: Որեւէ մեկն ուշադրություն չդարձրեց դրան: Հաջորդ հանրահավաքում նման մի քանի կարգախոսներ ավելացան: Իգոր Մուրադյանը, երբ մարդկանց առաջնորդում էր հրապարակ, իր հետ բերել էր նաեւ Գորբաչովի դիմանկարները: «Լենին, պարտիա, Գորբաչով»-ը նրա կարգախոսն էր, ինքն էր հորինել: Երեք շաբաթ անց նա հորինեց եւս մեկը. «Ստալին, Բերիա, Լիգաչով»: Այս եղանակով ժողովուրդը համակերպվեց այն գաղափարի հետ, որ բացի «Նաիրիտից» եւ Սեւանից, կարող է խոսել նաեւ ազգային հարցերի մասին: Մեկ ամիս անց «Նաիրիտն» ու Սեւանը հիշատակվում էին միայն հինգ րոպե»:
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մի իրադարձություն, որը կարող է համարվել ամենաաննախադեպներից մեկը ողջ Խորհրդային Միության քաղաքական պատմության մեջ: Ղարաբաղի տեղական խորհրդարանը անց է կացնում արտահերթ նստաշրջան եւ 110 «կողմ» (140 պատգամավորներից հենց 110-ն էին հայ, 30 ադրբեջանցի պատգամավորները չեն մասնակցում քվեարկությանը) քվեներով ընդունում է պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդին եւ Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադր. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադր. ԽՍՀ կազմից Հայկ. ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»:
Արցախցի գրող Վարդան Հակոբյանը պատմում է. «Այնուհետեւ մեջտեղ եկավ որոշումն օրինականորեն ձեւակերպելու խնդիր, որն առանց ԼՂ մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանի վճռորոշ դերի ու մասնակցության՝ հնարավոր չէր լինի կազմակերպել: Ուզում էինք ամեն ինչ անել պատշաճ մակարդակով. յուրաքանչյուր հարց իրավաբանորեն ճիշտ մեկնություն էր ստանում Երեւանից ժամանած հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի խորհուրդներով»:
Մինչ հայությունը Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում խանդավառված էր ղարաբաղյան խնդրի մոտալուտ լուծման հեռանկարի պատրանքով եւ հանուն Ղարաբաղի դուրս էր եկել հրապարակ, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը (որը փողոց դուրս եկած առաջնորդներից հավանաբար պակաս հայրենասեր չէր) հայտնվել էր երկու կրակի արանքում: Ներքեւից նրանց ճնշում էր ժողովուրդը, վերեւից՝ Կրեմլը:
Այս իրավիճակում Դեմիրճյանը դուրս է գալիս հրապարակ եւ հանդիմանություններին ի պատասխան՝ հայտարարում, որ Ղարաբաղն իր գրպանում չէ, որ հանձնի Հայաստանին: Սիրված ղեկավարի խոսքերը, որքան էլ լինեին դառը ճշմարտություն, ակնհայտորեն ժամանակավրեպ էին, ինչը եւ բերեց հեղափոխական զանգվածների բուռն հակազդեցությունը:
«Կարենը դուրս եկավ ժողովրդի մեջ եւ հայտարարեց, որ Մոսկվայից պահանջում են Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողով ստեղծել, բայց մարդկանց դա քիչ թվաց, նրանք անհապաղ պահանջում էին Ղարաբաղը միացնել Հայաստանին: Երբ ժողովուրդը դժգոհեց, Կարենն ասաց. «Ղարաբաղը հո գրպանումս չէ՞, որ տամ»: Դա ես համարում եմ պատմական խոսք. հիմա էլ մենք սպասում ենք, թե ինչ կասի միջազգային հանրությունը, ինչպես կընթանան զարգացումները, հիմա էլ Ղարաբաղը ոչ մեկի գրպանում չէ, որ հանի ու տա»,- հիշում է տիկին Դեմիրճյանը:
Վալերի Աթաջանյանը Ադրբեջանի Կենտկոմում աշխատող ղարաբաղցի չինովնիկներից էր: «Փետրվարի 20-ին տեղի ունեցավ նստաշրջանը, երկու օր անց՝ Կենտկոմի տեսուչներին՝ հիմնականում հայ եւ ռուս, Դեմիչեւի եւ Կոնովալովի հետ նույն ուղղաթիռով գործուղեցին Ստեփանակերտ, որպեսզի անցկացնենք մարզկոմի նիստ եւ հեռացնենք Բորիս Կեւորկովին: Ուղղաթիռից մենք տեսնում էինք, որ Ասկերանի մոտակայքում ժողովուրդ է հավաքված, գարեջրի գործարանի մոտ երեւում էին այրվող ավտոմեքենաներ: Այդ օրվանից այլեւս չվերադարձա Բաքու»,- ժպտալով պատմում է Աթաջանյանը:
Փետրվարի 22-ին, երբ Ղարաբաղում եւ Հայաստանում շարունակվում էին անընդմեջ հանրահավաքները, Ադրբեջանի Աղդամ քաղաքից հարյուրավոր ադրբեջանցիներ շարժվում են հայկական Ասկերան ավանի ուղղությամբ՝ ճանապարհին հրդեհելով ամեն պատահած բան: Ադրբեջանցիները փորձում էին ի պատասխան հանրահավաքների, Հայաստանին միանալու կոչերի՝ վախեցնել արցախահայերին:
Ասկերանի մերձակայքում տեղի է ունենում հայ-ադրբեջանական ընդհարում, սպանվում է երկու ադրբեջանցի: Նրանցից մեկի՝ Աղդամի գործարանի 22-ամյա հաստոցագործ Ալի Հաջիեւի սպանության հետ հայերը կապ չունեն: Ալին, ինչպես ժամանակին հաստատել են դեպքին ականատես ադրբեջանցիները, սպանվել է ադրբեջանցի ոստիկանի ատրճանակի կրակոցից: Բախումների ընթացքում մյուս զոհը՝ 16-ամյա Բախտիյար Ուլիեւը, ամենայն հավանականությամբ, սպանվել է ասկերանցիների որսորդական հրացաններից կամ ներքին գործերի աշխատակիցների զենքերից արձակված գնդակից:
Հայերն ու ադրբեջանցիները ընտրեցին Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պատերազմական ճանապարհը: