Ռաքել Դինք՝ ցավ եւ ուժ
«Ակոս» թերթի խմբագիր՝ 2007 թվականի հունվարին սպանված Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը Արգենտինայի մայրաքաղաքում մասնակցել է Հայ կանանց միջազգային կազմակերպության 5-րդ համագումարին եւ տեղի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկին՝ «Կլարին»-ին տված հարցազրույցում ասել, որ իր ամուսնու սպանությունից ընդամենը երկու օր անց 17 մարդ ձերբակալվեց, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպանությունը որակեց «գարշելի ոճիր», բայց, միեւնույն է, «սպանության պատասխանատուն Թուրքիա պետությունն է, որը կույր ձեւացավ ամուսնուս հասցեին մեղադրանքների առջեւ»:
Արգենտինական թերթի լրագրողը գրում է, որ «Ռաքել Դինքի հայացքը ցավի եւ ուժի խառնուրդ է փոխանցում իր հետ խոսողին, եւ այդ ցավն ու ուժն են, որ այրուն ստիպում են հետեւողական լինել սպանված ամուսնու թողած պատգամը կյանքի կոչելու հարցում: Չնայած սրան, նա խոսում է մեղմ եւ ծանրակշիռ»:
Ի գիտություն Հրանտ Դինքի սպանությունը քաղաքական շահարկումների առարկա դարձնողների՝ Հրանտ Դինքի այրին ասել է, որ ամուսինն ամեն ինչ անում էր՝ հասնելու հայ-թուրքական իրական երկխոսության, ուզում էր երկու ժողովուրդների միջեւ հասնել արդարության, ճշմարտության եւ համերաշխության: Այլ խոսքով, որպես Թուրքիայի քաղաքացի, ուզում էր, որ իր պետությունը ընդունի գործած սխալը, որպես հայ՝ ուզում էր ճանաչված տեսնել 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:
Ռաքել Դինքն ասել է նաեւ, որ ամուսնու սպանությունից հետո ինքն էլ է սպառնալիքներ ստանում, բայց, ինչպես ամուսինը, չի պատրաստվում տեղի տալ: Ինչպես եւ Հրանտ Դինքը, Ռաքել Դինքը եւս կարծում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայերի ցեղասպանությունը ոչ թե միջազգային ճնշման տակ, այլ՝ որպես իր արածի համար պատասխանատվության ստանձնում, որպես ժողովրդավարանալու հետեւանք:
Խոսելով Հայաստանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտության մասին՝ Հրանտ Դինքի այրին ասել է. «Մարդիկ պատրաստ են մերձեցման, սակայն թուրք ժողովուրդը ենթարկվում է կառավարության ճնշումներին: Եթե կառավարությունը խոսի խաղաղության եւ երկխոսության մասին, եթե կառավարությունը համագործակցության կոչի, ժողովուրդները կընդառաջեն նման վարքը: Ֆուտբոլը հստակ դարձրեց այս մեկը»:
Հունաստանում՝ ընդդեմ Ադրբեջանի
Եթե Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ամենաթեժ պահին՝ Հայաստա-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, ՀՅԴ ջահելները Ծիծեռնակաբերդում ջահեր էին վառել եւ հույս ունեին, թե Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կտեսնի դրանք, ապա Հունաստանում ՀՅԴ ջահելները կարողացել են առավել հաջող բողոքի ակցիա կազմակերպել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Հունաստանում գտնվելու օրերին:
Փետրվարի 17-ին, երբ Հեյդար Ալիեւի որդին ու նրա ղեկավարած պատվիրակությունը հասել են Հունաստանի առեւտրաարդյունաբերական պալատ՝ Հունաստանի նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ գործարարների հետ հանդիպման, ՀՅԴ ջահելները մեծ՝ «Ղարաբաղն արդեն անկախ է» պաստառներով եւ «Ղարաբաղը մերն է» վանկարկելով են դիմավորել Հունաստանի հյուրերին: Իսկ ահա Հունաստանի նախագահին ՀՅԴ ջահելները ընդունել են ծափերով:
Ի դեպ, ոչ մի ցուցարար չի տուժել, ոչ մեկը չի ձերբակալվել, բարձրաստիճան հյուրի «քթի տակ» բողոքի ակցիա կազմակերպելուն ոչ ոք չի խոչընդոտել: Սա ասում ենք՝ հիշեցնելու համար, որ, ըստ հավաստի լուրերի, Երեւանում ՀՅԴ ջահելներին արգելվեց բողոքի ակցիան Թուրքիայի նախագահի տեսողական դաշտի սահմաններում: Արգելեց իշխանությունը, որի մաս է կազմում նաեւ ՀՅԴ-ն:
Իսկ Հունաստանում, հավանաբար, հայերից իր «մուռը» հանելու համար Հեյդար Ալիեւի որդին Հունաստանի նախագահի հետ զրույցի եւ ընթրիքի ժամանակ Հայաստանին ագրեսոր է անվանել եւ պնդել, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը: