ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահի հայրենի քաղաքում օբամայապաշտություն տեսանք, բանդիտներ՝ ոչ:
«Սայաթ-Նովա» ռեստորանը:
Հարյուր հարկանի երկնաքեր:
Չիկագո գետը նախկինում Միչիգան էր լցվում, հիմա, լճի բարձրանալուց հետո, հոսում է հակառակ ուղղությամբ:
Լավ է, երբ օգտակարն ու հաճելին համատեղվում են: Նման հնարավորություն հայաստանցի ութ լրագրողների ընձեռեց Կրթության զարգացման ակադեմիան՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: «Ընտրությունների արդյունքների հետաքննություն» ծրագրով, մրցույթով ընտրված ութ լրագրողներ, այդ թվում՝ տողերիս հեղինակը, փետրվարի 1-7-ը գտնվում էինք ԱՄՆ Չիկագո քաղաքում:
Ընտրություններ՝ ամերիկյան ձեւով
Իլինոյս նահանգի ընտրությունների կազմակերպման հանձնաժողովում ականատես եղանք քվեարկությանը, նույնիսկ փորձնական քվեարկեցինք: Քվեարկությունը երկու ձեւով է արվում՝ համակարգչով եւ սովորական քվեաթերթիկի վրա նշում կատարելով: Այս համակարգը ներդրվել է 2006 թվականին: Արդյունքում՝ նախկին 7% անվավեր քվեաթերթիկների փոխարեն անվավերները ընդհանուրի 1%-ն են կազմել:
Իսկ ընտրակեղծիքներ լինու՞մ են՝ հայ լրագրողներից մեկի այս հարցը սկզբում չհասկացվեց: «Արդեն 18 տարի մեր նահանգում ընտրությունների արդյունքների բողոքարկման համար դատարան չեն դիմել»,- պարզաբանեց հանձնաժողովի ղեկավարը: ԱՄՆ-ը մտածում է նաեւ ազգային փոքրամասնությունների մասին: Քվեաթերթիկը, անգլերենից բացի, նաեւ իսպաներեն եւ չինարեն է, առաջիկայում կորեական լեզվով գրառումներ էլ կհայտնվեն, քանզի կորեացիների թիվն ԱՄՆ-ում աճել է:
Լրատվության հնարքներ
«Եթե մարդկային լավ պատմություն գիտես՝ գրիր: Բարու եւ չարի նկատմամբ օբյեկտիվ լինելու փոխարեն պիտի արդար գրես: Թույլ մի տուր, որ հզոր ուժերը քեզ տիրեն, եւ մի թերագնահատիր այն ուժը, որ քեզ տրված է՝ որպես լրագրողի»: Սա բազմափորձ լրագրող, նախկինում «Նյու Յորք Թայմսի» թղթակից Ստիվեն Կինցերի պատգամն էր հայաստանցի լրագրողներին: Նրա բնորոշմամբ, լրագրողը չպետք է որեւէ թիմի մեջ լինի: Պատկերավոր ասած, ինչպես ֆուտբոլային խաղի հանդիսատեսը, նա պետք է կողքից, առանց մասնակցելու, դիտի խաղը եւ արձանագրի՝ ոչ թե իրեն զգա թիմի անդամ եւ լինի դաշտում: Հետաքննող լրագրող Ջոն Մուրովիչի համոզմամբ էլ, լավ հետաքննող լրագրող դառնալու համար պահանջվում է վճռականություն, համբերատարություն, զգուշություն՝ սխալներ թույլ չտալու համար, ինչպես նաեւ՝ անաչառություն, էթիկայի կանոնների պահպանում: Դրան գումարած, հարցազրույց վարելու, փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ եւ ոչ միայն նայելու, այլ նաեւ տեսնել-նկատելու ունակություն: «Մեդիլ» լրագրողական դպրոցում, ուր լրագրության մագիստրոսի կոչում են շնորհում, մեծ ուշադրություն են հատկացնում ուսուցման գործնական կողմին: Տեսական դասընթացից հետո ամեն օր, երկու ժամվա ընթացքում լրագրողը պետք է մի հոդված գրի: Լրագրության այս դպրոցում սովորելը դժվար է, սակայն ավարտողները կարողանում են աշխատանք գտնել:
Չիկագոյի հայերը
Ռասաների եւ ազգերի այս խառնարանում նկատելի է նաեւ հայերի հետքը: Քաղաքի արվեստի ինստիտուտում այդ օրերին բացվել էր աշխարհահռչակ Յուսուֆ (Հովսեփ) Քարշի լուսանկարների ցուցահանդեսը: 2002-ին կյանքից հեռացած հայ լուսանկարչի գործերը հիացնում են իրենց վարպետությամբ: Տարբեր երկրների նախագահներ, արվեստի նշանավոր գործիչներ կարծես կենդանի կանգնած են քո առաջ: Եվ ոչ մի լուսանկար՝ իր ոճով, մտահղացմամբ, նման չէ մյուսին: Քարշը կարողացել է յուրաքանչյուրի մեջ գտնել ամենաբնորոշը:
Հայկական ներկայություն զգացվում է նաեւ քաղաքի կենտրոնում, ուր գործում է «Սայաթ-Նովա» հայկական ռեստորանը: Լրագողներիս խմբի թարգմանիչը տեղի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու սարկավագն էր՝ Լեւոն Կիրակոսյանը, ով նաեւ հայկական երգերի վարպետ կատարող է: Նրա վկայությամբ, Չիկագոյում Հայաստանյայց հայ առաքելական 4 եկեղեցի է գործում, առավել ակտիվ է 3-ը: Անթիլիասին պատկանող երկու եկեղեցի կա, գործում է նաեւ Հայ ավետարանչական եկեղեցի: Սուրբ Հակոբ եկեղեցու շենքը տեղի հայերը գնել են 1955 թվականին: Եկեղեցին ոչ միայն աղոթատեղի է, այլեւ՝ հայերի զանազան միջոցառումների անցկացման վայր: Չիկագոյի հայերը $150 հազար են հանգանակել այս կառույցի ոչ հայկական տեսքը փոփոխելու, հոգեւոր օջախը վերանորոգելու համար: Տեղի հայերի մեջ նաեւ հաջողակ գործարարներ կան:
«Այս երկնաքերի տնօրենը հայ էր, այն վաճառելուց հետո ընկերությունը $150 միլիոնի օգուտ ստացավ»,- հսկա շենքը մատնացույց անելով՝ պատմում էր Լեւոնը: Հայ գործարարի է պատկանում քաղաքի կենտրոնում գտնվող գորգերի հայտնի խանութը, հաջողակ այլ հայեր էլ կան: Որ տեղի հայերից շատերը Հայաստանի կյանքին լավ տեղյակ են, համոզվեցի Լեւոնենց տանը՝ Չիկագոյի արվարձանում: Տանը ալեհավաքով հայկական ալիքներ են նայում: Ասացին, որ մշտապես ինտերնետով «Առավոտ» են կարդում: Իսկ Լեւոնի մեկհարկանի տունը կարծես փոքրիկ Հայաստան լիներ:
Ճգնաժամը՝ Օբամայի «հայրենի» քաղաքում
ԱՄՆ-ի բնակչությամբ երրորդ քաղաքը (արվարձաններով՝ 10 միլիոն մարդ), ինչպես տեղացիներն են ասում՝ «Շիկագոն», տպավորիչ էր երկինք ձգվող հսկա երկնաքերերով, հետաքրքիր ճարտարապետությամբ, Միչիգան լճով, այդ օրերին գրեթե սառած Չիկագո գետով: Եվ, իհարկե՝ ամերիկյան ջազով: Մեզ հյուրընկալող կազմակերպությունը՝ «Հարթլենդ Ինթերնեյշնլը» հոգացել էր, եւ մենք հաճելի երեկո անցկացրիք ջազ-ակումբներից մեկում: Չիկագոն գանգստեր Ալ Կապոնեով է հայտնի: Հատուկ գնացք է գործում՝ ցանկացողները կարող են պտտվել հայտնի ավազակի «մարտնչած վայրերով»: Սակայն Չիկագոն նաեւ Օբամայի հայրենիքն է: Փողոցներում դեռ այսօր էլ կարելի էր տեսնել նրա նկարները՝ հանրահայտ կարգախոսով՝ «Այո, մենք կարող ենք»: Ամենուր նկատելի էր նրա պաշտամունքը: «Չիկագոն՝ երեկոյան» հեռուստատեսային հաղորդաշարի վարող Ֆիլ Պոնսը, ով վերջին տարիներին 16 անգամ հյուրընկալել է Օբամային, նորընտիր նախագահին բնորոշեց որպես ամենախելացի մարդկանցից մեկը, ով նաեւ «ձիու եռանդ ունի»: Օբամայի խելքն ու եռանդը հիմա Ամերիկային շատ են հարկավոր: Ֆինանսական ճգնաժամը զգացվում է ամենուր: Ճգնաժամի հարվածները զգում են նաեւ լրատվամիջոցները, հատկապես՝ թերթերը: Նվազել է մամուլում գովազդատուների թիվը: Հանրահայտ «Չիկագո տրիբյուն» թերթի 500 աշխատողից շուրջ 100-ին կրճատում են, թերթին սնանկացում է սպառնում: Քաղաքի խանութներում նվազել են գնորդները, ավելացել՝ զեղչերը: Խանութների կամ ռեստորանների մուտքերի մոտ երբեմն կարելի է տեսնել մուրացկանների, հիմնականում՝ սեւամորթ:
«Բարեգործական ճաշարաններ են գործում, սրանք փող են խնդրում խմիչքի համար»,- տեղեկացրեց մեր ամերիկացի ուղեկիցը:
Ամերիկացիները, սակայն, ճգնաժամից ամենեւին վհատված չեն, նրանք սովոր չեն դժվարություններից նահանջելու: Ամերիկան մեծ հնարավորությունների երկիր է: Ամերիկացին հավատում է ժողովրդավարության, ստեղծագործ աշխատանքի ուժին, ազատ մրցակցությանը, որոնք էլ այդ մեծ երկրի զարգացման համար նոր ճանապարհներ են հարթում:
Հ. Գ. Հայաստանում հանցագործության մասին խոսելիս մեր քաղաքները համեմատում են Չիկագոյի հետ, սակայն գրեթե ամեն երեկո խմբով կամ միայնակ զբոսնելով Չիկագոյի փողոցներով՝ ոստիկաններ գրեթե չտեսա, հանցագործության որեւէ դեպք՝ նույնպես: