Գլխավոր դատախազի սկանդալային ցուցումները
Ա. Թամազյանը զարմացած էր:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունն իր կոլեգիայի նիստին հրավիրել էր լրատվամիջոցներին: Նախորդ օրը տեղի էր ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի մասին լրատվամիջոցները իրազեկված չեն եղել:
Ոստիկանության աշխատանքների «բացը» լրացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, երբ զեկուցումներով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանն ու Մնացական Սարգսյանը:
Ըստ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով եւ պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, վերջին տարիներին վճռաբեկ դատարանի կողմնակալ մոտեցման, անհիմն պատճառաբանություններով գործերը վարույթ չընդունելու, քննության չառնելու խոսակցությունները ի դերեւ են եղել, քանի որ «զգալիորեն աճել է բավարարված բողոքների քանակը»: Ա. Թամազյանը նշեց, որ 2008թ. 9 ամիսների ընթացքում բավարարվել է 10 բողոք, իսկ վերջին 3 ամիսներին՝ 32:
Ուսումնասիրվել էին նաեւ քրեակատարողական հիմնարկներում օրինականության պահպանման ընդհանուր վիճակը, ծանր հիվանդության պատճառով դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցերը: 2008 թ. դրությամբ, կալանավորվածների եւ դատապարտյալների թիվը եղել է 3539, իսկ այս տարվա դրությամբ 426-ով ավելի՝ 3965: Ի դեպ, հունվարի 1-ի դրությամբ, ազատազրկված կանանց թիվը 164 էր (նրանցից 23-ը դատապարտվել է սպանության համար): Նկատված թերությունների մեջ շեշտվեց վարչակազմի կողմից ընդունված որոշումների դեմ դատապարտյալների բողոքարկման իրավունքի իրականացման չապահովումը, դիմում-բողոքների «գրաքննությունը»: Դրանց մասին հաղորդումներ են ուղարկվել արդարադատության նախարարություն:
Իսկ ահա ոստիկանությունը, ըստ զեկուցողների, թաքցնում է հանցագործությունները, չի հաշվառում դրանք, եւ մեծ թիվ են կազմում «մարմնական վնասվածքի անվան տակ քողարկված, հաշտության հիմքով մերժված կամ կարճված գործերը»: Ըստ Ա. Թամազյանի, որեւէ մեկը չի կարող իրեն համոզել, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքում անցյալ տարվա ընթացքում կատարվել է 3 խուլիգանություն, կամ Շենգավիթում՝ 4: Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին մասնակցող անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հարցրեց, թե օրենսդրական ի՞նչ բացթողումներ կան, Ա. Թամազյանն ասաց, որ օրենքով իրենք զրկված են դեպքի վայր գնալու, քննչական գործողություններ կատարելու իրավասությունից: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը:
Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրապարակավ ցուցում տվեց դատախազներին՝ մասնակից չդառնալ քննչական գործողություններին: Երբ հերթը հասավ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերին, դրանց՝ ոստիկանների կողմից բացահայտմանը, գլխավոր դատախազը մի նոր ցուցում տվեց. «Եթե քննիչը գրել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել անծանոթ անձից՝ չհավատաք: Սա անպատիվ երեւույթ է իրավապահների համար»: Իսկ Ա. Թամազյանը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ ոստիկանությունն արձանագրում է, որ թմրամիջոցը ձեռք է բերվել «մահացած հոգիներից»: Այս ռեպլիկից՝ հունից դուրս եկած գլխավոր դատախազը հաջորդ ցուցումը տվեց. հանել բոլոր այս կարգի գործերը, մասնավորապես՝ խուլիգանության, որոնք ոստիկանների կողմից փակվել են, վկաների եւ տուժողների սուտ վկայություն տալու դեպքում պատասխանատվության ենթարկել նրանց:
Ի դեպ, երբ զեկուցում էր Մնացական Սարգսյանը, նա էլ ուշադրություն հրավիրեց բացահայտման արդյունավետությանը: Նա ասաց, որ «ձեւական հանցակազմով» գործերն ուղարկվում են դատարան: Գլխավոր դատախազի տեղակալին հետաքրքրում էր ոստիկան-քննիչների մասնագիտական ցածր մակարդակը: Միայն Կենտրոնի ոստիկանությունում 31 քննիչից մի քանիսն ունի 3 եւ ավելի տարիների աշխատանքային ստաժ: Նա ասաց, որ հաճախ են տրվում հաղորդագրություններ, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված տուժողը «ի վիճակի չէ հայտարարություն տալու»: Հետագայում այդ հանցագործությունները մոռացվում են, ինչպես անցյալ տարվա չհաշվառված 1069 դեպքերը:
Դրանից հետո ինչպե՞ս անվտանգ զգալ այս երկրում: