Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաբում են ու խաբում»

Փետրվար 19,2009 00:00

Իրացման գոտու բնակիչները համոզված են, որ իրենց հարցն այդպես էլ չի լուծվելու, իսկ իշխանությունների՝ ցուցարարներին տված խոստումները պարզապես «բլեֆ» են:

«Բուզանդի 89 հասցեի Գեւորգ Շաբոյանին պատկանող բնակարանն ու հողատարածքը մեկուկես տարի առաջ «Արթին» անշարժ գույք գնահատող կազմակերպությունը գնահատել էր 37 միլիոն դրամ, խրախուսանքն էլ հետը կազմում էր 51 միլիոն 970 հազար 100 դրամ: Այն ժամանակ տանտերը չէր ցանկանում այդքան գումարի դիմաց տունը տալ: Քաղաքապետարանի ԾԻԳ-ից էլ բոլոր իրացվող բնակարանների տերերին ասում էին, եթե համաձայն չեք այս կազմակերպության գնահատմանը, կարող եք դիմել այլ անկախ ընկերության կամ դատարան: Այն ժամանակ Շաբոյանները դիմեցին դատարան: Նրանց վերաքննիչ դատարանում ասացին, որ առանց խրախուսանքի մարդուն հանեն իր տնից, իսկ եթե վճիռը չկատարեն՝ ԴԱՀԿ-ի միջոցով նրանց բնակարանից կվտարեն: Շաբոյաններն էլ, տեսնելով, որ իրենց պիտի վտարեն, խնդրեցին վերականգնել խրախուսանքը: Սակայն այս ընտանիքը դիմել էր նաեւ «Կառուցագետ» անշարժ գույք գնահատող կազմակերպությանը, որն այդ նույն բնակարանն ու հողատարածքը գնահատեց 89 միլիոն 700 հազար դրամ՝ առանց խրախուսանքի: Դատարանում այս ընկերության «գնահատականը» հաշվի չեն առել»,- օրերս պատմեց «Առավոտի» խմբագրություն այցելած «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը: Նրան վրդովեցրել էր հատկապես այն, որ իրենց դժգոհություններին պատկան մարմինները մշտապես պատասխանել են, թե կարող են դիմել դատարան կամ անկախ գնահատողի. «Շատերը դիմեցին, բայց ի՞նչ օգուտ: Մենք բազմաթիվ դիմումներ ենք հղել նախագահին, պահանջելով վերականգնել մեր ոտնահարված իրավունքները՝ կամ գումարային տեսքով փոխհատուցում ստանանք, կամ էլ՝ բնակարան: Պետք է իշխանությունները պատասխանատվության ենթարկեն այն մարդկանց, որոնք կողոպտեցին կենտրոնի ժողովրդին: Նախագահն ու վարչապետը խոստացել են մեր հարցը լուծել, սակայն ամիսներով պատասխան չեն տալիս մեր հղած նամակներին: Ասում են, որ քաղաքապետը զեկուցել է նախագահին, որ ամեն ինչ վերանայելու են ու կամաց-կամաց լուծում են տալու, բայց ե՞րբ, ո՞ւր են այդ լուծումները»:

Վ. Հակոբյանի ներկայացմամբ, չնայած դիմելու են դատախազություն, սակայն արդեն ՀՀ իշխանություններից հիասթափված են. «Նրանք խոստանում են, որ օրենքի երկրում ենք ապրելու, կոռուպցիայի դեմ են պայքարում, սակայն ոչ մի փոփոխություն էլ մենք չենք զգում, քանի որ բոլոր անհրաժեշտ ապացույցները ներկայացնելու դեպքում էլ մեղավորները չեն պատժվում: Տեսնում ենք, որ նախագահն ու վարչապետը չեն կարողանում հարց լուծել եւ իրենց շրջապատի մարդիկ են որոշում՝ ինչ է լինելու»:

Պարոն Հակոբյանը խոսեց նաեւ իրենց կազմակերպած ցույցերի մասին՝ դժգոհելով, որ վերջին ժամանակահատվածում ոստիկանները չեն թողնում, որ ազատ եւ խաղաղ ցույց անեն. «Ախր, մենք իշխանափոխություն չենք ուզում անել, մենք մեր իրավունքների համար ենք պայքարում»: Նրա խոսքերով, Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը ասել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի իրացվող տարածքների բնակիչների հարցը լուծվի, միայն թե՝ պետք է գումար հայթայթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել