Առատաշեն գյուղում բնակվող Հարությունյան ամուսինները 7 զավակ ունեն, բայց այսօր միայնակ են ծերությունը դիմավորում:
«Մեկը Ռուսաստան ա, մեկը՝ Ամերիկա, մյուսը՝ Կանադա: Է՛, բալա ջան, ո՞ր մեկն ասեմ, ես էլ չգիտեմ: Էս տարիքիս Աստծուց մենակ մի բան եմ խնդրում՝ մի անգամ էլ լրիվին իրար գլխի հավաքված տենամ ու նոր հանգիստ խղճով գլուխս դնեմ բարձին ու մեռնեմ»,- «Առավոտի» հետ զրույցում արցունքն ու կարոտն աչքերին՝ ասաց Միսակ պապը: Միսակ ու Զվարթ Հարությունյանները 5 աղջիկ, 2 տղա, 20 թոռ եւ 8 ծոռ ունեն, սակայն այսօր նրանք Էջմիածնի Առատաշեն գյուղի մեծ տանը մենակ են ապրում: Օր ծերության ամուսինները մնացել են առանց օգնող ձեռքի: Մեծացել են եւ տեղաշարժվում են մեծ դժվարությամբ: Նրանց պատմելով, շատ հայաստանցիների նման իրենց զավակների՝ հայրենիքից հեռանալու պատճառն էլ եղել է ապրուստի միջոցների բացակայությունը: Եվ որքան էլ մեր երկրի իշխանությունները վստահեցնում են, որ «կյանքը լավացել է» ու ապրուստը բարելավվել, Հարությունյանների զավակները չեն շտապում վերադառնալ: Ամուսինների խոսքերով. «Բացումը արեց Շուշանս՝ միջնեկ աղջիկս: 97 թվականն էր, որ ինքը ընտանիքով գնաց Ամերիկա: Հետո մեկը մյուսի հետեւից գնացին. ի՞նչ անեին՝ գիտե՞ք էդ տարիներին մարդիկ ինչ պայմաններում էին ապրում»:
Տիկին Զվարթն իր կարոտը թոռների ու ծոռների նկարներից է առնում: Դրանք հերթով շարել է ու ամեն օր համբուրում է եւ ինչպես ինքն է պատմում՝ լաց լինում. «Մեռնեմ Աշոտիկիս ջանին, արդեն բեղեր ունի: Հիշում եմ, նրանց համար ընկույզ էի հավաքում ու խալաթիս գրպանում էնքան էի պահում՝ մինչեւ գան: Ամբողջ տունս ընկույզի կճեպներով էր լցվում»:
Միսակ պապը հաճախ հանդիմանում է իր կնոջը. «Զվարթը սրտից շատ թուլ ա: Ամբողջ օրը էրեխեքի նկարները վերցնում ա, պաչում ու լացում: Ասում եմ՝ ախր ի՞նչ ունես բողոքելու, որ ստեղ մնային՝ ինչո՞վ էին ապրելու, գոնե հիմա խիղճս հանգիստ ա, որ ապահով են ապրում, թեկուզ ուրիշ երկրում: Բայց Զվարթը կարոտին չի դիմանում»:
Զվարթ տատն էլ, ի պատասխան, նկատում է. «Շատ էլ որ իմ վրա խոսում ա, մեկ էլ կտենամ՝ մտել ա մի սենյակ ու ինձանից թաքուն նկարներն ա պաչում ու լացում: Բա հեռախոսով խոսալուց, մի բառ չասած՝ փուլ ա գալիս: Հետո էլ ինձ ա ասում՝ սրտից թուլ եմ: Բա մարդ 7 երեխա ունենա ու 6-ը իրանց երկրից զզված լինեն, գնան ուրիշ երկրի համար աշխատե՞ն: Բա պետությունը պետությո՞ւն ա, որ ասեմ՝ թողեք-եկեք, ստեղ աշխատանք էլ կա, ամեն ինչ էլ»:
Ամուսինների միակ մխիթարանքը հայրենիքում մնացած դուստրն է՝ Անահիտը: Ծերունիների պատմելով, դստեր բերած «անթել հեռախոսով» գոնե լսում են զավակների ձայնը. «Անահիտս էլ որ չլիներ՝ լրիվ կգժվեինք մենակությունից»:
Միսակ պապը 74 տարեկան է: Նրա պատմելով՝ Զվարթ տատը ոչ մի անգամ իր իրական տարիքը չի ասում: Տիկին Զվարթն իր ծնունդը նշում է Միսակ պապի ծննդյան օրը՝ ասելով, որ ինքն էլ է 74 տարեկան: Սակայն, երբ Զվարթ տատն այլ գործով էր զբաղված ու չէր լսում, թե ինչ է պատմում ամուսինը, Միսակ պապը ծիծաղելով ասաց. «Ես միշտ էլ իմացել եմ, որ ինքը ինձանից 3 տարի մեծ ա, բայց ցույց չեմ տվել, որ գիտեմ. Զվարթը դրանից շատ ա ամաչում»:
«Որ նոր էինք ամուսնացել, ոչ մի բան չունեինք՝ մի գոմի չափ սենյակ էր ու մի տախտակ, որ կառավաթի տեղ էինք օգտագործում: Ես ու Միսակը չարչարվում էինք ամբողջ օրը, բայց երջանիկ էինք մեր երեխեքով: Մեր չարչարանքով շատ բանի հասանք: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ էլ ունենք, բայց մենակ ենք ու ամողջ օրը կարոտով ու լացով ենք անցկացնում»,- ասաց Զվարթ տատը:
Միսակ պապն ու Զվարթ տատը հաճախ են նստում իրենց բակում ու ժամերով նայում երկնքին: Իսկ երբ մի ինքնաթիռ են տեսնում, Միսակ պապը մտքում եւ արցունքները խեղդելով, իսկ Զվարթ տատը բարձրաձայն արտասվելով կանչում են. «Սամալյոտ, սամալյոտ՝ երեխեքիս բեր մեր մոտ»: