Խոշոր ներկրողներին ԱԱՀ-ից 3 տարով ազատելու որոշումը՝ գործարարները արտոնություն չեն համարում
Որպեսզի մեր գործարարները կարողանան տնտեսական ճգնաժամի պայմաններում գոյատեւել եւ շարունակել իրենց բիզնեսը, կառավարությունը որոշել է հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում ֆինանսապես կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով աջակցել նրանց: Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հայտարարեց, որ որոշ ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկած ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով կհետաձգվի այն գործարարների համար, որոնց ներկրած ապրանքների կամ ներդրումային փաթեթի արժեքը կկազմի $1 միլիոն:
Նշենք, որ այս փոփոխությունը նախատեսվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծով: Օրենքը հիմնականում տարածվում է սարքավորումներ ներկրողների վրա, որոնք մեծ քանակությամբ են ապրանք ներկրում: Որոշ ներկրողների հավաստմամբ, այս օրինագիծը սատարում է միայն խոշոր բիզնեսին, իսկ փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ներկրողները, որոնք կատարում են ամսական, ասենք, 5 կամ 10 միլիոն դրամի ներկրում, արտոնությունից չեն օգտվում, մինչդեռ՝ դա անհրաժեշտ է հենց իրենց: Թե որքանով այս նոր փոփոխությունը կնպաստի, որ խոշոր բիզնեսը գոյատեւի ճգնաժամի պայմաններում, «Առավոտը» փորձեց պարզել մի քանի ներկրողներից: Պարզվեց, որ նրանցից ոմանք նույնիսկ տեղյակ չեն իրենց համար սահմանված արտոնությունից: Օրինակ, «Zigzag» ընկերությունից «Առավոտին» ասացին, որ իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը:
«Sony Ericson» բջջային հեռախոսների ներկրմամբ զբաղվող «Լոկալ դիվելոփմենթ» ընկերության տնօրեն Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ցանկություն էլ չունի այդ օրենքի արտոնությունից օգտվելու. «Մենք աշխատում ենք ընկերությունների հետ եւ ներմուծում ենք այնքան, որքան նախկինում: Ասեմ, որ ճգնաժամն էլ մեզ վրա գլոբալ ազդեցություն չունի: Մենք նախապես ենք փոխանցում ապրանքների գումարը, եթե չկարողանանք մաքսազերծել ապրանքը, ապա կբերենք ու վաճառելուց հետո, հաշիվ ապրանքագիր կազմելիս, ստիպված կլինենք վճարել, այդ դեպքում էլ ինչ տարբերություն, միեւնույն է՝ պիտի վճարենք ԱԱՀ-ն: Դրա համար ավելի լավ է միանգամից վճարեմ, քան թե 3 տարվա ընթացքում»: ՀԴՄ-ի ներկրմամբ զբաղվող «Տելետեկ» ընկերության հաշվետար Լիանա Վարդապետյանն էլ ասաց, որ իրենք ապրանք ներկրում են այնքան, որքան կարողանում են, ուստի չեն էլ ցանկանում օգտվել օրենքի այդ արտոնությունից: