Լրահոս
Օրվա լրահոսը

Նա առաջին քաղկալանավորն է

Փետրվար 19,2009 00:00

Այսօր լրանում է 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը՝ փետրվարի 19-ին, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային նախընտրական շտաբի ղեկավար Հարություն Ուռուտյանի կալանավորման մեկ տարին: Նա ընտրական եւ հետընտրական գործընթացների հետ կապված առաջին քաղկալանավորն է: Հ. Ուռուտյանը մասնակցել է արցախյան ազատամարտին, եղել է Անիի «Չավուշ» կամավորական ջոկատի հրամանատարը, պարգեւատրվել է տարբեր աստիճանի մեդալներով ու պարգեւներով: ԵԿՄ Անիի տարածքային կառույցի փոխնախագահն է, ՀՀՇ-ի Անիի տարածքային կառույցի նախագահը: Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունները նրան մեղադրեցին ՀՀ ՔՕ 149 հոդվածի 2-րդ մասով եւ 112 հոդվածով՝ ընտրական հանձնաժողովի գործունեությանը խոչընդոտելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: 2008թ. մարտի 12-ին Հյուսիսային քրեական դատարանը Հ. Ուռուտյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման, Վերաքննիչը պատժաչափն ընդամենը 1 տարով կրճատեց, իսկ ահա Վճռաբեկ դատարանը մերժեց Ուռուտյանի բողոքն ընդդեմ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման: Իսկ քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ սկիզբ էին առել դեռ 2008թ. սեպտեմբերի կեսերից եւ այն բանից հետո, երբ նա մասնակցեց ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էր առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Հենց դա դարձավ պատճառ, որպեսզի իշխանությունները քաղաքական որոշում կայացնեն նրան զրկելու Մարալիկի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Այդ ընտրություններից ընդամենը 4 օր առաջ թիվ 36 ԸԸՀ-ն արտահերթ նիստ գումարեց եւ ուժը կորցրած ճանաչեց Ուռուտյանի գրանցումը, հիմնավորելով, թե նա նաեւ ՌԴ քաղաքացիություն ունի, թեեւ 1999-ին եւ 2005-ին մասնակցել էր ՏԻՄ ընտրություններին:

Փետրվարի 19-ին Մարալիկի թիվ 36/34 տեղամասից ստանալով ահազանգ, որ Վազիկ Նազարյանի գլխավորությամբ Գյումրիից ընտրողներ են բերվել կրկնակի քվեարկության, նա այցելել էր տեղամաս, որտեղ մուտքի մոտ, իբր, խանգարել էր Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանի լիազորությունների կատարմանը եւ նրան «ծանր մարմնական վնասվածք» հասցրել: 2008-ի հիշյալ միջադեպից ժամեր անց Ուռուտյանը կալանավորվել էր: Ընդամենը 14 օր անց՝ մարտի 4-ին, արտակարգ դրության պայմաններում հապճեպ սկսվեց նրա գործի դատաքննությունը, որն ավարտվեց ռեկորդային արագությամբ. դատական 5 նիստ՝ ընդամենը 7 օրում: Դատարանը բավարարվել էր 4 ոստիկանի հակասական ցուցմունքներով՝ չապացուցելով նրա հանցանքը: Մերժվել էր պաշտպանի շարքային ընտրողներին, դատաբժշկին դատարանում հարցաքննելու միջնորդությունները: Այսինքն՝ հնարավոր չէր եղել պարզել՝ ինչպե՞ս էր ստացվել, որ տուժողի դեմքին, իբր, ճակատով հարվածելուց ինքը՝ Ուռուտյանը, որեւէ վնասվածք չէր ունեցել ճակատի հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել