Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որքան լավ կլինի, եթե խնդիրը լուծվի»

Փետրվար 19,2009 00:00

Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս համատեքստում է Գորան Լենմարկերը երեկ իր զեկույցում անդրադարձել ԼՂ խնդրին:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը հայտնեց «Առավոտին», որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ Վիեննայի «Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակություններին է ներկայացրել Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցը եւ տեղի է ունեցել նախնական քննարկում:

Ըստ պրն Աշոտյանի՝ զեկույցը կարելի է պայմանականորեն բաժանել 4 հատվածների: Առաջին հատվածը նվիրված էր առհասարակ խաղաղության վերականգնմանը եւ հակամարտությունների լուծումների որոնմանը: «Խոսվում էր նաեւ Հարավային Կովկասում եվրոպական քաղաքականության շնորհիվ հակամարտությունների լուծման ու տարաձայնությունների հարթման հնարավորության մասին, եւ մասնավորապես՝ ընդգծվեց Արեւելյան հարեւանության ծրագրի կարեւորությունը՝ որպես մի ճանապարհ, որով հնարավոր է եվրոպական փորձը, աջակցությունը տեղափոխել Հարավային Կովկաս,- ասաց Արմեն Աշոտյանը:- Բազմիցս ընդգծվեց, թե սա ոչ թե պարտադրանք է կամ որեւէ իմպերատիվ մոտեցում, այլ առաջարկ Եվրամիության կողմից՝ աշխատել այս ուղղությամբ»:

Լենմարկերի զեկույցի երկրորդ մասը նվիրված է ԼՂ խնդրին: Եվ այստեղ, ըստ ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության անդամի՝ ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Եվ որեւէ այլ շրջանակ ընդունելի չէ՝ մնացյալ բոլոր կազմակերպությունների ներգրավվածությունն ավելի շատ վնաս կարող է տալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է տիրապետում ողջ գործընթացին: Նաեւ շեշտեց, թե Մինսկի խումբն ընդամենը հարթակ է, որտեղ պետք է լուծում գտնվի, եւ պարտադրանքի գործառույթ չունի՝ լուծումները պետք է որոնեն բանակցող երկու նախագահները»:

Լենմարկերը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետեւանքների մասին. «Այն է, որ եթե գտնվի կարգավորման ճանապարհը՝ կվերադարձվեն տարածքները, կվերադառնան փախստականները, բոլորը կվերադառնան իրենց բնականոն կյանքին, կվերսկսվեն տնտեսական հարաբերությունները, կքննարկվեն նոր ճանապարհների, երկաթգծերի եւ խողովակաշարերի կառուցման հնարավորությունները… Եվ այսպես շարունակ՝ «որքան լավ կլինի, եթե խնդիրը լուծվի» համատեքստում»: Լենմարկերը՝ հիշեցնելով, թե դեռ 3,5 տարի առաջ է խոսել ԼՂ խնդրի լուծման «ոսկե հնարավորության» մասին՝ շեշտել է, թե այժմ նույնպես կարծում է, որ 2009 թվականի գարունը լավ հնարավորություն է հակամարտության կարգավորման համար:

Զեկույցի երրորդ մասը նվիրված է Հարավային Օսիային, չորրորդը դարձյալ վերլուծություն է, թե ինչից պետք է խուսափել տարածաշրջանում՝ էթնիկ զտումներից, ռազմականացումից, նոր ռազմակայաններ տեղադրելուց: «Ակնհայտ էր, որ սա կարծես ուղղված էր Ռուսաստանին,- ասաց պրն Աշոտյանը:- Եվ հպանցիկ ասվեց, թե Թուրքիան նույնպես հետաքրքրված է տարածաշրջանով, եւ եվրոպական քաղաքականության համատեքստում կարող է շահեկան դիտվել Թուրքիա-Հարավային Կովկաս հարաբերությունների զարգացումը»:

Զեկույցից հետո ելույթ են ունեցել ԵԱՀԿ-ում մեր պատվիրակները: Արմեն Աշոտյանն իր ելույթում մասնավորապես ասել է, թե այն, ինչ նկարագրել է Լենմարկերը՝ «եդեմական պատկեր է», սակայն դրանք հակամարտության լուծման հետեւանքներն են. «Ու անդրադարձ չկա կարեւորին՝ այն է. խնդիրը ծագել է, երբ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրականացված իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն: Եվ մինչեւ չորոշվի ԼՂՀ կարգավիճակի խնդիրը՝ մնացյալ բոլոր հետեւանքները երկրորդական են»: Արմեն Աշոտյանը նաեւ առաջարկել է Ադրբեջանի իրենց գործընկերներին՝ «օգտագործել նման այցերը ոչ թե պետական քարոզչությունը եվրոպական մայրաքաղաքներ տեղափոխելով, եւ հետո, Բաքու վերադառնալով, ասուլիս տալով եւ ասելով, թե ի՜նչ վատ բաներ եք ասել Հայաստանի հասցեին, այլ փորձել օգտագործել այս հնարավորությունը՝ խնայելով մեր բոլորի նյարդերը եւ ժամանակը»: Ելույթին անմիջապես հետեւել է Ադրբեջանի պատվիրակության անդամի պատասխանը, որն ըստ Աշոտյանի՝ «Հակառակ իմ կոչի՝ ամբողջությամբ պետական քարոզչամեքենայի տրամաբանության մեջ էր: Էլի շեշտվեց ռուսական զենքի՝ Հայաստանին անհատույց փոխանցման մասին եւ այլն: Դրան էլ հետո արձագանքեց Լարիսա Ալավերդյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել