Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը
– Նախագահական ընտրություններից մեկ տարի հետո արդյոք «Առաջ Հայաստան» կարգախոսն արդարացվա՞ծ է, կարողացե՞լ եք իրականացնել այն խոստումները, որ տրվում էին մեկ տարի առաջ:
– Չմոռանանք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունները տարբերվում էին մինչ այժմ եղած բոլոր ընտրություններից, նաեւ այն պատճառով, որ ընդդիմությունն ավելի անհանդուրժող էր, քան երբեւէ, եւ համերաշխության ու միասնության կոչեր անողն իշխանությունն էր, սակայն արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք: Հասարակության բեւեռացվածությունը հասավ շատ ցավալի մակարդակի, որն էլ հանգեցրեց ողբերգական իրադարձությունների: Ի մի բերելով մեկ տարվա գործունեությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, դժվար չէ նկատել, որ բավականին գործ արդեն արված է, սակայն, կարծում եմ, ամբողջությամբ դեռ չի ստացվել: Բավականին լուրջ քայլեր արվել են թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության բնագավառում: Շատ կարեւոր է, որ հասարակությունը գիտակցեց՝ նախագահի խոսքն ու գործը իրարից չեն տարբերվում: Հասարակությունը Սերժ Սարգսյանին տեսավ նորովի՝ մարդ, որը վճռական է, կարող է գնալ արմատական փոփոխությունների, որը ձգտում է երկիրն առաջ տանել: Լուրջ բարեփոխումներ սկսվեցին հարկային-մաքսային ոլորտներում, ճիշտ է, դա ոչ միանշանակ արձագանք ստացավ, բայց ցանկացած ռեֆորմ միանգամից չի ընկալվում հասարակության բոլոր խավերի կողմից: Ամենակարեւորը՝ նախագահը հենց առաջին օրվանից իր առաջ խնդիր դրեց համախմբել հասարակությանը եւ լինել բոլորի նախագահը: Նա կոչով հանդես եկավ եւ ասաց. պետք է քանդել մեր հասարակությունը բաժանող պատերը, ինչը, սակայն, մենք չտեսանք հակառակ բեւեռի մոտ, եւ հասարակության բեւեռացվածությունը հանգեցրեց ողբերգական իրադարձությունների: Չմոռանանք, որ մեծ հաջողությունների հասանք արտաքին քաղաքականության բնագավառում, դա նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններն են, այսպես կոչված՝ ֆուտբոլային դիվանագիտությունը, որը, կարծում եմ, շատ լուրջ քայլ էր ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային դիվանագիտության մեջ:
– Այնուամենայնիվ, անցած մեկ տարին բավականին բարդ իրավիճակում անցավ եւ ինչքան էլ ասեք, որ ամեն ինչ լավ է, եկեք չմոռանանք, որ մենք դեռ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման տակ ենք, մարտի 1-ից հետո ազատազրկվածները դեռ ազատ չեն արձակվել, եւ այս մեկ տարվա ընթացքում դեռ չի ձեւավորվել այն մթնոլորտը, որը կարելի է որակել որպես բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ կամ՝ բնականոն եւ նորմալ ընթացք: Որպես իշխանություն՝ ի՞նչ եք անում այս մթնոլորտը փոխելու համար:
– Եթե հասարակության մի զանգվածը ընդդիմադիր է, դա նորմալ է, դա խոսում է տվյալ երկրի ժողովրդավարության մակարդակի մասին, բազմակարծության մասին: Սակայն նորմալ չէ, երբ ուժերից մեկը գնում է մերժողականության եւ առճակատման ճանապարհով, ինչը տեսանք ընդդիմության տերպետրոսյանական թեւի մոտ: Այսօր հարցերի հարցը պետք է լինի ոչ թե այս կամ այն բանտարկյալին ազատ արձակելը, այլ այն, որ հասարակությունը իշխանության մեջ տեսնի քաղաքական կամք: Եթե մարդիկ մեղավոր են, պետք է դատապարտվեն, անհարկի պետք չէ նրանց դատարանի դահլիճից հանել: Սակայն, եթե անհարկի են դատապարտվել, պետք է ազատ արձակվեն: Այսօր ընդդիմությունը փորձում է արհեստական շիկացնել մթնոլորտը՝ սկսած Ղարաբաղի հարցից, վերջացրած «7»-ի գործով: Բայց մեկ տարվա ընթացքում մարդիկ տեսան, որ ընդդիմադիր գործիչների որեւէ կանխատեսում չիրականացավ, որեւէ քննադատություն լուրջ փաստարկներ չունեցավ: Ընդդիմությունն, անվերջ խոսելով մարտի 1-ից, որեւէ օգուտ չի տալիս ոչ իր համակիրներին, ոչ էլ հասարակությանը: Բարոյական չեմ համարում շահարկել մարտի 1-ի զոհերի հիշատակը, խաղալ մարդկանց էմոցիաների վրա, հատուկ հանրահավաքներ կազմակերպել եւ այլն: Այսօր մեր երկրի համար կարեւորը սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Ամբողջ աշխարհում կա ճգնաժամ, մարդկանց այժմ ավելի շատ դա է մտահոգում: Չեմ ասում, թե մարտի 1-ի էջը փակել ենք: Դեռ ոչ, մենք այդ էջը պետք է արժանապատիվ փակենք, բոլոր հարցերի պատասխանները տալով, բայց անվերջ չի կարելի ետ նայել: Իմ համոզմունքն է, որ դա եղավ, որովհետեւ ուժերից մեկը չարձագանքեց հանրապետության նախագահի կոչին եւ ամիսներ հետո միայն հիշեց, որ Սերժ Սարգսյանն իր ընկերն է: Եթե տվյալ ուժի մոտ լիներ պետական մտածողություն, նման ողբերգություն մեր երկրում չէր լինի: Մի բան հաստատ է. իշխանությունները եւ երկրի նախագահը պոպուլիզմով չեն տառապում, մենք անկեղծ ենք ժողովրդի հետ եւ իրականանալի խոստումներ ենք տվել: Նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ անելու ենք խոստումներն իրականացնելու համար, բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ՝ աշխարհի գերհզոր տերություններն այսօր ճգնաժամի մեջ են, եւ իշխանությունները ելքեր են փնտրում հետեւանքները մեղմելու համար: Կոնկրետ եւ ՀԲ-ն, եւ ՌԴ-ն, եւ մի շարք կառույցներ արդեն հայտարարել են ու արդեն օգնում են Հայաստանին, որ մենք այս ճգնաժամն ավելի հեշտ հաղթահարենք:
– Մարտի 1-ին հանրահավաք է լինելու, որքա՞ն կարող է իրավիճակը լարվել։
– Ես այն կարծիքին եմ, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, այդ տխրահռչակ գետը կարիք չկա երկու անգամ մտնել, ու հնարավոր էլ չի, որովհետեւ այս տարվա ընթացքում շատ բան է փոխվել մեր հասարակության գիտակցության մեջ, եւ այն կարծիքին չեմ, որ կյանքը գնալով վատանում է, խոսքը վստահության մասին է: Ինքս լուրջ շրջադարձային քաղաքական ակցիաներ չեմ ակնկալում: