Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդը՝ աղբավայր

Փետրվար 18,2009 00:00

Ջիլիզա սահմանամերձ գյուղում աշխատող ուսուցչուհի Լենա Մուրադյանն ասաց. «Ամեն անգամ տուն գալով, երբ սաղարթախիտ լեռնազանգվածից բացվում է Ալավերդին՝ առաջին հերթին վախվորած դիտում եմ, թե ինչ աղտոտված մթնոլորտի ներքո ենք գոյատեւում»: Սա քաղաքի ճակատագիրը դարձած գործարանի արտանետումների մասին չէ միայն: Քաջածանոթ եմ իմ բնակավայրը շարունակ ապականող տարատեսակ թափոններին, որի դեմը որեւէ պետական այր այդպես էլ չփորձեց առնել:

Դեբեդի հետ մշտապես «շփվելու» համար տան բույսերը գետի ջրով եմ ջրում ու տեսա հետեւյալը. գետամերձ գողտրիկ այգիները անհետացել են աղբի, ավազի, կեղտի կույտերի տակ: Մի պահ նույնիսկ չհասկացա՝ ինչ փոթորկի հետեւանքով են ոչնչացել առանց այն էլ սակավաթիվ կանաչ տարածքները: Հենց այդ պահին վրա հասավ «փոթորիկը»՝ մայթեզրին գոյացած աղբը կույտ-կույտ նետում էին այգի: Շտապով վերեւ ելա ու տեսա աղբահանման գործը հեշտությամբ իրականացնող աղբահավաքին: Նա բահով աղբը նետում էր դեպի գետը: Մի մասը լցվում էր գետը, մի մասը մնում էր ափին: Դիտողությանս առաջին իսկ բառից աղբահավաքը զայրացավ ու սկսեց բղավել եւ ընթացքում հասցրեց ասել, որ կատարում է իր շեֆի՝ Համլետ Միրզոյանի հանձնարարությունը: Թերեւս շեֆը կբացատրեր, թե ուր են անհետանում աղբահանման համար հավաքվող գումարները ու ինչու են գետն ու այգին դառնում աղբավայր: Մինչ կգտնեի պատասխանատուին, աղբահավաքը բահով հարձակվեց վրաս, վնասեց աջ կողոսկրս: Ես պատասխանեցի, ու աղբահավաքը հայտարարեց, որ իր արածը շեֆը համաձայնեցրել է այգու տիրոջ հետ: Այգու տեր Վարուժան Շահվերդյանն ապշեց. «Օրերով փնտրում եմ, թե ով է իմ չքնաղ այգին քաղաքի երեսից անհետացրել: Ո՞նց թե իմ համաձայնությամբ է աղբը լցվում այգի»:

Հետաքրքիր է, երբեմն-երբեմն Ալավերդի այցելող բնապահպանության պատասխանատուները թերթ կարդո՞ւմ են: Մամուլը մշտապես ահազանգում է Ալավերդու ծայրաստիճան աղտոտվածության մասին: Մի՞թե ոլորտի պատասխանատուները չեն տեսնում գետի ափերին տոննաների հասնող կեղտը, լողացող պլաստիկ շշերը…

Երկու անգամ Ալավերդու քաղաքապետ ընտրվածի միակ խոստումը համաքաղաքացիներին հետեւյալն էր. «Ամեն ինչ կանեմ, որ մեր բնակավայրը ծաղկի»: Պղնձաձուլարանից արտանետված ծծմբագազին քամոտ օրերին միախառնվում է այգիներում կուտակված կեղտափոշին, ու քաղաքի վրա «ծաղկում» է հսկայական ճերմակ «կեղտաշուշան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել