Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավիճեցին պատգամավորն ու մորմոնը

Փետրվար 18,2009 00:00

«Չեմ կարծում, որ մենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար եւ պետական անվտանգության գերակայությունից ելնելով՝ պարանոցներս պետք է թեքենք օվկիանոսից այն կողմ»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սահմանադրության «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններն այսպես մեկնաբանեց օրինագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի (մորմոնների) Երեւանի կրոնական համայնքի նախագահ Վարուժան Պողոսյանը կրոնական մի շարք կազմակերպությունների շրջանում մեծ իրարանցում առաջացրած «Խղճի, դավանանքի, ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին դեմ չէ, սակայն, նրա խոսքով, իրենց կազմակերպության համար նախագծում կան երկու անհասկանալի հարցեր: «Օրինակ, ինչո՞ւ է օրենքով սահմանված, որ հոգեորսություն համարվում է այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում ձեւավորվում է անվստահություն կամ ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ»,- սրտնեղեց Վ. Պողոսյանը: Ա. Աշոտյանն էլ ասաց, որ օրինագծով մարդու իրավունքները չեն ոտնահարվում, եւ որ օրինագծի դրույթները համապատասխանեցված են Սահմանադրության դրույթներին, ինչպես նաեւ հարթվել են օրինագծում առկա հակասությունները: Օրինագծի վերաբերյալ Վ. Պողոսյանի հաջորդ դիտողությունը գրանցման հետ կապված փոփոխություններն էին. «Կրոնական կազմակերպությանը գրանցելու համար որպես պահանջ ավելացվել է անդամների թվաքանակը՝ նախկինում պահանջվող 200-ը դարձել է 1000: Անդամների թվաքանակը, իհարկե, մեր եկեղեցու համար սահմանափակումներ չի առաջացնում, բայց շատ կրոնական եկեղեցիների եւ կրոնական փոքրամասնությունների առաջ խնդիր է դնում, ինչը ես դիտում եմ որպես բացասական երեւույթ»: Այս մասով Ա. Աշոտյանը փաստեց. «Հայաստանն ունի մի շարք միջազգային պարտավորություններ, մարդու իրավունքների ոլորտում՝ նույնպես: Այդ պարտավորությունների գերագույն մասը ամփոփված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է եվրոպական փորձը եւ ոչ թե ամերիկյանը, ինձ համար ավելի շատ կարեւոր են եվրոպական գնահատականները, այլ ոչ ամերիկյանը, որովհետեւ մենք գտնվում ենք եվրոպական միջազգային իրավական տարածքում: Հետո էլ Ամերիկայի կրոնական մոդելը ունիկալ է աշխարհի համար իր տարբեր իմաստներով եւ վստահաբար Հայաստան փոխանցվող մոդել չէ»:

Պատասխանելով Վ. Պողոսյանի բոլոր դիտողություններին, Ա. Աշոտյանն ինքը դիտողություն արեց մորմոնների նախագահին: Նա ասաց, որ ուսումնասիրել է մորմոնների կենտրոնական կազմակերպության կայքէջն ու հայտնաբերել, որ տարածաշրջանի երկրների քարտեզում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես Հայաստանի կողմից գրավյալ տարածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել