2008 թվականի մարտի 16-ը 26-ամյա Դավիթ Սմբատյանի համար ճակատագրական օր էր: Այդ օրը տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վնասվել էր Դավիթի ողնաշարը, ստորին վերջույթները թուլացել էին:
Նա ենթարկվել է երկու վիրահատության, բայց դրանից հետո էլ արդեն շուրջ մեկ տարի գամված է անվասայլակին: Բժիշկները ախտորոշել են՝ Th5 -Th6 ողների բարդացած կոտրվածք: Մարտի 19-ին նա ենթարկվել է վիրահատության՝ Th5-Th6 լամինէկտոմիա եւ ֆիքսացիա Հարինգտոնի դիստրակտորով: Վիրահատությունից հետո նրա վիճակը մնացել է մտահոգիչ՝ մետաղական կոնստրուկցիայի ինֆեկցում, Th5-Th6 ողների բարդացած կոտրվածքից եւ Հարինգտոնի դիստրակտորի հեռացումից հետո: Ստորին պարապլեգիա, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում: Երկրորդ անգամ Դավիթին վիրահատել են ինֆեկցված մետաղական կոնստրուկցիան հեռացնելու համար: Անգամ դրանից հետո նրա վիճակը բժիշկները գնահատել են «հարաբերական» բավարար՝ «նեւրոլոգիական ստատուսում պահպանվում է ստորին պարապլեգիա, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում»: Դավիթը հիվանդանոցից դուրս էր գրվել հենց այս ախտորոշմամբ: Հայաստանյան վերականգնողական կենտրոններում նրա մի քանի ամիս տեւած բուժումն առայժմ ապարդյուն է, թեեւ Դավիթին թվում է, թե երբեմն կարողանում է զգալ եւ շարժել ստորին վերջույթները: Մասնագետները չեն բացառում, որ որակյալ մասնագետների հսկողության տակ գտնվելու եւ անվասայլակին գամված Դավիթի հետ հետեւողական եւ ճիշտ աշխատանքի, նաեւ բուժման արդյունքում նա կկարողանա երբեւէ ուղղել մեջքն ու քայլել: Սա, իհարկե, մխիթարություն է, բայցեւ անհեռանկար երազանք հայաստանյան պայմաններում: Դավիթի հարազատները դրամահավաք կազմակերպելու ակնկալիք չունեն, նրանք ընդամենը դիմում են բոլոր այն բժիշկ մասնագետներին՝ Հայաստանում եւ արտերկրում, ովքեր կարող են հանձն առնել հետազոտել, ախտորոշել երիտասարդ տղային, եւ, ինչու չէ, նաեւ ոտքի կանգնեցնել: Եթե կան այդպիսի մասնագետ բժիշկներ՝ խնդրում ենք դիմել մեզ խմբագրության հասցեով, [email protected] էլեկտրոնային հասցեով կամ՝ 091 47 10 72 հեռախոսահամարով: