Երիտասարդներն իրենց անկաշկանդ են զգում միայն բարերում
Երեւանում կան տարբեր ոճի, նախասիրության եւ յուրաքանչյուրի տրամադրությանը հարմար սրճարաններ, ռեստորաններ, ակումբներ, դիկսոտեկներ, բարեր, հարյուրավոր ժամանցի վայրեր: Ովքե՞ր են այս հասարակական, ժամանց ապահովող վայրերի այցելուները՝ ընկերուհիների խմբեր, ընկերներ, գործարարներ, սիրահար զույգեր, ընտանիքներ, թե՝ պարզապես մեկ գավաթ սուրճ ցանկացողներ: Որտե՞ղ են սիրահար զույգերը անցկացնում իրենց ժամանցը, սրճարան-ռեստորաններո՞ւմ, թե՞ մութ ու ռոմանտիկ բարերում, եւ ինչո՞ւ են տղաներն իրենց ընկերուհիներին հրավիրում բար, այլ ոչ թե ռեստորան, սրճարան: Եվ չի՞ ազդել, արդյոք, տնտեսական ճգնաժամը ժամանցի վայրեր հաճախողների վրա: Այս հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու ակնկալիքով «Առավոտը» հարցախույզ անցկացրեց երիտասարդների շրջանում: 26-ամյա Միքայելը կարծում է. «Բարերում աղջիկներն իրենց ավելի ազատ են զգում: Այնտեղ ավելի հարմար է շփվելու համար, ոչ ոք քեզ չի տեսնում, ընկերուհուդ՝ նույնպես, ինչ թեմայից ուզես՝ կարող ես խոսել, ինչպես ուզես՝ կարող ես քեզ պահել, եթե, իհարկե, աղջիկը թույլ տա… Իսկ ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա դա ոչ մի կերպ չի անդրադարձել կոնկրետ իմ՝ ժամանցի վայրեր հաճախելու վրա, որովհետեւ ես նախկինի պես շարունակում եմ գնալ»: 28-ամյա Արմենակի խոսքով էլ. «Բարերում ամեն ինչ հարմար է տղաների գրպանին, այդտեղ ճոխություններից զերծ ես, չես մտածում, թե հաշիվն ինչքա՞ն կբերեն, կհերիքացնե՞ս, թե՞ ոչ: Իսկ ճգնաժամն էլ ավելի բարդացրեց իրավիճակը»:
23-ամյա Ղարիբը պատմեց, որ ինքն իր «ուրիշ նպատակների համար» նախատեսված ընկերուհիներին հրավիրում է միայն բար. «Հիմա ընկերուհի չունեմ, փորձում եմ ժամանակս հետաքրքիր անցկացնել, ինչի համար կան բազմաթիվ աղջիկներ: Նրանց հետ գնում եմ բարեր՝ որտեղ մութ է, հանգիստ, խանգարող չկա, հանգիստ նստում ես, շփվում՝ որքան ուզում ես եւ ինչպես ուզում ես: Նկատել եմ մի բան, աղջիկները բարերում ավելի ազատ են իրենց պահում, քան սրճարաններում, առավել եւս ռեստորաններում: Սրճարաններում մի տեսակ անհանգիստ են լինում՝ վա՜յ, հանկարծ ախպերս չտենա, ծանոթ չհանդիպի, ոչ ոք չիմանա, որ տղու հետ նստած եմ եւ այլն, անընդհատ իրենց շուրջն են նայում, անհանգիստ շարժվում են եւ, որ ամենանյարդայնացնողն է, շտապում՝ որքան հնարավոր է շուտ դուրս գալ սրճարանից: Տղաներն էլ նախընտրում են, թեկուզեւ շոգ ամռանը, նստել տոթ բարերում: Իսկ ինչ վերաբերում է լուրջ նպատակով ընկերուհուն, ապա ես նրան, բարից բացի, ամեն տեղ էլ կտանեմ, որովհետեւ կնախընտրեմ նրա հետ սրճարանում մեկ գավաթ սուրճի շուրջ երկար ու ձիգ զրուցել, քան մութ բարում գրկախառնված նստել: Եթե լուրջ նպատակներով ընկերուհի ունես, քո ցանկությունները միայն գրկախառնություններով ու համբույրներով չեն սահմանափակվում, կան բազմաթիվ հետաքրքիր թեմաներ, զրույցներ, միմյանց հակադարձումներ, համոզումներ: Իսկ գրկախառնվել, համբուրվել՝ եթե իրոք սիրում ես եւ գիտակցում, որ նա պետք է լինի քո կյանքի ընկերուհին, հասարակության մեջ էլ կարող ես, որովհետեւ դա իսկապես սեր է, ոչ թե թաքնված ցանկություններ»:
33-ամյա Սամվելը նշում է, որ զույգերը բար հաճախում են զուտ համբուրվելու համար. «Բարերը ունեն մի տեսակ տրամադրող մթնոլորտ: Զույգերի մեծ մասը հաճախում է համբուրվելու եւ այլ բաներով զբաղվելու նպատակով: Այնտեղ նրանց ոչ ոք չի տեսնում, չի խանգարում: Էլ որտեղ ազատ համբուրվեն ու գրկախառնվեն, եթե ոչ՝ բարում: Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Բնական երեւույթ է: Ինչ վերաբերում է ռեստորանին, ըստ իս, ընկերուհու հետ ռեստորան գնալն ամենաանհետաքրքիր ժամանցը կլինի: Օրինակ, ես նշանված եմ եւ ընկերուհուս ռեստորանում եմ ամուսնության առաջարկություն արել: Նշանադրությունից հետո էլ ենք բար գնում, նույնիսկ դիսկո-ակումբներ ենք հաճախում: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա այն ամեն ինչի վրա էլ ազդել է, բայց քանի դեռ երիտասարդ ենք՝ պետք է հնարավորինս օգտվենք կյանքի բարիքներից»: Դիսկո-ակումբների մասին էլ հայ երիտասարդների կարծիքները տարբեր են, մի մասը գտնում է, որ դիսկոտեկ հաճախող աղջիկները վատ համբավ ունեն, մի մասի կարծիքով էլ դա այդպես չէ: Օրինակ, 22-ամյա Լեւոնի կարծիքով. «Դիսկոտեկ գնալու մեջ վատ բան չկա: Ես իմ ընկերուհուն կտանեմ դիսկո, որովհետեւ եթե նա մենակ չէ, ուրեմն էլ ի՞նչ խնդիր կա»: