Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսեցին ոչ-ոքիով

Փետրվար 18,2009 00:00

Երեկ Սոֆիայում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի հավակնորդներ բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ ամերիկացի

Գատա Կամսկու միջեւ մրցաշարը:

Բացման պաշտոնական արարողության ժամանակ կատարված վիճակահանությունով առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերը բաժին հասան «դաշտի տիրոջը»՝ Տոպալովին: Անկասկած, սկանդալային բնավորությամբ առանձնացող այս երկու գրոսմայստերների միջեւ խաղատախտակի առջեւ ծավալվելիք պայքարի բոլոր մանրամասները կլինեն մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն այսօր մենք նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ նախօրեին Սոֆիայի շախմատային կյանքում ստեղծված ընդհանուր մթնոլորտին, որի գլխավոր գործող անձինք ոչ այնքան գրոսմայստերներն են, որքան նրանց մենեջերները:

Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը, որքան էլ անսպասելի եւ տարօրինակ է, իրեն համեմատաբար հանգիստ է պահում: Նա անգամ «CessPro»-ի հատուկ թղթակից Յուրի Վասիլեւի «սադրիչ» հարցերին պատասխանել է հավասարակշռված: Որքան էլ տարօրինակ, միեւնույն ժամանակ, հասկանալի է (մրցամարտն անցկացվում է Բուլղարիայում)՝ Դանաիլովն անգամ լրագրողների հետ զրուցելու (այլ ոչ թե կռվելու կամ ինչ-ինչ հարցերում քննադատել-մեղադրելու) ժամանակ ունի: Նա ընդհանուր առմամբ գոհ է իր հովանավորյալի եւ Կամսկու միջեւ կայանալիք մրցամարտի համար ստեղծված պայմաններից:

Իսկ ահա Գատա Կամսկու մենեջեր Էմիլ Սուտովսկին, դեռ մինչեւ մրցամարտի ժամացույցն աշխատեցնելը, լուրջ դիտողություններ է ներկայացրել կազմակերպիչներին, որոնք լուծելու գործընթացին ի պաշտոնե մասնակից են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ, մրցավար Աշոտ Վարդապետյանը եւ բողոքարկման հանձնաժողովի անդամ Վանիկ Զաքարյանը:

Սուտովսկու դժգոհությունը հիմնականում կապված է եղել լուսավորության հետ: Նրա պնդմամբ՝ կիսախավարն ապահովված չի եղել, ինչը կարող է ազդել գրոսմայստերների, հատկապես՝ իր հովանավորյալ Կամսկու մրցելույթի վրա: Նույն «CessPro»-ի վկայությամբ՝ Սուտովսկու, Դանաիլովի, մրցավարների եւ մյուս պատասխանատուների մասնակցությամբ համատեղ խմբի ստուգումից հետո կողմերը խնդրի լուծման՝ երկու կողմերի համար ընդունելի տարբերակ են գտել:

Երեկ առաջին տուրն ավարտվեց ոչ-ոքի: Չնայած Տոպալովի՝ իր թիմի եւ համակարգային ծրագրի՝ «տանը» նախապատրաստած խնդիրներին, Կամսկին հաջող դիմակայեց դրանց:

Առաջին տուրից հետո Տոպալով-Կամսկի մրցամարտի հաշիվը կեսական միավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել