Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽՆԵՐԻՆ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ

Փետրվար 18,2009 00:00

Իսկ Ռուսաստանն առավելության հասավ Վրաստանի նկատմամբ

\"\"Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների մասնակցությամբ միջազգային ընկերական մրցաշարը:

Թիմային հաշվարկով ընթացող պայքարի առաջին օրը վիճակահանությամբ միմյանց դեմ ելած Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ պայքարն ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 21:18: Իսկ երկրորդ մրցահերթում Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորած թիմը 23:15 ընդհանուր հաշվով առավելության հասավ Վրաստանի իր հասակակիցներից կազմված ընտրանու նկատմամբ: Երեկ միմյանց հետ հանդիպում էին Ռուսաստան-Վրաստան եւ Հայաստան-Ղազախստան հավաքականները:

Այս մրցաշարում ո՞վ կճաշակի հաղթանակի բերկրանքը՝ գուցե այնքան էլ կարեւոր չէ: Թեեւ ցանկալի է, որ այդ հաճույքն զգանք մենք: Բայց Հայաստանի ֆեդերացիայի համար պատանեկան այս մրցաշարը, բացի մարզական վերջնական արդյունքից, ավելի կարեւոր նպատակ էլ է հետապնդում, որի մասին երեկ «Առավոտին» իրազեկեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը. «Այս մրցաշարը Երեւանում, հատկապես՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպելու համար ֆեդերացիան բավականին ջանքեր է գործադրել: Վիճակահանությամբ ամեն օր թիմերը հերթով հանդիպում են միմյանց հետ: Մեր ֆեդերացիան այսպիսի մրցակարգ ընտրել է նրա համար, որպեսզի թիմերը, իսկ առաջին հերթին՝ բռնցքամարտիկները, թեկուզ մեկնարկում կրած պարտությունից հետո, ավելի շատ մարտ վարելու հնարավորություն ունենան, փորձ ձեռք բերեն: Այդ հնարավորությունն ընձեռվել է ՄՀՀ-ի վերագործարկմամբ ստեղծված պայմաններով, ինչը նաեւ ֆեդերացիայի համար հետագայում ավելի բարձրակարգ մրցումների անցկացման յուրատեսակ փորձաքար է: Արդեն բոլոր մարզասերները գիտեն, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ մայիսի 22-30-ը այս նույն մարզահամալիրում աշխարհի առաջնության չեմպիոնների եւ մրցանակակիրների տիտղոսները վիճարկելու են սիրողական բռնցքամարտի ավագ պատանեկան տարիքի ներկայացուցիչները, որի փորձն այսօր ենք ձեռք բերում: Սա շատ կարեւոր է, իսկ նշանակությունը՝ ավելի: Մասնավորապես, օրերս նախարարության կոլեգիայի նիստում ստեղծվեց այդ տարիքային խմբի աշխարհի առաջնության կազմակերպման եւ անցկացման կազմկոմիտե: Չեմ կասկածում, որ մոտ ժամանակներում նման կառույց կստեղծի նաեւ կառավարությունը: Ասեմ նաեւ, որ մեր մարզաձեւում այլ ծրագրեր էլ ունենք: Դրանց, անհրաժեշտության դեպքում, կարող ենք անդրադառնալ հետագայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել