Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրար գրքեր կնվիրենք

Փետրվար 18,2009 00:00

Գրողների միությունը ցանկանում է գիրք նվիրելու ավանդույթ ստեղծել, իսկ հրատարակիչները դժգոհում են հարկերից

\"\"
Մ. Բարսեղյանը (ձախից), Ա. Մարտիրոսյանը եւ Մ. Կարապետյանը:

Փետրվարի 19-ը առաջին անգամ հայտարարված է միմյանց գիրք նվիրելու օր: Ոմանք իրար առանձնատներ ու ավտոմեքենաներ, մեծ հարստություններ են նվիրում, իսկ ահա Գրողների միությունն էլ ցանկանում է գիրք նվիրելու ավանդույթ ստեղծել: Ասել է թե, այլեւայլ արժեքների կողքին գիրքն էլ կա, մտավոր հարստությունն էլ կա: Այդ օրը դարձյալ առաջին անգամ Խնկո-Ապոր անվան գրադարանում կազմակերպվում է մանկական եւ կրթական գրականության ցուցահանդես-վաճառք: Միջոցառման ֆոնին ունենք մի շարք մտահոգություններ, որի առիթով զրույցի հրավիրեցինք տեղական գրահրատարակիչներից ոմանց:

Մկրտիչ Կարապետյան, «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն. «Ինչ խոսք, հարցեր կան, որոնք սպասում են իրենց լուծմանը: Հիշեցնենք, որ նախկինում հանրապետությունում գործում էր շուրջ 500 գրախանութ, այսօր դրանց թիվը 10 է: Նշեմ նաեւ, որ մաքուր գրախանութներ՝ զուտ գրքեր վաճառող, պարզապես չկան: Խաթարված է նաեւ ընթերցող-հրատարակիչ կապը»:

Միհրան Բարսեղյան, «Մակմիլան Արմենիա» հրատարակչության տնօրեն. «Համակարծիք չեմ, որ դասագրքերն իրենց պոլիգրաֆիական եւ բովանդակային որակներով զիջում են մանկական գրականությանը: Երկու «մասով» էլ մենք աշխատում ենք ապահովել հնարավորինս բարձր որակ: Արդեն գոյություն ունի դպրոց-հրատարակչություն կապ, եւ դպրոցն է որոշում, թե որ հրատարակչության արտադրանքը ընտրի: Համաշխարհային բանկը ԿԳ նախարարության հետ ստեղծել է կառույց, որի կողմից ստուգվում են դասագրքերի տեխնիկական որակները, եւ եթե այն բավարար չէ, հրատարակչությունը կա՛մ տուգանվում է, կա՛մ իր հաշվին է «խոտանը» վերատպագրում»:

Արմեն Մարտիրոսյան, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ. «Կոլեգաներս կհաստատեն այն միտքը, որ համաշխարհային մանկական գրականության լավագույն ստեղծագործությունները մայրենի լեզվով տպագրելու առիթով ունենք մեծ ծրագրեր: Կոնկրետ՝ հայերենով արդեն վաճառքում են Շեքսպիրի «Համլետը», «Ռոմեո եւ Ջուլիետը», Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը»: Հայ մանկագիրներից էլ Յուրի Սահակյանի, Երվանդ Պետրոսյանի եւ մյուսների գրքերը: Կուզեի խոսել մի պրոբլեմի մասին: Հայաստանում մանկական եւ կրթական գրքերը ազատված են ԱԱՀ-ից: Միակ ժանրը գրականության ոլորտում, որ ազատված չէ այդ հարկից՝ գեղարվեստականն է: Եվ սա պատճառներից մեկն է, որ պատշաճ մակարդակի գեղարվեստական գրականություն մեզ մոտ չի հրատարակվում: Օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ ձեռագործ գորգերի արտադրությունը՝ որպես ժողովրդական ստեղծագործություն, կազատվի ԱԱՀ-ից եւ շահութահարկերից: Ուզում եմ հարցնել՝ հարգելի վարչապետ, գի՞րքն է, որ ո՛չ ժողովրդական է եւ ո՛չ էլ ստեղծագործություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել