Դաշնակցական պատգամավորի հայացքով
Ա. Շահբազյանը կարեւորում է ազգային արժեքները:
Վերջին շրջանում շատ բուռն են քննարկումները օգոստոսի 11-ը Ազգային ինքնության տոն հռչակելու թեմայով: Նման տոն ունենալու նախաձեռնությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներին է պատկանում: Ասում են՝ դա ամենահարմար օրն է, որովհետեւ այդ օրը Հայկ Նահապետը նետահարել է Բելին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանին հարցրինք՝ ի՞նչ է նշանակում Ազգային ինքնության տոնը կոնկրետ օր նշել, երբ այն պետք է միշտ քո ներսում լինի: «Ծեսը, տոնը մարդ ստեղծում է նրա համար, որպեսզի դրսեւորվի երեւույթը, դառնա հոգեհարազատ, քարոզվի… Տոներ, իհարկե, շատ ունենք, բայց եղածների մեջ արդյո՞ք կա այն տոնը, որը խոսում է մեր հոգեկերտվածքի, ազգային ակունքների, ազգային ինքնագիտակցության մասին: Այս ամենը նկատի ունենալով՝ որոշեցինք, որ իսկապես անհրաժեշտ է այդպիսի տոն ստեղծել: Վերցված է խորհրդանշական օր. հայությունը դարերով տոնել է այն, քրիստոնյա եկեղեցու տոնացույցներում ու օրացույցներում էլ նշված է որպես Հայոց թվականության սկիզբ: Այնպես որ, նոր բան չենք ստեղծում, ընդամենը վերածնում ենք: Անիմաստ ու անհեթեթ կհամարեի այս հարցի վերաբերյալ պատմական ու պատմագիտական վիճաբանությունները, եթե ինչ-որ մարդիկ չփորձեին խելոք երեւալ, թվեր ասել, կրոնական երանգ տեսնել: Մտավախություն կա, թե անուղղակիորեն հեթանոսության քարոզչություն կարող է լինել եւ այլն, եւ այլն: Եթե այդպիսի ծայրահեղությունների մեջ ընկնենք, ընդհանրապես մեր հին հայկական անուններից էլ պիտի հրաժարվենք, ինչ է թե՝ գալիս են հեթանոսական ժամանակներից: Էլ չասեմ, որ Էջմիածնի եկեղեցին կառուցված է հեթանոս տաճարի հիմքի վրա»,- պատասխանեց պատգամավորը:
Քանի որ այսօր Փետրվարյան հեղափոխության օրն է, դաշնակցական պատգամավորին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդ ունի այն իր համար: «Երբ Հայաստանի իշխանություններն Առաջին հանրապետության խաղաղ իշխանությունը հանձնում էին բոլշեւիկյան հեղկոմին, համոզված էին, որ թեեւ հակադիր ուժեր են, բայց, ի վերջո, նրանք էլ հայ են, եւ չի կարող պատահել, որ դեմ գնան ազգային շահերին, հայոց խնդիրներին տեր չկանգնեն: Առաջին վարչապետ Քաջազնունին այնքան ազնիվ ու դյուրահավատ էր, որ ասում էր՝ օրը կգա, ու բոլշեւիկները կշարունակեն Հայ դատի համար պայքարը: Պատահական չէ, որ նա վերադարձավ Հայաստան, հուսալով, թե փոխվելու է ամեն ինչ… Իշխանությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ին խաղաղ հանձնելուց մի քանի օր հետո՝ Դաշնակցության բյուրոն շրջաբերական հղեց իր շարքերին, որտեղ ասում էր՝ մենք հեռանում ենք, բայց դուք այս երկրի զավակներն եք, նոր իշխանությունն էլ մեր իշխանությունն է, կարող եք ծառայել, մենք չենք արգելում, որ դաշնակցականները մտնեն պետական, հասարակական կյանքի մեջ: Ահա այսպիսի հանդուրժողականություն է եղել: Ցավոք, այդպիսին չեղավ այն իշխանությունը, որ եկավ բախտախնդիր ու արկածախնդիր մարդկանց դեմքով, մանավանդ առաջին սերունդը՝ աթարբեկովները, մռավյաններն ու ավիսները մտածում էին, որ առանց արյուն հեղելու՝ հեղափոխություն չի լինի: Բայց սա հարցի մակերեսային կողմն էր, բուն նպատակը հայությանն իր ազգային ինքնությունից, արմատներից ու խնդիրներից կտրելն էր: Կոմունիստները նույնիսկ գրաբարից եկող որոշ բառեր արգելեցին, որոնք կարող էին հայությանը կապել իր արմատի հետ: Սկսվեցին հալածանքները, արտաքսումները՝ սկսած Նազարբեկովի նման հրամանատարից, որը քաղաքական կողմնորոշում չուներ եւ իր երկրին ծառայող զինվորական էր՝ Ռուսաստանից վերադարձած: Հետո ամեն ինչ ավելի վայրենի բնույթ ստացավ… Սարսափելի բաներ արեցին բոլշեւիկները, նույնիսկ ամոթալի է ասել. այն, ինչ կոչվում էր Կարմիր բանակ, երբ մտավ Հայաստան՝ իր հետ սիֆիլիս տարածեց, էլ չեմ ասում թալանը, բռնաբարությունը… Իսկ փետրվարի 16-ից հետո ուղղակի սկսեցին կացնահարել Երեւանի բանտում հայ մտավորականներին ու պետական, քաղաքական գործիչներին: Այդ օրերին էր, որ ամեն տեղ գործում էին Հայրենիքի փրկության կոմիտեներ, որոնց կենտրոնական մարմինը գլխավորեց Սիմոն Վրացյանը: Ի դեպ, այդ մի քանի տարիներին ապստամբություններ էին բռնկվում նախկին ցարական Ռուսաստանի ողջ տարածքում: Ու ինչպես ասում էր իմ լուսահոգի դասընկեր Մովսես Գորգիսյանը, հայերս ամենաշատը հպարտանալու առիթ ունենք, որ հենց մեր ապստամբությունը կարողացավ հաղթել: Հաղթանակ եղավ, որը տեւեց 42 օր, եւ եթե այն մեկ օր էլ ուշանար, երեւի ողջ չէին լինի Քաջազնունին, Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանն ու մյուսները… Հիշեք՝ ինչ պատահեց գնդապետ Ղորղանյանի, Համազասպի հետ… Փետրվարյան ապստամբությունը ճանապարհ էր Հայաստանը արյունահեղությունից փրկելու համար: Ճիշտ է, 42 օր հետո իշխանությունը խաղաղ հանձնեցին, բայց հետեւանքը եղավ այն, որ անգամ Ռուսաստանում ցնցվեցին տեղի ունեցածից, եւ դեռ Լենինն էլ կշտամբանքով ասաց՝ մեր ընկերները Կովկասում տեղական առանձնահատկությունները հաշվի չէին առել: Կարեւորը՝ հնարավոր եղավ կանգնեցնել այն ընթացքը, որ սկսել էին մոլեռանդները: Լավ էր գոնե հետո ավելի ազգային մարդիկ եկան իշխանության, եւ իրավիճակը որոշակիորեն փոխվեց»,- պատմական դեպքերն այսպես գնահատեց Ա. Շահբազյանը: