Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փետրվար 18,2009 00:00

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիբ Էրդողանը թուրքական պաշտոնաթող դիվանագետների հետ հանդիպման ժամանակ կոպտորեն ծաղրել է իր զրուցակիցներին, երբ վերջիններս վարչապետին զգուշացրել էին, որ Դավոսում տեղի ունեցած միջադեպի պատճառով Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կարող են փչանալ: Ինչպես գրում է «Հուրիեթ» թերթը, Էրդողանը նախկին դիվանագետներին արհամարհական դիմեց «mon cher» ֆրանսիական բնորոշմամբ եւ նկատեց, որ իրենք խոսում են տարբեր լեզուներով:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի փոխնախագահ, նախկինում դիվանագետ Օնուր Օմենը հայտարարել է, որ վարչապետը լուրջ սխալ է գործել. «Թուրքիայի ժողովուրդը մեծ գին է վճարում կառավարության համասամետ քաղաքականության համար, վաղն այդ գինը կարող ավելի բարձր լինել: Արտաքին քաղաքականության մեջ պետք է 3 անգամ մտածել՝ խոսելուց առաջ»: Նա ավելացրել է նաեւ, որ այն մարդը, որը վրդովմունք է արտահայտում, սովորաբար պարտություն է կրում: Ավելի վաղ Իսրայելի ցամաքային զորքերի հրամանատար Ավի Միզրախին, մեկնաբանելով Դավոսում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, հիշեցրել էր նրան հայերի ցեղասպանության, Կիպրոսի մի մասի բռնազավթման եւ քրդերի նկատմամբ ճնշումների մասին: Միզրախին հայտարարել էր, որ իր ողջ պատմության ընթացքում Թուրքիան պատերազմներ էր վարում, արյուն էր թափում, սպանում էր, իսկ հիմա այդ երկրի վարչապետը մեղադրանքներ է առաջադրում Իսրայելի դեմ: Դրանից հետո Անկարայում Իսրայելի դեսպանը հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել: Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ Միզրախին արտահայտում էր իր սեփական, այլ ոչ թե բանակի տեսակետը:

ԱՄՆ-Ը ԹԵՔՎԵՑ ԴԵՊԻ ՉԻՆԱՍՏԱՆ

ԱՄՆ նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսել է իր առաջին դիվանագիտական ուղեւորությունը՝ այդ պաշտոնում: Նա ուղեւորվելու է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ինչը խորհրդանշելու է Բարաք Օբամայի վարչակազմի նոր մոտեցումը միջազգային քաղաքականությանը: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, պետքարտուղարության նոր ղեկավարը հասկացնել տվեց, որ իր գերատեսչության քաղաքականության մեջ այլեւս առաջնային չի լինելու երիտասարդ ժողովրդավարություններին սատարումը: Ըստ Քլինթոնի՝ իր ջանքերն ուղղվելու են առաջին հերթին Չինաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությանը, որը նոր տնտեսական հեռանկարներ է բացում: «Ոմանք կարծում են, որ ուժեղ Չինաստանն արդեն ի սկզբանե մեր հակառակորդն է,- ասում է Քլինթոնը,- սակայն մենք, հակառակը, կարծում ենք, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը կարող են շահել՝ օգտվելով միմյանց հաջողություններից: Եվ ավելին, կարող են իրար օգնել այդ հաջողությանը հասնելու համար»: Թերթը նշում է, որ Բուշի վարչակազմի ժամանակ առաջնահերթ էր Միջին Արեւելքը, եւ այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը առաջին հերթին ուղեւորվեց Եվրոպայի որոշ երկրներ, իսկ այնուհետեւ՝ Իսրայել եւ Պաղեստինյան ինքնավարություն: Այժմ Քլինթոնն այցելելու է Ճապոնիա, Ինդոնեզիա, Հարավային Կորեա եւ Չինաստան: Ռուսաստանյան փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի գլխավոր հետաքրքրությունն այն է, որ Չինաստանը ամերիկյան արժեթղթերի գլխավոր գնորդն է եւ այդպիսով կարող է որոշ չափով ապահովել այդ երկրի տնտեսական կայունությունը, սակայն Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները չեն կարող արմատապես բարելավվել, քանի որ բազմաթիվ են հակասությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների եւ Թայվանի հարցերում:

ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԶԵՆՔԻ ԽՆԴԻՐԸ

Երկուշաբթի Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Մոհամադ Նաջարը սկսել է իր 3-օրյա այցը Ռուսաստան: Ըստ BBC-ի, փորձագետները չեն բացառում, որ Թեհրանը նորից կբարձրացնի S-300 հրթիռային համակարգերի գնելու խնդիրը: 2007 թվականին Ռուսաստանը մատակարարել է Իրանին Top-M1 համակարգերը, որոնք պաշտպանում են իրանական ռազմավարական օբյեկտները, առաջին հերթին Բուշեռում եւ Սպահանում գտնվող միջուկային կենտրոնները, որտեղ, որոշ արեւմտյան դիտորդների կարծիքով, իրականացվում է միջուկային զենքի մշակումը: Top-M1 համակարգը կարող է ոչնչացնել 12 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Մինչդեռ S-300-ը ընդունակ է ոչնչացնել հակառակորդի ինքնաթիռները 150 կմ տարածության եւ մինչեւ 27 կմ բարձրության վրա: Անցած տարվա դեկտեմբերի 21-ին իրանական աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը սկսել է S-300-ի որոշ տարրերի մատակարարումը, սակայն շուտով ռուսաստանյան կողմը հերքեց այդ տեղեկատվությունը, նշելով, որ զինվորականները պատրաստ են դա անել, եթե նման որոշում ընդունի երկրի ղեկավարությունը:

Երեկ ՌԴ իրավասու մարմինները հայտնեցին, որ այդ հարցում որեւէ փոփոխություն չի եղել, իսկ Իրանի պաշտպանության նախարարը նշեց, որ այդ թեմայով խոսելն առայժմ վաղաժամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել