Մայիսին՝ գիտաժողով ԵՊՀ-ում
Ինչպես հաղորդում է panorama.am կայքը, Երեւանի պետական համալսարանում մայիսի 11-15-ը տեղի կունենա ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հոբելյանական նստաշրջանը՝ նվիրված Երեւանի պետական համալսարանի 90-ամյակին: Գիտաժողովում ներառված կլինի 24 բնագավառ՝ սկսած աշխարհագրությունից, աստվածաբանությունից, երկրաբանությունից մինչեւ օտար լեզուներ եւ արտասահմանյան գրականություն: Գիտաժողովի կազմկոմիտեն նշում է, որ մասնակցության հայտերի քանակից կախված՝ կարող են փոփոխությունների ենթարկել գիտաժողովի ենթաբաժանմունքները: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների (կենտրոնների) բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն ու ասպիրանտները:
Հայ-թուրքական ճամբար
«ԱրմԻնֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ստերեոտիպերը կոտրելու համար Թուրքիայի Նեւշեհիր քաղաքում կազմակերպվել էր մեկշաբաթյա հայ-թուրքական ճամբար, որին մասնակցել են 80 թուրք եւ 20 հայ ուսանողներ: Ինչպես հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, միջոցառման նպատակն էր փորձել մերձեցնել երկու երկրների ուսանողներին եւ հաղթահարել հայ եւ թուրք հասարակությունների միջեւ գոյություն ունեցող նախապաշարումները: Ճամբարում անցկացվել են գեղարվեստական սեմինարներ, համերգներ, հրապարակային քննարկումներ եւ հանդիպումներ:
Միջոցառման վերջում ուսանողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվել է երկու հարեւան պետությունների հասարակությունների մերձեցման կարեւորության մասին: Նախագծի նախաձեռնողներն էին Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական կազմակերպությունը եւ «Ագոս» թերթը: Հայ-թուրքական երկխոսության զարգացման համար եւս մեկ քայլ է ձեռնարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդը՝ թույլատրելով բացել հայոց լեզվի ու գրականության երկրորդ ֆակուլտետը Կայսերի քաղաքի համալսարանում: Դժբախտաբար, Հայաստանի կրթության նախարարությունում առայժմ չի հաջողվել պարզել, թե Հայաստանի հատկապես որ բուհերի ուսանողներն են մասնակցել վերը նշված միջոցառմանը:
Ընդդեմ թրաֆիքինգի
Երեկ կայացավ «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի առաջին ազգային կոնֆերանսը: panorama.am-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է այն մասին, որ Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիրը Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն իրականացնում է 2008-ի նոյեմբերից: Ծրագրի նպատակն է մշակել եւ տարածել ուսուցողական նյութեր, որոնք կբարձրացնեն միգրացիայի, մարդկանց առեւտրի/թրաֆիքինգի վտանգների եւ առկա կանխարգելիչ միջոցառումների մասին իրազեկության աստիճանը դպրոցականների, ուսուցիչների եւ ծնողների մոտ:
Հատուկ մշակված դպրոցական ուսուցողական ծրագրով ուսուցիչները կվերապատրաստվեն մարդկանց թրաֆիքինգի ոլորտում եւ ստացած գիտելիքները կփոխանցեն իրենց գործընկերներին եւ 15-17 տարեկան աշակերտներին: Ըստ Ի. Տեր-Մինասյանի՝ հնարավոր է, որ ծրագրի ավարտին ՄԱԿ-ին հաջողվի երեք թիրախ երկրներում թրաֆիքինգի թեման ներառվի դպրոցական ծրագրերում: Կոնֆերանսին հրավիրված ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց. «Թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված քայլերից առաջնայինը իրազեկության բարձրացումն է: Շատ կարեւոր են այս թեմայով դպրոցներում դասընթացները, հեռուստահաղորդումները եւ բաց քննարկումները, ինչպես նաեւ տեղեկատվական գրքույկների տարածումը: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել մանկատների եւ հատուկ դպրոցների երեխաների իրազեկությանը, քանի որ նրանք սոցիալապես անապահով, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, կամ չքավոր ընտանիքից են»: «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի տեւողությունը երեք տարի է՝ 2008-ի նոյեմբերից մինչեւ 2010թ. հոկտեմբերը:
Տաջիկը մեղադրվում է անչափահասի սպանության մեջ
«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Պերմում ձերբակալվել է Տաջիկստանի մի քաղաքացի, որին մեղադրում են 6-րդ դասարանի մի աշակերտուհու բռնաբարելու եւ սպանելու մեջ: Դեռ փետրվարի 13-ից ոստիկանության կողմից փնտրվող աղջնակի խոշտանգված եւ խեղդամահ արված մարմինը գտել են փետրվարի 16-ին՝ անտառում: Աղջնակի սպանության մեջ կասկածվող տաջիկի անունը չի հայտնվում: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել է, որ աղջկա անունը Օլեսյա էր, նա ընդամենը 12 տարեկան էր:Ըստ այս թերթի՝ աղջկա անհետացումից անմիջապես հետո, դեռ մինչեւ նրա մարմինը հայտնաբերելը, բռնել էին մի 29-ամյա տաջիկստանցու, որը Օլեսյայենց բնակարանն էր վերանորոգում: Սակայն շուտով նրան բաց էին թողել՝ ապացույցների անբավարարության պատճառով: Փետրվարի 17-ին կալանավորվածը այդ նույն տաջիկն է, թե մեկ այլ՝ դեռ պարզ չէ: Ըստ նախաքննության՝ Օլեսյան բռնաբարվել եւ սպանվել էր այն բանից հետո, երբ ինչ-որ մարդ նրան կանչել էր անտառ՝ սահնակ քշելու:
Լավագույնը Լինկոլն է
Ամերիկյան C-SPAN հեռուստաընկերությունը հարցում է անցկացրել ԱՄՆ նախագահների պատմության վրա մասնագիտացող 65 պատմաբանների շրջանում եւ պարզել, որ ԱՄՆ ողջ պատմության մեջ լավագույն նախագահը Աբրահամ Լինկոլն է՝ «Ազնիվ Էյբը»: Լինկոլնից հետո հնգյակում տեղ են զբաղեցրել Ջորջ Վաշինգտոնը, Ֆրանկլին Ռուզվելտը, Թեոդոր Ռուզվելտն ու Հարի Թրումենը: ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ երկրորդը այդ ցուցակում վերջից յոթերորդ տեղում էր: Այդ ցուցակը 42 հոգանոց էր, քանի որ նախագահներից մեկը՝ Գրովեր Քլիվլենդը, երկու անգամ է դարձել նախագահ. նա ԱՄՆ 22-րդ ու 24-րդ նախագահն է: Հարկ է նշել, որ պատմաբանների կարծիքը չի համընկնում հանրային կարծիքի հետ: Վերջերս հրապարակված «Գելափի» հարցման արդյունքում, որին մասնակցել են ԱՄՆ շարքային քաղաքացիները, ԱՄՆ լավագույն նախագահ է համարվել Ռոնալդ Ռեյգանը, իսկ Լինկոլնը եւ Ջոն Քենեդին հայտնվել են 2-3-րդ տեղերում: Պատմաբանների կազմած ցուցակում Ռեյգանն ընդամենը 10-րդն էր: