Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴԺԳՈՀ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ»

Փետրվար 18,2009 00:00

\"\"Պարսիկ ուսանողը՝ հայաստանյան կյանքի մասին

«Ավելի շատ անհանգստանում եմ Հայաստանի համար, քան հայրենիքիս՝ Իրանի»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամադի Մոհամադը:

«Առավոտի» զրուցակիցը մեծագույն երջանկություն է համարում այն, որ անձը գումար է վաստակում իր մասնագիտությամբ, ինչը մեր երկրում դեռ հասու չէ Սամադիին: «Չնայած մասնագիտությունս առնչվում է կենսատեխնոլոգիական հետազոտություններին, ինչը համեմատաբար նոր զարգացող ոլորտ է գիտության մեջ, սակայն այժմ գումար եմ վաստակում շինարարության միջոցով»,- պատմեց Սամադին:

Մեր զրուցակիցը ծնվել է Թեհրանում, ընդունվել տեղի համալսարան՝ լեզվաբանություն մասնագիտությամբ, բայց ցանկացել է ուսումնասիրել կենսատեխնոլոգիա, եւ տեսել, որ ամենահարմար տարբերակը Հայաստանն է: «2003-ին եկա ձեր երկիր, այն հարմար էր եւ ֆինանսական առումով, եւ պայմանների, ժողովրդի վարքուբարքի տեսանկյունից: Սկզբում հայերեն չգիտեի, ուստի հաճախեցի նախապատրաստական կուրս, 3-4 ամսվա ընթացքում սովորեցի հայերեն»,- հայտնեց Սամադին: Զրուցակիցս 7 լեզու գիտի՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն եւ հայերեն: Բայց հայերենը, ըստ նրա, նման չէ որեւէ այլ լեզվի. «Այն լրիվ անծանոթ մի բան էր ինձ համար. տառերը, հնչյունները, բայց բախտս բերեց, քանի որ լավ դասախոս ունեի: Թե չէ՝ մինչեւ լեզու սովորելը ահավոր դժվար էր շփվել տեղացիների հետ»: Այժմ Սամադին ավելի գրական եւ սահում է խոսում հայերեն, քան շատ հայաստանցիներ: Պարսիկ ուսանողը ներկայումս մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, ամուսնացել հայուհու՝ Հասմիկի հետ:

Երբ Սամադին խոսում էր հայերի մարդկային առանձնահատկությունների մասին, նշեց, որ իր եւ արտասահմանցի ընկերների կարծիքով՝ հայերի հետ դժվար է մտերմություն անելը, քանի որ նրանք արտասահմանցիներին մի տեսակ չեն ընդունում, վախով են նայում, ինչի պատճառը հայերի անվստահությունն է: Իսկ մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է հայուհու հետ ամուսնացել, Սամադին պատասխանեց. «Դա գալիս է նրանից, որ կինս մեծ ինտելեկտի տեր անձնավորություն է: Ես նրա մեջ ոչ թե պարսկուհու, այլ իսկական հայուհու եմ տեսնում»:

Սամադին ծրագրում է ԵՊՀ-ում ուսումը շարունակել նաեւ մագիստրատուրայում, բայց ասպիրանտուրան հավանաբար կանցկացնի այլ երկրում: Պատճառը հետեւյալն է. «Հայաստանում գործարարները կարեւոր տեղ չեն տալիս գիտությանը, իրենք իրենց մեթոդներով են աշխատում, չեն ցանկանում գիտության մեջ ներդրումներ անել»: Պարսիկ երիտասարդը «Առավոտի» հետ զրույցում հայերին եւ պարսիկներին՝ իրենց ազգային առանձնահատկություններով հանդերձ, փորձեց դնել կշեռքի երկու նժարների վրա. «Երկու ազգերի նմանությունը արեւելյան ոճի մեջ է: Ամեն ինչից դա երեւում է. փողոցներից, ժողովրդի հարաբերությունների մեջ, անգամ խոհանոցում: Բայց Հայաստանում շատ բաներ իրենց տեղում չեն եւ կենցաղում, եւ գիտության մեջ, եւ այլ հարցերում: Հայաստանում ժողովրդի կենսակերպը վերջին տարիներին մի փոքր ավելի հարմարավետ է դարձել, մինչդեռ, երբ նոր էի եկել Հայաստան, Երեւանում շատ տներ կային, որ նույնիսկ տաք ջուր չունեին: Ցավոք, հայերը նախկինի պես չեն ձգտում պարզ կյանքի, պարսիկների նման սկսել են ճոխություն սիրել, ինչը երեւում է թե հագուկապից, թե մեքենաների մակնիշներից: Դա երեւի կապիտալիզմի ազդեցությունն է»: Չնայած Հայաստանում պարսիկների հանդեպ կանխատրամադրվածություն կա, թե նրանք շողոքորթ են, «տակնահան», նույնիսկ տարածված ասույթ կա, թե «պարսիկները բամբակով վիզ են կտրում», սակայն Սամադին հայերի նկատմամբ վատ տրամադրված չէ. «Ձեր հայրենակիցները հետին մտքեր չունեն, արեւելյան ջերմություն կա նրանց մեջ: Մանավանդ հավանում եմ այն, որ նյութապաշտական այս ժամանակաշրջանում հայերը հավատարիմ են իրենց կրոնին»: Պարսիկ զրուցակիցս հատկապես տպավորված էր հայ կանանցից, նրա խոսքից հասկանալի էր, որ հայ տղամարդկանց այնքան էլ չի հավանել. «Հայ կանայք եւ տղամարդիկ կարծես տարբեր ազգերի ներկայացուցիչներ լինեն: Կանայք փափուկ են, ամեն ինչի հետ համակերպվող, բայց տղամարդիկ՝ կտրուկ: Հայ կանանց համար ընտանիքի դերը շատ մեծ է: Իսկ պարսիկների շրջանում ընտանեկան հարաբերությունների մեջ մի տեսակ մայրիշխանություն է նկատվում»: Երբ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիրներ ունի մեր երկրում, Սամադին պատասխանեց. «Դասախոսներիցս շատ գոհ եմ, պարզապես համալսարանում հին գիտելիք է տրվում, նոր գիտություն համարյա չկա: Օրինակ՝ ես ուսմանս ընթացքում անցել եմ այնպիսի բաներ, որոնք գիտեի դպրոցական դասագրքերից եւ առանց պարապելու՝ քննությունից հինգ եմ ստացել: Եթե ուսանողը ունի ինֆորմացիոն աղբյուրներ՝ առաջ կգնա, եթե ոչ՝ նմանվում է 50 տարի առաջվա ուսանողին: Պատճառը համալսարանի ծրագրերի մեջ է, եթե ռեկտորը ցանկանա՝ այդ խնդիրը կլուծի գիտական խորհուրդների միջոցով»: Երբ խոսեցինք ՀՀ քաղաքական կյանքի մասին, Սամադին ասաց. «Ամենաշատը դժգոհ եմ Հայաստանի Ազգային ժողովից: Այն ազգի պաշտպանը պիտի լիներ, բայց այժմ չեզոք դիրքում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել