Հայերին ոտքի է հանում միայն գերխնդիրը
Անհնար է այլեւս հանդուրժել ողորմելի երկրի վերածվելու մեզ պարտադրած դավադրությունը: Մեծագործությունների կարոտ այս ֆոնի վրա աններելի ազգադավություն է քաղաքական դաշտի քիթ քչփորելուն համարժեք գործունեությունը, ժանտախտի պարագայում իշխանական համակարգի պարզունակ կենդանական խրախճանքը: Դեռ որքան կարելի է շարունակել այս ինքնագոհ մանկամիտ խաղը, ֆիգուրներն ի սկզբանե սխալ շարած եւ վաղուց տանուլ տված շախմատային այս պարտիան: Մեր աննախադեպ անկմանն ի հակակշիռ, մեզնից պահանջվում է խիզախման աննախադեպ համարժեքը:
Նախ՝ մի դիտարկում-հիմնադրույթ, հայ մարդու ընդհանրական նկարագիրը բնութագրող խիստ էական մի ֆենոմեն-առանձնահատկություն, ինչն ընկած է ներկայացվող առաջարկի հիմքում: Անարդարությունը, թշվառությունը, ստորացումը հային չի կարող ըմբոստացնել. ընդհակառակը՝ ընկճում է, հուսահատեցնում, դառնում պատրվակ՝ օտար երկրներում Հայրենիք որոնելու:
Հային ոտքի է հանում, ի գործ մղում ոգեշունչ գաղափարը, իր առջեւ ծառացած Գերխնդիրը: Վկայությունները բազում են, ապացույցները՝ անվիճարկելի: Դրանում կարելի է համոզվել ոչ միայն պատմական հիշողությամբ, այլեւ վերջին շրջանում մեզ իսկ բաժին հասած փորձություններով… Ավելին՝ ասվածի վկայությունը յուրաքանչյուրս կարող է տեսնել իր իսկ հոգեկերտվածքում…
Ի՞նչն է խանգարում, որ այսօրվա տագնապալի մարտահրավերներին հակադրենք մեր խիզախ ասելիքը, մեր ազնիվ որակները սնող, առաքելության կոչող Գերխնդիրներ:
Մեզ պարտադրած «անցումային» հորջորջվող չնչին պրոբլեմները, մի քանի օրվա ճանապարհը քառասուն տարում անցնելու հրեական մոդելը, թերեւս՝ թելադրանքը, անհարիր, կործանարար են հայ նկարագրին: Ո՞ւր է ուրույն Հայ Միտքը: Ո՞րն է մեր ներկայությունը աշխարհում: Եղերական անդառնալի կորուստներից, մեծագույն զոհողություններից կծկված, զոհասեղանի վերածված այսօրվա մեր բաժին հայրենիքում մեզ ուղղված մարտահրավերները ոչ թե հերթական զոհողությունների առիթ պիտի դառնան, այլ՝ առիթը սթափվելու, մեր հերթին քաղաքակիրթ աշխարհին հակադարձելու մեր արժանապատիվ մարտահրավերը:
Մենք դատապարտված ենք մեր առջեւ դնել թեկուզ եւ ֆանտաստիկ… եւ հատկապես՝ ֆանտաստիկ, այսօր իսկ առաքելության կոչող Գերխնդիրներ… Այն է՝
– Միջազգային քաղաքակիրթ հանրությանը ներկայանալ որպես նրանց իսկ իդեալները կրող օրինակելի երկրի մոդել… որպես իրենց իսկ փրկության արժանավայել չափանիշ:
– Երկրում հռչակել ժողովրդավարության եւ բարոյական նորմերի մի չափանիշ, որը հասու չէ մեզ քաղաքակրթության նորմեր թելադրող արեւմուտքին անգամ:
– Եթե ոչ մի երկրում հնարավոր չէ լիարժեք արդար ընտրություններ, մեզ հպարտություն պիտի ներշնչի, որ մենք միակն ենք… միակն ենք, որ ունենք 100% կաշառազերծ, քրիստոնեավայել երկիր… արդարության եւ արդարադատության կղզյակ:
Մի կողմ վանենք հեգնական ժպիտը, օտարածին թերահավատության բարդույթը, պեղենք մեր մեջ մեծագործության մղող արժանապատվության նշույլները:
Կիսալուծումներ գոյություն չունեն: Սա նաեւ ազգային անվտանգության երաշխիք է, քաղաքակիրթ աշխարհի շահագրգիռ հետաքրքրությունը շահելու հրաշալի հնարավորություն:
Ներկա պահը ընկալում ենք որպես արժանավայել Հայրենիք ունենալու գուցե եւ վերջին հնարավորություն, ինչին հարկ է նվիրվել օրհասականի անհրաժեշտությամբ: Թվում է, միայն այս կերպ կարելի կլինի առաքելություն կրող երկիր կայացնել, հուսահատ այս իրողությանը հավատ, վերածննդի շունչ հաղորդել, խառնել մեր ապագան վտանգող դավադիր հաշվարկները: